2008-ի մարտի 12-ին Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ որոշում է կայացրել կարճել 2007թ. մայիսի 12-ին ՀՀ Ոստիկանության վարչական շենքի բակում Լեւոն Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը:
Տուժողի իրավահաջորդի փաստաբանները որոշումը բողոքարկել են ՀՀ գլխավոր դատախազին, սակայն նշված բողոքը մերժվել է` անհիմն լինելու պատճառով: Որոշումը բողոքարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ վաղը` ապրիլի 18-ին, կկայանա բողոքի քննությունը: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրին Լ. Գուլյանի իրավահաջորդի փաստաբան Հրայր Ղուկասյանը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Վերջինը նշեց, որ իրենք մեծ հույսեր չունեին, որ գործի նախաքննությունն ու հետաքննությունը օբյեկտիվ էին կատարվելու: Ա. Իշխանյանը մի քանի անգամ նշեց, որ իր կարծիքով` այդ հարցն այնքան կձգձգվի, որ հասարակությունը հոգնի, հետաքրքրությունը պակասի, եւ «ինչ-որ իմաստով գործը փակվելու է, որովհետեւ Ոստիկանությունը Հայաստանում իշխանության հիմնական հենարաններից մեկն է, ու այստեղ քաղաքական խնդիր է, որ նրանք պատիժ չստանան»: «Ցավոք այդպես էլ եղավ: Պայմանական ասած` իշխանությունները հերթական հաղթանակը տարան հասարակության նկատմամբ: Գործը կարճվեց Հայաստանում շատ լարված իրավիճակում, իսկ դա ես համարում եմ ցինիզմ»: Հրայր Ղուկասյանն էլ նշեց, որ իրենք բավարար հիմքեր ունեն պնդելու, որ գործի կարճման որոշումը եղել է անօրինական, չպատճառաբանված, իսկ կատարված նախաքննությունը` բազմաթիվ խախտումներով ու ոչ թափանցիկ տուժողների համար: Նա հայտարարեց, որ ոստիկանները Լ. Գուլյանին առանց որեւէ իրավական հիմքի բազմիցս տարել են Ոստիկանություն, 16-18 ժամ պահել այնտեղ: Իսկ գործի կարճման որոշման մեջ, ըստ Ղուկասյանի, անհեթեթ է այն պատճառաբանությունը, որ Գուլյանը ձերբակալված չի եղել, նա հրավիրված է եղել Ոստիկանություն: Բացի այդ` գործը, որի կապակցությամբ Լեւոն Գուլյանը տարվել է Ոստիկանություն, քննվել է Շենգավիթ համայնքի դատախազությունում: Ուստի, փաստաբանի խոսքերով, որեւէ բան պարզելու իրավասություն կարող էր ունենալ միայն այդ գործը վարող անձը, իսկ Ոստիկանությունը` հատկապես Քրեական հետախուզության Գլխավոր վարչությունը, նման լիազորություն չունի. «Երբ այս հարցերը բարձրացվեցին, բողոքը մերժելու դատախազի որոշման մեջ փորձ էր արվում հիմնավորել, թե ինչու են տարվել նրանք Ոստիկանություն, եւ նշվում էր, որ Ոստիկանության աշխատակիցները գործել են «Օպերատիվ հետախուզության գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Մենք սովոր ենք տեսնել, որ ոստիկանները հաճախ չեն կատարում ընդունված օրենքները: Բայց որ կատարում են չգրված, դեռ չընդունված օրենքները, չէինք իմանում: Դեպքը տեղի է ունեցել 2007-ի մայիսի 12-ին, իսկ այդ օրենքն ընդունվել է 2007-ի հոկտեմբերի 22-ին ԱԺ-ի կողմից, նախագահի կողմից էլ ստորագրվել է նոյեմբերի 19-ին: Այսինքն` ոստիկանները պայծառատես էին»: Փաստաբանի կարծիքով` Լ. Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված գործում ավելի մեծ տեղ է հատկացվել Ստեփան Վարդանյանի սպանությանը Լ. Գուլյանի մասնակցության խնդիրներին, եւ ոչ թե բուն Գուլյանի մահվանը: Փաստաբանը նշեց նաեւ, որ Ոստիկանության պնդումները, թե Լ. Գուլյանը պարզապես հրավիրված է եղել Ոստիկանություն եւ նրա նկատմամբ բռնություն չի իրականացվել, չեն համապատասխանում առողջ տրամաբանությանը: Միջազգային փորձագետներն էլ իրենց եզրակացության մեջ նշել են, որ Լեւոն Գուլյանի դիակի վրա կան նաեւ այլ վնասվածքներ, որոնք պատճառվել են մինչեւ պատուհանից ընկնելը` այլ ուժի ազդեցությամբ, օրինակ` հարվածի. «Այս գործով իրավասու մարմինները ոչ միայն խախտել են մեր ներպետական օրենսդրությունը, այլեւ ուղղակի խախտվել են նաեւ միջազգայնորեն ստանձնված պարտավորությունները, մասնավորապես` Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դիտարկված նմանատիպ մի գործի մասին, որտեղ նշանակություն չի տրվել, թե իրականում ինքնասպանությո՞ւն է տեղի ունեցել, թե՞ սպանություն: Կարեւորագույն հանգամանքը եղել է այն, որ պետությունը պարտավոր է ապահովել մարդու կյանքի իրավունքը: Ըստ նրա` բոլոր երկրներում էլ նման դեպքեր լինում են, սակայն այս գործը ոչ թե պետք է կարճվեր, այլ բացահայտվեր ու մեղավորները պատժվեին, ինչը նաեւ մեր երկրի հեղինակության խնդիրն է: