Ի պաշտպանություն վահանների

18/04/2008

Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների» կապակցությամբ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել եւս 2 քրեական գործ: ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») այս անգամ մեղադրվում են Ավետիք Ներսիսյանն ու Խաչիկ Գասպարյանը: Իսկ քաղաքացի Հարություն Մկրտչյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով («Զանգվածային անկարգությունները») նախատեսված հանցագործություն կատարելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Հ. Մկրտչյանը մեղադրվում է այն բանի համար, որ մարտի 1-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Գր.Լուսավորիչ փողոցում՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, «հայհոյանքներ է տվել նշված վայրում հասարակական կարգի պահպանության գծով ծառայություն իրականացնող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկաններին, վերջիններիս ուղղությամբ նետել քարեր, դատարկ շշեր եւ ոտքերով հարվածել նրանց վահաններին»: