Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր աշխատանքային գործունեությունը մեկնարկեց գազի գնի թանկացման մասին հայտարարությամբ:
Դա, թեեւ, սպասելի էր, քանի որ ՀՀ կառավարության կողմից գազի գնի սուբսիդավորման ժամկետը լրացել էր դեռեւս այս տարվա սկզբին, այնուամենայնիվ, դեռ հույս կար, որ գազի գինը մինչեւ 2008թ. վերջը չի փոխվի. դրա մասին ակնարկել էր «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը: Նա սկզբում ասել էր, թե հնարավոր է, որ ՀՀ կառավարությունն այլընտրանքային միջոցներ գտնի եւ շարունակի գազի գնի սուբսիդավորումը: Իսկ ավելի ուշ` ապրիլի սկզբին, մեզ հետ զրույցի ժամանակ պնդել էր, թե սուբսիդիան չի վերջացել եւ դեռ երկար ժամանակ կարող է բավարարել: Մինչդեռ, ինչպես նշեցինք, սուբսիդիայի համար նախապես հատկացրած գումարը վերջացել էր դեռեւս տարեսկզբին, սակայն ՀՀ կառավարությունը շարունակել է սուբսիդավորել, պարզապես դրա մասին բաժանորդներին տեղյակ չի պահել: Ընդ որում, վարչապետ Տ. Սարգսյանը չմասնավորեցրեց, թե այս ավելի քան երեք ամիսների ընթացքում հատկապես ինչ միջոցներով է կատարվել գազ սպառողների սուբսիդավորումը: Ինչեւէ, մայիսի 1-ից «ՀայՌուսգազարդի» բաժանորդները 1000 խ/մ գազի դիմաց՝ 59.000 դրամի փոխարեն՝ կվճարեն 84.000 դրամ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանին վաճառվող գազի 1 խ/մ-ի գինը 2006թ. ապրիլին 55 դոլարից դարձրել էր 110 դոլար: Հենց այդ ժամանակ Հայաստանը մոտ 250 մլն դոլարով Ռուսաստանին վաճառեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը եւ այդ գումարից 188 մլն դոլարը հատկացրեց գազի գնի սուբսիդավորմանը: Արդյունքում՝ Հայաստանի սպառողների համար գազի գինը մնաց նույնը` 59.000 դրամ, թեեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ռուսաստանի կողմից թանկացնելուց հետո այն սահմանել էր 84.000 դրամ: Մնացած 25.000 դրամն այս երկու տարիներին վճարում էր ՀՀ կառավարությունը: Ավելացնենք, որ գազ սպառողները Հայաստանում բաժանվում են երկու խոշոր խմբերի` մինչեւ 1000 խ/մ սպառողներ, դրանք հիմնականում բնակիչ-բաժանորդներն են: Եվ 10000 խ/մ-ից ավելի սպառողներ կան, որոնք գազօգտագործող արտադրողներն են: Ի տարբերություն բնակիչների, սպառողների երկրորդ խումբը «ՀայՌուսգազարդին» սպառած գազի դիմաց վճարում է դոլարով` 1000 խ/մ-ի համար 101 դոլար, չնայած 2006թ. հանձնաժողովը սահմանել էր 153,2 դոլար: Այս դեպքում եւս մնացած 52 դոլարը սուբսիդավորում էր կառավարությունը: Խոշոր սպառողները նույնպես մայիսից գազի դիմաց կվճարեն բարձր գնով:
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ գազի թանկացումը Հայաստանի եւ ընդհանրապես ցանկացած տնտեսության համար:
«Առաջին հերթին՝ գազի գինը, ինչպես նաեւ՝ էլեկտրաէներգիայի, բենզինի եւ ցորենի գները գնագոյացնող են մյուս ապրանքների համար: Այսինքն` գազի գնի բարձրացումը բերելու է լայն սպառման ապրանքների, շինանյութի, բեռնափոխադրումների, տրանսպորտի կտրուկ գնաճ: Եվ Հայաստանին սպասվում է բավականին բարձր տոկոսի գնաճ»,- ասում է տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: Իսկ, օրինակ, ԱԺ Ֆինանսական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը գազի գնի բարձրացման արդյունքում տնտեսական կամ սոցիալական առանձնապես լուրջ ազդեցություն չի կանխատեսում: «Պարզապես կբարձրանան այն ապրանքների գները, որոնց գնագոյացման մեջ առկա է գազի բաղադրիչը»,- ասում է Գագիկ Մինասյանը:
Երկու տարի առաջ, երբ իշխանությունները գազի գինը սուբսիդավորելու որոշում կայացրեցին, դա բացատրեցին սպառողների բեռը թեթեւացնելու մղումով: Բացի այդ, հայտարարվում էր, թե խոշոր սպառողներին սուբսիդավորելով` խթանում են արտադրության զարգացումը: Իշխանությունների հիմնական փաստարկներից մեկն էլ այն էր, որ մեր արտադրողներն այդ հնարավորությունը կօգտագործեն եւ այս ընթացքում արտաքին շուկայում կբարձրացնեն իրենց մրցունակությունը: Արդարացվե՞ց արդյոք սուբսիդավորումը, եւ հայ արտադրողը դարձա՞վ մրցունակ:
«Չի դարձել, Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդ տեղից իջել է 94-րդ տեղը: Ինչի՞ շնորհիվ, նաեւ այս արժութային քաղաքականության շնորհիվ: Ճիշտ է, գազի գինը սուբսիդավորեցին, բայց փոխարժեքի այնպիսի քաղաքականություն վարեցին, որ արտահանման փոխարեն ներմուծումն ավելացավ: 2003թ. համեմատ՝ Հայաստանից արտահանվող ապրանքների գինը 2 անգամ բարձրացել է: Դոլարի արժեզրկումը սպանեց ազգային արտադրողին: Ներմուծումը արտահանումից 3 անգամ շատ է, այսպիսի բան չէր եղել: Իսկ այդ 188 մլն դոլարն էլ իզուր տեղը փոշիացրին: Շատ ապաշնորհ օգտագործեցին, փոխանակ սուբսիդիան հատկացնեին ցածր եկամուտ ունեցող, անապահով խավին, բոլորին տվեցին: Իսկ այդ սուբսիդիայից առաջին հերթին շահեցին նրանք, ովքեր հսկայական գազ են օգտագործում` մեծահարուստներն ու օլիգարխները: Այսինքն՝ այդ սուբսիդիան մենք սպառել ենք ոչ թե բնակիչների, այլ մեծահարուստների վրա»,- ասում է Է. Աղաջանովը:
«Պատկերացնո՞ւմ եք՝ մեր իմացած օլիգարխներն այդ սուբսիդիայից ավելի շատ էին օգտվում, քան չքավորները: Էլ չեմ ասում ցեմենտի եւ այլ արտադրությունները, որոնք հսկայական գազ են սպառում եւ իրենց մենաշնորհային դիրքն օտագործելով` գերշահույթներ են ստացել: Ցեմենտի արտադրություն, գազի լցակայաններ եւ այլն: Եվ չեմ էլ կարծում, որ ցեմենտ արտադրողներից կամ այդ գազալցակայաններից բյուջեն էական գումարներ է ստացել: Ցեմենտի գներն օր օրի աճել են, եւ դա գնացել է կոնկրետ անհատների գրպանը»,- ասում է ՀՀ նախկին ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը:
Մինչդեռ խոշոր սպառողները եւ հատկապես ցեմենտ արտադրողներն ամենեւին չեն ընդունում, որ գազի գնի սուբսիդավորումից գերշահույթներ են ստանում: Ավելին, գազի գնի թանկացումից հետո չքավորների հետ հավասար տրտնջում են նաեւ ցեմենտ արտադրողները: Փորձեցինք գազ սպառող բնակիչներից ճշտել, թե ինչպես են դիմակայելու վերահաս թանկացումներին: Մարդիկ հարցը լսում էին, ձեռքները թափ տալիս ու անցնում: «Գազը 101 դոլարից դառնում է 153 դոլար, պարզ չէ՞, որ պետք է ցեմենտի գինն էլ թանկանա: Բայց չէ՞ որ, գազից բացի, ուրիշ ապրանքներն էլ են թանկանալու: Ես հազարավոր ապրանքներ եմ առնում գործարանը աշխատեցնելու համար: Վառելիքը, մետաղը, պահեստամասերը թանկանալու են: Չգիտե՞ք՝ դա ինչպես է լինում, շղթայի նման գնալու է թանկացումը»,- ասում է «Միկա ցեմենտ» ընկերության տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը` հրաժարվելով նշել, թե գազի սակագնի բարձրացումից հետո որքանով կթանկանա ցեմենտը: Այդ հաշվարկները դեռ չէին կատարել նաեւ «Արարատ-ցեմենտում»:
Երկու տարի առաջ էլ հայտնի էր, որ գազը թանկանալու է: Ավելին, 2009թ. Ռուսաստանը պատրաստվում է նորից թանկացնել գազը: Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը հայտարարել են, թե հաջորդ տարվանից 100 խ/մ գազը «Գազպրոմին» վաճառելու են 250-270 դոլարով: Իսկ Հայաստանը Ռուսաստանից այդ երկրների գազն է ստանում: Եվ չի բացառվում, որ 2009թ. մենք ունենանք գազի նոր` մինչեւ 350 դոլարի հասնող սակագին: «Այո, մեր ստրատեգիական պարտնյորն իր ֆորպոստն էժան տաքացնելու ցանկություն չունի»,- կարծում է Բ. Ասատրյանը:
Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը: «Նախ, ի՞նչ եղավ Պարսկաստանի գազամուղը: Չէ՞ որ թմբկահարվում էր որպես այլընտրանքային գազամուղ, չէ՞ որ անցած տարվա գարնանը, եթե չեմ սխալվում, պետք է գազ գար: Երբ գազի գինը նոր էր բարձրանում, բազմիցս ասել ենք, թե էլի բարձրանալու վտանգ կա: Ասացինք, որ մեր պետությունը պետք է վարի այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության, էներգախնայողության քաղաքականություն, ինչպես դա արվեց ԱՄՆ-ում: Պետք էր հարկային արտոնություն տալ այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք օգտագործում են էներգախնայող տեխնոլոգիաներ եւ այլընտրանքային էլեկտրաէներգիա: Ոչ մի բան չարեցին: Դեռ 1975թ. Ամերիկան, որը աշխարհում երկրորդն է գազի արդյունահանմամբ եւ արտահանումով, օրենք ընդունեց եւ հսկայական արտոնություններ տվեց էներգախնայող տեխնոլոգիաներ օգտագործող ֆիրմաներին: Այս խնդիրները մենք ավելի շատ ունենք եւ վաղուց պետք է պատրաստվեինք»,- ասում է Է. Աղաջանովը: