Կինոգործիչները հավաքվում են Կաննում

13/05/2005

Մայիսի 11-ին բացվելու է Կաննի հեղինակավոր միջազգային փառատոնը: Այս
տարվա փառատոնի ժյուրիի նախագահը լինելու է հայտնի բոսնիացի ռեժիսոր Էմիր
Կուստուրիցան: «Ես ցանկություն ունեմ այս փառատոնի սրտի կենտրոնում
տեղադրել էսթետիկան»,- ասել է նա: Այս տարի փառատոնին ներկայացված ֆիլմերի
թիվը ռեկորդային էր՝ 1500: Ինտելեկտուալ կինոյի մեծ վարպետ Ջիմ Ջարմուշը
փառատոնում կներկայացնի իր նոր՝ «Ջարդված ծաղիկները» ֆիլմը, որում գլխավոր
դերերը կատարել են Բիլ Մյուրեյը եւ Շերոն Սթոունը: Նոր պրովոկացիոն ֆիլմ է
ներկայացրել նաեւ դանիացի Լարս Ֆոն Տրիերը: Իր «Մանդերլեյ»-ը նախորդ՝
«Դոգվիլ» ֆիլմի նման նկարահանված է գրեթե առանց դեկորացիաների, կավճով
նշված սահմանագծերով, իսկ դերասանների մեծամասնությունը սեւամորթներ են:
Ֆիլմի թեման ռասիզմն է: «Կարծում եմ, իմ ֆիլմը կհաշտեցնի սեւամորթներին
Կու Կլուս Կլանի հետ, բայց եւ առաջինները, եւ երկրորդները դրա համար
ինձանից դժգոհ կլինեն»,- ասել է ռեժիսորը: Կաննի փառատոնը փայլելու է
հայտնի անուններով՝ Վիմ Վենդերս, Դեյվիդ Կրոնենբերգ, Վուդի Ալեն:
Կազմկոմիտեն նշել է, որ այս տարի շատ են ասիական եւ լատինաամերիկյան
ֆիլմերը: Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Ինչ է թաքցնում ճշմարտությունը»
ֆիլմը հոգեբանական թրիլեր է, իսկ հնարքների վարպետ Ռոբերտ Ռոդրիգեսի
«Մեղքի քաղաքը»՝ կինոկոմիքս: Իսկ փառատոնի ավարտին ՝ մրցույթից դուրս
կցուցադրվի ամերիկացի կինոտիեզերավիպասան Ջորջ Լուկասի «Աստղային
պատերազմները» եռապատումի ավարտական մասը: Կլինեն նաեւ բացօթյա
կինոդիտումներ: Հայ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Մարիամ» ֆիլմը մրցույթին
չի մասնակցի: