Զինվոր եք դուք

18/04/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ԱԳՆ ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդուարդ Նալբանդյանին: Ընդգծելով այն փաստը, որ ապրիլի 13-ի իր երկու հրամանագրերով նշանակվել են պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, Սերժ Սարգսյանն ասել է, թե դա, իհարկե, զուգադիպություն էր, սակայն այն նաեւ խորհուրդ ունի: «Ես համարում եմ, որ յուրաքանչյուր երկրի դիվանագետ, իսկ Հայաստանի պարագայում մանավանդ, իր երկրի առաջամարտիկն է, իր երկրի զինվորը, սպան, գեներալը եւ ոչ պակաս պատասխանատվություն է կրում Հայաստանի սահմանների անառիկության, անվտանգության համար: Ես հորդորում եմ մեր դիվանագետներին` մշտապես հիշել եւ ղեկավարվել այս սկզբունքով»,- ասել է նա: Ս. Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Վարդան Օսկանյանին, ասելով, որ նա 10 տարի ղեկավարելով ՀՀ ԱԳՆ-ն, այդ ընթացքում «արժանապատվորեն եւ արժանավայել ներկայացրել է մեր երկիրն աշխարհին: ՄԱԿ-ի ամբիոնից, միջազգային կառույցներում, երկկողմ հարաբերություններում»: