Սովորության համաձայն

18/04/2008

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, թե համաձայն չէ այն գնահատականների հետ, թե ՀՀ արտաքին քաղաքականությունն իր նախարար եղած տարիներին նախաձեռնող չէր, ինչի հետեւանքով եղան մի շարք դիվանագիտական ձախողումներ, այդ թվում` ԼՂՀ հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւը: «Խնդիրը, որ մենք կատարել ենք, ճիշտ կողմնորոշվելն էր` արդյոք պահը հարմար է նախահարձա՞կ լինելու, թե՞ ավելի հանգիստ լինելու համար»,- ասել է նա` հավելելով, թե ՄԱԿ-ի բանաձեւն Ադրբեջանի դիվանագիտության «տակտիկական սխալն էր», որը վաղ թե ուշ «աշխատելու» է իրենց դեմ: «Դա նշան է, որ Ադրբեջանը ոչ թե նախահարձակ է, այլ պաշտպանվում էր մեր հաջողության դեմ: Իսկ Ղարաբաղի հարցում մեր հաջողությունը եղել է այն, որ այս 15 տարիների մեջ, առաջին անգամը լինելով, ԵԱՀԿ Քարտուղարության մոտ տրվել է որպես ավանդապահության մի փաստաթուղթ, որտեղ սեւով սպիտակի վրա նշված է Lեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանը պաշտպանվում է սրա դեմ, եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այդ բանաձեւը պատասխանն է մեր նախահարձակ լինելուն»,- չդավաճանելով «բարոյական հաղթանակների» իր տասնամյա հայեցակարգին՝ փորձել է արդարանալ Վ. Օսկանյանը: