Հինգերորդն աշխարհում

18/04/2008

«Ազատություն» ռ/կ նախագահ Ջեֆրի Գեդմինը երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել հարգել խոսքի ազատությունը եւ պաշտպանել լրագրողներին: Նա մտահոգություն է հայտնել մամուլի նկատմամբ ադրբեջանական կառավարության կողմից աճող ճնշումների առնչությամբ: Սակայն Ալիեւը հերքել է մամուլի նկատմամբ սահմանափակումների մասին պնդումները` հայտարարելով. «Մենք լիովին ազատ ենք: Մենք հարյուրավոր թերթեր ունենք, խթանում ենք Ինտերնետի օգտագործումը եւ խրախուսում ենք օտարերկրյա հեռարձակողներին: Դուք չեք գտնի մամուլի որեւէ սահմանափակում Ադրբեջանում»: Մինչդեռ, Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` ազատազրկված լրագրողների թվով Ադրբեջանը հինգերորդ տեղն է գրավում աշխարհում: Իսկ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանը դասել է «ոչ ազատ» երկրների շարքում: Ջեֆրի Գեդմինը շեշտել է, որ «Ազատություն» ռադիոկայանի առաքելությունն անաչառ լրատվության տրամադրումն է, եւ հորդորել է Ալիեւին հարգել ինչպես ռադիոկայանի, այնպես էլ այլ անկախ ԶԼՄ-ների առաքելությունը: