ՀՀ-ն կարող է զրկվել ԵԽ-ում քվեարկության իրավունքից

18/04/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Այսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի նախագիծը, որը նախատեսում է նաեւ վեհաժողովում հայաստանյան պատվիրակության քվեարկելու իրավունքի դադարեցման հնարավորությունը:

Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցի համահեղինակ Ջոն Պրեսկոտը վստահեցրել է, որ շատ հարցերի պատասխաններ տալու է այսօրվա քննարկման ժամանակ: «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, թե` դժբախտաբար «պատկերը» հստակ չէ, քանի որ «մի կողմը մեղադրում է, մյուսը` արդարանում»: Չնայած սրան` նա ասել է, թե «զեկույցի քննարկումը կլուսաբանի» այդ բոլոր հարցերը:

«ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ ընտրությունների արդյունքները ճիշտ էին: Ես իրավունք չունեմ ասելու` այդպես չէ,- ասել է նա։ -Մարտի 1-ը սարսափելի ողբերգություն էր, որ տեղի ունեցավ: Դա լուրջ մտահոգվելու առիթ է Հայաստանի համար»: Ըստ Ջ.Պրոսկոտի, Հայաստանը կարող է փոփոխություններ կատարել օրենքներում, որի մի մասում արդեն արել է, սակայն ամենակարեւորը` վստահության վերականգնուն է: «Երկխոսությունը կարեւոր կլիներ Հայաստանի համար: Ժողովրդավարության դեպքում ընդդիմությունը հարցերը բարձրացնում է խորհրդարանում, իսկ Հայաստանի ընդդիմությունը` չունենալով այդ հնարավորությունը, դուրս էր եկել փողոց»,- ընդգծել է նա` տեղեկացնելով, որ այդ մասին եւս այսօրվա նիստում անդրադարձ լինելու է:

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի բանաձեւի՝ նախագծի համահեղինակներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն Հայաստանին հորդորում են վերջ դնել ներկա ճգնաժամին եւ առաջ շարժվել ներկայացված հրատապ բարեփոխումներով. «Առաջինը, անհապաղ պետք է իրականացնել անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, ինչպես նաեւ` այն պատճառների, որոնք հանգեցրին այդ ամենին` ներառյալ Ոստիկանության կողմից ենթադրյալ անհամաչափ ուժի կիրառումը: Երկրորդ, ընտրություններից հետո ձերբակալված ընդդիմության բոլոր կողմնակիցներին, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներին ներկայացված բոլոր մեղադրանքները պետք է հանվեն` եթե այդ մարդիկ հանցանք չեն կատարել: Ինչպես նաեւ` ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր ձերբակալվել են ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով: Երրորդ, «Հանրահավաքների, երթերի, ցույցերի մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունները, որոնք հակասում են եվրոպական չափանիշներին, պետք է անհապաղ փոխվեն»:

Ըստ բանաձեւի` եթե այս պայմանները չկատարվեն եւ Հայաստանի քաղաքական ուժերի միջեւ լուրջ երկխոսություն չսկսվի, բարեփոխումների շուրջ, ապա Հայաստանի` որպես Եվրոպայի խորհրդի անդամի վստահելիությունը կդրվի կասկածի տակ: Մասնավորապես, Մոնիտորինգի հանձնաժողովի կարծիքով` «Խորհրդարանական վեհաժողովը պետք է քննարկի Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության քվեարկելու իրավունքի դադարեցման հնարավորությունը հունիսյան նստաշրջանում` եթե էական առաջընթաց չգրանցվի այս պահանջների հետ կապված»:

Հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է, թե քվեարկելու իրավունքի դադարեցումն ինչպիսի հետեւանքներ է ենթադրում. «Մենք այստեղ չենք ունենա հնարավորություն քվեարկելու, չենք ունենա հնարավորություն ելույթներ ունենալու, խորհրդակցական, այսպես ասած, ձայնով կարող ենք մասնակցել հանձնաժողովների աշխատանքներին եւ այլն»: Ա. Ռուստամյանի հավաստմամբ` սա, ըստ էության, նշանակում է՝ զրկել վճռական քվեարկությունների իրավունքից: «Մենք ունենք չորս այդպիսի ձայն: Ես կարծում եմ, բոլոր հիմքերը կան, որ մենք կարողանանք մինչեւ հունիսյան նստաշրջանը նշանակալից քայլեր իրականացնել այդ ուղղությամբ եւ խուսափել այդ սանկցիայից»,- ասել է Ա. Ռուստամյանը:

Նշենք, որ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը դատապարտել է նաեւ «դատական ոչ ադեկվատ վերահսկողությամբ մի շարք անձանց, այդ թվում նաեւ՝ ընդդիմության 100-ից ավելի աջակիցների, ինչպես նաեւ՝ խորհրդարանի 3 պատգամավորների» ձերբակալությունները: «Թվում է, թե քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ են ներկայացված»,- արձանագրված է զեկույցում:

Հ.Գ.
Երեկ ԵԽ ԽՎ «Եվրոպական ժողովրդական կուսակցություն-Քրիստոնեա-դեմոկրատներ» խմբակցության նիստում քննարկվել է նաեւ «Հայաստանի դեմոկրատական հաստատությունների գործունեության մասին» զեկույցը: Քննարկման ժամանակ խմբակցության ղեկավար բելգիացի Լուի Վան դեն Բրանդն ադրբեջանցի պատվիրակին նկատողություն է արել` հորդորելով քննարկումը չվերածել հայ-ադրբեջանական հարաբերությունների պարզաբանման: Ըստ «Ա1+»-ի` ադրբեջանցի պատվիրակը վերհիշել է ղարաբաղյան հակամարտությունը, ադրբեջանցի փախստականների վիճակը եւ այլն: