Մարտի 1-ը փորձություն էր

18/04/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ոստիկանության օրվա առթիվ երեկ ուղերձ է հղել ոստիկաններին ու վետերաններին: «Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, ինչպես նաեւ՝ հասարակական կարգի պաշտպանության հարցերում Հայաստանի Ոստիկանությունն անցած տարիներին արձանագրել է ձեռքբերումներ: Ընդհանուր առմամբ, նա կատարել է իր կարեւոր առաքելությունը: Այս ոլորտը բարեփոխելու ուղղությամբ տարված է հսկայական աշխատանք, սակայն դեռ լուրջ անելիքներ կան Ոստիկանության աշխատաոճը արդի պայմաններին համապատասխանեցնելու եւ կոռուպցիոն երեւույթները վերացնելու ուղղություններով: ՀՀ իշխանությունները բարելավելու են Ոստիկանության աշխատողների սոցիալական վիճակը, ներառյալ՝ աշխատավարձերի բարձրացումը, քայլեր են ձեռնարկվելու աշխատանքային պայմանները, այդ թվում՝ տեխնիկական վերազինումը արդիականացնելու ուղղությամբ, ինչը միտված է լինելու Ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Հայաստանի համակողմանի եւ արագ զարգացումը մեծապես կախված է նաեւ այն հանգամանքից, թե դուք ինչպես կկատարեք ձեր պարտականությունները, թե ինչ մասնագիտական մակարդակով կլուծեք ձեր առջեւ դրված խնդիրները: Գաղտնիք չէ, որ Ոստիկանության գործողությունները հաճախ ունենում են հասարակական լայն եւ սուր արձագանք: Մարտի 1-ի իրադարձությունները փորձություն էին մեր ողջ երկրի ու ժողովրդի, մասնավորապես` Ոստիկանության համար: Մեր ողջ հասարակության հետ նաեւ Ոստիկանությունը պետք է այս փորձությունից դուրս գա պատվով եւ դասեր քաղած»,- ասված է ուղերձում: