Ոչ միայն փողիվ

18/04/2008

Երեկ ԱԳՆ ղեկավար կազմին նորանշանակ նախարարին ներկայացնելուց հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ արտաքին քաղաքականության մի քանի հարցերի: Նշելով, որ Բաքվում որոշակի թյուրիմացություն կա` կապված Ադրբեջանի նավթադոլարների, հումքային ռեսուրսների հետ, Ս. Սարգսյանն ասել է. «Մենք պետք է ստեղծենք միջազգային բարենպաստ պայմաններ Արցախի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման համար: Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ ընկալի այն պարզ իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի անկախ Հանրապետության գոյության փաստն անդառնալի է: Անհնար է նույնիսկ պատկերացնել, որ ԼՂՀ-ն ենթակայության որեւէ ձեւով կարող է առնչվել Ադրբեջանին: Արցախի ազատատենչ ժողովուրդը, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ հաջողությամբ ժողովրդավարական պետություն է կառուցում: Ինքնորոշման բնական իրավունքն արհամարհող Ադրբեջանն էլ Ղարաբաղում բռնապետության համարում ունի: Բաքվում թյուրիմացաբար կարծում են, թե նավթադոլարներով կարող են անգերազանցելի տնտեսական առավելության հասնել մեր նկատմամբ եւ մի օր ռազմական հաջողություն արձանագրել: Սակայն փողի ուժով չէ միայն, որ երկիր են պահում ու հաղթանակների հասնում»: Ըստ Ս. Սարգսյանի` Հայաստանը մշտապես աջակցել է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը, Հայաստանը հանդիսանում է ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է այդ քաղաքականությունը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի ղարաբաղյան խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Մենք պատերազմից չենք վախենում, բայց նաեւ չենք ուզում, որ պատերազմ լինի»,- ասել է նա: