Հայաստանում կատարվածն ինչ-որ իմաստով կարելի է համարել ՀՀ կառավարությունը «վերցնելու» Կենտրոնական բանկի երկրորդ փորձ: Առաջինը, որ շատերն են մոռացել, տեղի ունեցավ ուղիղ տասը տարի առաջ: Կենտրոնական բանկի երիտասարդ ղեկավարներից Արմեն Դարբինյանը 1998թ. նշանակվեց ՀՀ վարչապետ: Նրա ինքնահռչակ «մասնագետների» կառավարությունը ժողովրդի հիշողության մեջ մնաց այդ շրջանի մոդայիկ կոնֆետի անունով` «կինդեր սյուրպրիզ»: Մոտ վեց ամիս հետո երիտասարդ վարչապետն ավելի շատ ժամանակ էր հատկացնում քաղաքական գործունեությանը, քան տնտեսություն կառավարելուն: Մոտ մեկ տարի հետո Ա. Դարբինյանը «լքեց» մեծ քաղաքականությունը: Նրա ստեղծած կուսակցությունը խորհրդարան չմտավ: Պաշտոնական վիճակագրությունն էլ նրա վարչապետության շրջանում տնտեսության համարյա բոլոր ուղղություններով անկում արձանագրեց: Անկում, որ այս կամ այն չափով (ու տարբեր պատճառներով) շարունակվեց եւս երկու տարի: Այսինքն` կառավարության «գրավման» առաջին փորձը տապալվեց: Փորձագետների մի մասը, որպես պատճառ, ընդգծում է այն փաստը, որ Արմեն Դարբինյանը ԿԲ-ից կառավարություն անցնելուց հետո դեռ երկար ժամանակ ԿԲ շահերի կրողն էր: Իսկ դրանք հաճախ իրարամերժ շահեր են: Այն պահին, երբ ձեւավորվում էր նորանկախ Հայաստանի Կենտրոնական բանկն ու նրա գործունեության օրենսդրությունը, ՀՀ ԿԲ հիմնադիր նախագահ Իսահակ Իսահակյանը խորհրդարանին հորդորեց ԿԲ-ն չենթարկեցնել կառավարությանը: Խորհրդարանական ամբիոնից հնչեցրած փաստարկը պատկերավոր ու ազդեցիկ էր: Նաեւ` սրամիտ: «ԿԲ-ն (այսինքն՝ փող տպող ու շրջանառության մեջ մտցնող կառույցը) կառավարությանը ենթարկեցնելը նույնն է, ինչ հարբեցողին գինու պահեստ վստահելը»: Հետագան ցույց տվեց, որ Հայաստանի կառավարությունը միշտ փող ծախսելու ավելի մեծ պլաններ ունի, քան կարողանում է աշխատել: Հայաստանի բոլոր տարեկան բյուջեները կազմվել են լուրջ դեֆիցիտով: Անկախ ԿԲ-ն պարբերաբար կարողացել է զսպել կառավարության ամեն գնով փող մսխելու ձգտումը: Եվ այդ գործում իրենց լուրջ ավանդն են ունեցել ԿԲ բոլոր նախագահները: ԿԲ-ի նկատմամբ չպատճառաբանված բարեհաճ վերաբերմունք ունենալու մեջ չմեղադրվելու համար նշենք, որ ԿԲ-ն ինքն էլ դեֆիցիտով բյուջե է ունեցել եւ երկրի պարտքը լուրջ ավելացրել է: (Հիմա էլ ԿԲ-ն մոտ 180 մլն դոլար պարտք ունի): Կառավարության վրա ԿԲ երկրորդ` ներկայիս «գրոհն» ավելի լուրջ է: Նախ վարչապետի պաշտոնի է գնացել ԿԲ նախագահը: Քաղաքական ու տնտեսական շրջանակներում Տիգրան Սարգսյանը պրոֆեսիոնալի համբավ ունի: Նրա քաղաքական կերպարը ԿԲ նախագահի պաշտոնում ընդունելի էր համարյա բոլոր քաղաքական ուժերի կողմից: Առանձնահատուկ նշվում է այն փաստը, որ Տիգրան Սարգսյանը լրջորեն կապված չէ տնտեսական կլանների հետ: Հետեւաբար ենթադրվում է, որ նրան կհաջողվի հնարավորինս անկախ տնտեսական քաղաքականություն վարել: Իսկ դա մեր երկրի համար օրհասական խնդիր է դառնում: Արդեն վարչապետի կարգավիճակում նրա գործունեության սկիզբը համընկավ գազի թանկացման հետ: Այն, որ գազի գնաճն իր հերթին նորանոր թանկացումներ է բերելու` պարզ է բոլորին: Բայց դա հետեւանք է առաջին հերթին այն բանի, որ Հայաստանում տնտեսության զարգացման խելամիտ ծրագիր պարզապես չկա: Նախորդ կառավարությունների մեծ մասն աշխատել է առօրյա խնդիրներին որեւէ լուծում գտնելու ճանապարհով: Չնայած մշտական դեֆիցիտային բյուջեներին՝ տնտեսության որեւէ ոլորտ չի կայացել: Երեք տարի առաջ, երբ մեր տնտեսական ամենաոխերիմ գործընկերը` Ռուսաստանը, թանկացրեց Հայաստան մատակարարվող գազը, մեր տնտեսական իշխանությունները լուծում գտնելու փոխարեն՝ խնդիրը կոնսերվացրեցին: Ու հիմա գնաճի հրեշը դուրս է պրծել վանդակից: Հնարավոր հետեւանքներն աղետաբեր կարող են լինել: Ռուսաստանն Ուկրաինային պատրաստվում է գազ վաճառել հազար խորանարդ մետրը՝ 380 դոլարով: Համեմատության համար նշենք, որ Հրազդանի ՊՇԷԿ-ի դոտացիան հանած, Հայաստանը մուծում է 110 դոլար: Հետեւաբար՝ անհասկանալի է, թե ինչ ընթացք են ունենալու զարգացումները: Տնտեսական այս հարվածը շատ ավելի մեղմ կարող էր լինել, եթե իրանական գազամուղը տնտեսական լուրջ ձեռնարկում լիներ: Այնինչ, այն առայժմ շոու-ծրագիր է, որին մասնակցություն բերեցին Հայաստանի նախկին եւ Իրանի ներկա նախագահները: Հետեւաբար՝ կարելի է արձանագրել, որ նոր վարչապետն իր տնտեսական ծրագրերի իրականացումը սկսում է ծայրահեղ աննպաստ իրավիճակում: Իսկ որ Տիգրան Սարգսյանը տնտեսական ծրագրեր ունի` կասկածի ենթակա չէ: Ընդ որում, ամբիցիոզ ծրագրեր (դրանց անդրադարձն ավանդական 100-օրյա ժամկետից հետո): Թերահավատները կարող են համոզվել ԿԲ կայքէջում տեղադրված նրա հոդվածներին ծանոթանալով: Հատկապես մեկին, որ վերնագրված է՝ «Ինչպես կատարել հեղափոխություն»: