Մարդու իրավունքների ընդհանուր դրությունը եւ արտակարգ իրավիճակի ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով մարտի 5-ին հատուկ առաքելությամբ ՀՀ կառավարության հրավերով Հայաստան էր ժամանել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Փետրվարի 19-ին հաջորդած հետընտրական զարգացումներին վերաբերող նրա զեկույցը մարտի 12-15-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն` երբ դեռ Երեւանում գործում էր արտակարգ դրության ռեժիմը:
Թ. Համմարբերգը իր զեկույցում հիմնականում ուշադրություն է դարձրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ազատությունների եւ իրավունքների (հատկապես՝ հավաքների, արտահայտվելու, ինչպես նաեւ՝ տեղեկատվություն ստանալու ազատությունների) վրա արտակարգ իրավիճակի ազդեցությանը: Նա նաեւ ուսումնասիրել է մարտի 1-ին տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանական ուժերի կողմից «անհամաչափ ուժի կիրառման եւ ցուցարարների կողմից բռնությունների վերաբերյալ մեղադրանքները»:
Հանձնակատարն իր զեկույցում մեջբերելով ԵԽ ԽՎ եւ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների միասնական հայտարարությունը, թե` ՀՀ նախագահական ընտրությունները «հիմնականում անցկացվեցին ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշների համաձայն», ընդգծել է, որ ԺՀՄԻԳ-ի իրականացրած ԶԼՄ-ների մոնիտորինգը ցույց է տվել, որ հեռարձակող տարբեր լրատվամիջոցներով Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին լուսաբանումը պարունակել է բազմաթիվ քննադատական ակնարկներ, մինչդեռ մյուս 8 թեկնածուները ներկայացվել են ընդհանուր առմամբ դրական կամ չեզոք կերպով: «Գրեթե բոլոր հեռարձակող լրատվամիջոցները պարոն Սարգսյանին ներկայացրել են առավել նպաստավոր արտահայտություններով, քան մյուս բոլոր թեկնածուներին: Հեռարձակող լրատվամիջոցների լրատվական ծրագրերի մեծամասնությունը գրեթե ամբողջովին անտեսել են հեռարձակել պարոն Սարգսյանի եւ գործող նախագահի հասցեին պարոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած քննադատական ակնարկները: Հանձնակատարի որոշ զրուցակիցներ նույնիսկ նշել են, որ իշխանամետ լրատվամիջոցները պախարակում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին»:
Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին, մասնավորապես՝ ՀՀ Ոստիկանության այն պնդմանը, թե իրենք մարտի 1-ին որոշել էին խուզարկություն իրականացնել Ազատության հրապարակում, որտեղ արդեն 9 օր շարունակ խաղաղ հանրահավաքներ էին անցկացվում, Թ. Համմարբերգը մեջբերել է իր հետ ունեցած հանդիպման ժամանակ Ոստիկանության պետի այն բացատրությունը, ըստ որի՝ Ոստիկանությունը տեղեկատվություն էր ստացել, որ ցուցարարները զինվում են զենք ու զինամթերքով։ «Մեղադրանք, որը ցուցարարները հերքում են»,- ընդգծել է հանձնակատարը: Ոստիկանության պետը Համմարբերգին ասել է, թե իրենց առաջնային նպատակն էր՝ ցուցարարներին քաղաքի մեկ այլ վայր տեղափոխելը` «հանրային տրանսպորտի աշխատանքը խոչընդոտող եւ քաղաքի սանիտարահիգիենիկ դրությանը սպառնող խնդիրներից խուսափելու նպատակով»: Ըստ զեկույցի` մի քանի զրուցակիցների տված տեղեկությունների համաձայն, խուզարկումը սկսվել է կիրակի օրը վաղ առավոտյան` մոտավորապես 6:30-ին: «Երկու կողմերի համաձայն, նույն առավոտյան ժամանակավոր համաձայնություն էր կարծես ձեռք բերվել հանրահավաքը տեղափոխել եւ թույլատրել այն շարունակել կամ Մյասնիկյանի արձանի առջեւ, կամ էլ` երկաթուղային կայարանի մերձակայքում: Այնուամենայնիվ, կարծես այդ որոշման մասին համապատասխան կերպով ցուցարարներին չէին տեղեկացրել իրենց առաջնորդները` մասնավորապես պարոն Տեր-Պետրոսյանը, ում այդ ժամանակ արգելում էին լքել իր բնակարանը: Ցուցարարներն սկսեցին շարժվել Ֆրանսիայի եւ ՌԴ դեսպանատների ուղղությամբ` ակնհայտորեն ենթադրելով, որ նշված վայրերում հանրահավաք անցկացնելն անվտանգ կլինի: Հարակից փոքր փողոցներում լուրջ բախումներ տեղի ունեցան, եւ 8 անձ մահացավ»,- ասված է զեկույցում:
Ուշագրավ է զեկույցի նաեւ այն հատվածը, ըստ որի` մարտի 1-ին Ոստիկանության ու անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ «կարծես առնվազն 3 առանձին բախումներ» են տեղի ունեցել: Հանձնակատարին ցույց են տվել դեպքերին վերաբերող մի քանի տարբեր լուսանկարներ եւ տեսաերիզներ, որոնցից, ըստ զեկույցի` պարզ է դառնում, որ Ոստիկանության եւ անվտանգության ուժերն «անհամաչափ ուժ են գործադրել»: Հանձնակատարի դիտարկմամբ` դրա մասին է նաեւ վկայում բռնությունների հետքերով, ուղեղի ցնցումներով եւ գլխի բաց վերքերով հիվանդանոցներում գրանցված եւ կալանավայրերում գտնվող վիրավոր անձանց թիվը, որոնց մեջ եղել են նաեւ պատահական անցորդներ: Ավելին, ըստ էության, հանձնակատարը նույնպես կասկածի տակ է դնում վիրավորների վերաբերյալ հայտարարված պաշտոնական տվյալները, ընդգծելով. «Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների համաձայն, վիրավորված քաղաքացիների պաշտոնապես հայտարարված թիվը կարող է ամբողջական պատկերը չարտացոլել, քանի որ մարտի 1-ին հիվանդանոցները եւ բժշկական կլինիկաները վիրավորներին չէին ընդունում»: Բացի այդ, հանձնակատարին տեղեկացրել են, որ դեպքեր են եղել, երբ հիվանդանոցից դուրս գրված անձանց անմիջապես ձերբակալել են: Թ. Համմարբերգը նաեւ փաստել է, որ որոշ ցուցարարների կողմից Ոստիկանության եւ անվտանգության ուժերի դեմ «բռնի արարքներ» կատարվել են Ոստիկանությունից պաշտպանվելու նպատակով: «Կարծես հստակ է, որ ցուցարարներից ոմանք իրոք բռնի արարքներ են գործել Ոստիկանության եւ անվտանգության ուժերի դեմ, ինչպես օրինակ` քարեր շպրտելը, ինքնաշեն փայտե կամ երկաթե մահակների օգտագործումը՝ Ոստիկանությունից պաշտպանվելու նպատակով: Որոշ ցուցարարներ նաեւ մեքենաներ եւ ավտոբուսներ են հրկիզել: Վիրավորված ոստիկանների եւ ծառայողների մեծամասնությունը ոտքերի ներքեւի հատվածում մետաղական իրերից ստացված բեկորային-քերծվածքային վնասվածքներ ունեին: Պարզ չէ` արդյոք այդ վնասվածքների պատճառ են հանդիսացել ինքնաշեն ռումբե՞րը, ձեռքի նռնակնե՞րը, թե՞ բազմությունը հսկողության տակ պահելու նպատակով Ոստիկանության կողմից կիրառված զինամթերքը»,- ասված է զեկույցում: Նաեւ նշված է, թե գոյություն ունեն իրարամերժ եւ հակասական վարկածներ այն մասին, թե իրականում ինչ է կատարվել, ինչպես են զարգացել դեպքերը եւ ինչպես է իրավիճակն անկառավարելի դարձել: «Դժվար է այդ օրվա դեպքերի վերաբերյալ հստակ պատկերացում կազմել»,- նկատել է հանձնակատարը` հավելելով, թե ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է պարզաբանել, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել եւ ի՞նչն է հրահրել բռնությունների բռնկումը: «Երկու կողմերը դեպքերը բավականին տարբեր են ներկայացնում: Բացի այդ, մարդու իրավունքների տեսանկյունից անհրաժեշտ է հստակեցնել հիմնական փաստերը: Դա միայն հնարավոր կլինի անկախ, անաչառ եւ թափանցիկ ու ամբողջ բնակչության վստահությունը վայելող համապարփակ հետաքննության միջոցով: Կարծես անհրաժեշտ է վերանայել ցույցերի վերահսկման նպատակով Ոստիկանության կողմից կիրառվող ներկայիս մեթոդները, քանի որ լուրջ սխալներ են թույլ տրվել»:
Զեկույցում առանձին անդրադարձ կա նաեւ հայտարարված արտակարգ իրավիճակին: Ըստ Համմարբերգի ձեւակերպումների` ՀՀ-ում «ժամանակավորապես» կասեցվել են մարդու իրավունքները, իսկ ՀՀ կառավարությունը մարտի 3-ին ԵԽ Գլխավոր քարտուղարին ծանուցել է արտակարգ իրավիճակի ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից շեղումների մասին: «Ժամանակավորապես կասեցված մարդու իրավունքների թվում են ազատ շարժվելու ազատությունը, հավաքների ազատությունը, արտահայտվելու եւ տեղեկատվություն ստանալու ազատությունը»,- թվարկված է զեկույցում: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում հանձնակատարը եկել է այն եզրահանգման, որ արտակարգ իրավիճակի շրջանակներում նախատեսված մի քանի սահմանափակումներ ազդել են ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ ողջ երկրի վրա, քանի որ` հանրահավաքներին եւ ցույցերին վերաբերող սահմանափակումները կիրառվել են նաեւ մայրաքաղաքից դուրս այլ խոշոր քաղաքներում: Չնայած կառավարության ներկայացուցիչների պնդումներին, թե արտակարգ իրավիճակն անհրաժեշտ միջոց էր հանրապետությունում կարգ ու կանոնը վերականգնելու համար, այդուհանդերձ, հանձնակատարը նշել է, թե որոշ հարկադրված սահմանափակումներ չեն նպաստել ո՛չ հետընտրական եւ մարտիմեկյան իրադարձություններից հետո իրավիճակի կայունացմանը, ո՛չ հասարակության շրջանում առկա լարվածության մեղմացմանը, եւ ո՛չ էլ` ժողովրդավարական ինստիտուտների եւ գործընթացների ամրապնդմանը: Նա նաեւ ընդգծել է, թե ԶԼՄ-ների նկատմամբ այդ ընթացքում իրականացվող գրաքննությունը նպաստում էր բնակչության շրջանակում կատարվածի շուրջ ասեկոսեների եւ անհանգստության առաջացմանն այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր խթանել վստահությունը վերականգնելուն ուղղված քայլերը: «Այն փաստը, որ որոշ իշխանամետ լրատվամիջոցներ միտված էին պախարակելու ընդդիմությանը, մինչ ընդդիմադիր մամուլը չէր շրջանառվում, չէր նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը»,- ընդգծել է Թ. Համմարբերգը` հավելելով, թե մարտի 12-ին ԶԼՄ-ների մասով կատարված փոփոխությունները «չնչին ազդեցություն են ունեցել տեղեկատվության հոսքի եւ աղբյուրների բազմազանության» վրա, եւ գրաքննության մակարդակը կարծես փաստացի պահպանվել է:
Ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա փաստաբանների հետ ունեցած հանդիպումների ժամանակ հանձնակատարին տեղեկացրել են, որ Երեւան քաղաքում, ինչպես նաեւ հանրապետության այլ վայրերում որոշ ձերբակալություններ տեղի են ունեցել մինչեւ մարտի 1-ի հանրահավաքի ցրումը: ԱԱԾ ժամանակավոր ազատազրկման վայրում նա հանդիպումներ է ունեցել ձերբակալված 3 պատգամավորների եւ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ: «Նրանցից երկուսն ասել են, որ նախկինում մեծ ճանաչման են արժանացել ռազմական հակամարտություններում իրենց խիզախությունների համար եւ խիստ մտահոգված են իրենց նկատմամբ պետական դավաճանության մեղադրանքների առաջադրման առումով: Նրանք բոլորն ունեին փաստաբաններ, եւ նրանց ընտանիքները տեղեկացված էին նրանց գտնվելու վայրի մասին»:
Ի դեպ, Թ. Համմարբերգի դիտարկմամբ եւս` Լեւոն տեր-Պետրոսյանն այդ օրերին գտնվել է «փաստացի տնային կալանքի տակ»: «Լ. Տեր-Պետրոսյանը ներկայումս գտնվում է այնպիսի իրավիճակում, որը պետք է որակել որպես փաստացի տնային կալանք: Նա արտակարգ իրավիճակի վերահսկման պատասխանատվություն ունեցող իշխանությունների` մասնավորապես ԱԱԾ խիստ պաշտպանության ներքո է: Ոստիկանության պետի համաձայն, նա ազատ է դուրս գալու իր բնակավայրից, սակայն խիստ պաշտպանության ծառայությունը նրան կարող է ուղեկցել միայն անվտանգ վայրեր»: Հանձնակատարն այցելել է նաեւ մի քանի կալանավորների, որոնք պնդել են, որ ոստիկանները ոչ համաչափ ուժ են գործադրել ձերբակալությունների ժամանակ, եւ նրա մոտ տպավորություն է ստեղծվել, թե ծեծի դեպքեր են տեղի ունեցել ձերբակալությունների ժամանակ եւ բերման ենթարկվածներին տրանսպորտով այլ բաժանմունքներ տեղափոխելու ընթացքում: Մի քանի կալանավորներ էլ նշել են, որ բռնությունների են ենթարկվել հարցաքննությունների ժամանակ: Չնայած Դատախազության պնդումներին, թե ձերբակալվածների մեջ անչափահաս չկա, Համմարբերգի զեկույցում նշված է երկու անչափահասների մասին, որոնցից մեկն, ըստ զեկույցի` հոգեկան հիվանդ է եղել: Բավական ուշագրավ են նաեւ զեկույցի այն դրույթները, որոնք մեջբերվել են մեղադրյալների խոսքերից: Նշելով, որ ձերբակալվածների հանդեպ մեղադրանքներ առաջադրելիս դատախազներն օգտագործել են միօրինակ արտահայտություններ, զեկույցում նշված է, որ մեղադրյալներից մեկը որոշել է «բոյկոտել» մի դատավորի դատավարությունները, որն, ըստ նրա` պարզապես «կնքում էր» դատախազի ներկայացրած բոլոր միջնորդագրերը: Մեկ այլ կալանավոր էլ դատապաշտպանից հրաժարվելու իր որոշումը պատճառաբանել է նրանով, թե` «նրանք բոլորը կոռումպացված են: Կալանավորներից ոմանք ձեռնպահ են մնացել պետության կողմից տրամադրվող փաստաբանի ծառայություններից, քանի որ վստահ չեն եղել` արդյոք նրանք հավատարիմ կլինե՞ն իրենց, թե՞ հետամուտ կլինեն պետական իշխանությունների նպատակներին»: Մի դեպքում էլ` ձերբակալվածից սկզբում պահանջել են վկայի ցուցմունք տալ Գլխավոր դատախազությունում եւ նույն կարգավիճակով ստորագրել փաստաթուղթ, թե փաստաբան չի ցանկանում: Սակայն քննության ընթացքում նրան մեղադրանք են առաջադրել եւ որպես կասկածյալ ճանաչել: Ըստ զեկույցի` հետո դատախազը մերժել է փաստաբան տրամադրել նրան` վկայակոչելով նրա կողմից նախկինում ստորագրված փաստաթուղթը, թե նա փաստաբան չէր ցանկանում:
Հիշեցնենք, որ Թոմաս Համմարբերգը Երեւան կատարած այցից հետո հանդես էր եկել արտակարգ իրավիճակը եւ ընդհանրապես հետընտրական լարվածությունը վերացնելուն ուղղված մի քանի կետերից բաղկացած առաջարկների փաթեթով, որոնցից որեւէ մեկը մինչ օրս չի կատարվել: