ՀՅԴ-ն էլի փոխում է ներկան

18/04/2008

«Նորընտիր նախագահը կարծես թե գնում է այն ճանապարհով, ինչ որ խոստացել էր, այսինքն` կադրային լուրջ արմատական փոփոխություններ, առանց որոնց, չեմ կարծում, որ հնարավոր է իրականացնել այն ծրագրերը, որոնք նախանշված են եւ խոստացված են հանրությանը»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը: Նրա կարծիքով, կառավարման համակարգում կառուցվածքային փոփոխությունները պետք է բխեն ներքին տրամաբանությունից՝ ելնելով կյանքի առաջադրած պահանջներից: Ինչ վերաբերում է կոնկրետ պաշտոններին, ապա Ա. Շահբազյանը հրաժարվել է կոնկրետ անուններ ասելուց` նշելով, որ քանի դեռ ձեւավորվող կառավարության շուրջ քննարկումները չեն ավարտվել, անուններ չի ցանկանում հրապարակել: «Ուզում եմ մտածել, որ իշխանությունն այս հարցում որոշակի ծրագրեր ունի, եւ այն ուղղությունները, որոնք կառանձնացվեն, նպատակ կա ավելի ուժեղացնել այդ ուղղություններով աշխատանքը, ավելի մեծ ծրագրեր իրականացնել եւ ավելի ինքնուրույն ընթացք հաղորդել դրանց: Քարոզարշավի ժամանակ մենք ասում էինք՝ բացառել անցյալը, փոխել ներկան, բարեբախտաբար, այսօր բոլորը` հանրությունը, քաղաքական ուժերը, բարձրագույն իշխանությունները խոսում են, որ ներկան պիտի փոխվի, այստեղ մենք համամիտ ենք բոլորի հետ եւ մասնավորապես իշխանության հետ: Զարգացման ուղղությունների հստակեցումից հետո, որ տեղի ունեցավ ի դեմս կոալիցիայի հիմք հանդիսացող փաստաթղթի, մենք տեսնում ենք, որ դրա հնարավորությունները կան, եւ դա հիմք է դարձել, որ մենք մաս կազմենք այս կոալիցիային եւ պատրաստակամություն հայտնենք կիսելու պատասխանատվությունը»,- նշել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղարը: Վերջինս լավատես է դարձել հատկապես վարչապետի այն արտահայտությունից հետո, թե իշխանության մեջ չպետք է լինեն տգետներ, պետք է վերացվեն մենաշնորհները: (Իհարկե, դժվար է պատկերացնել, որ վարչապետը կարող էր հայտարարել, թե իշխանության մեջ պետք է լինեն տգետներ:) «Մեր երկրում նոր իրականություն է: Իշխանությունը, նկատի ունենալով հասարակական պահանջը, փոփոխվում է, որը նպաստավոր կլինի հետագայում երկրում առկա խնդիրների լուծման գործում»,- ասել Ա. Շահբազյանը: Վերջինս նպատակահարմար չի համարում ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով ԱԺ-ի լուծարումը, ինչի մասին այսօր շատ է խոսվում: Ըստ նրա, խորհրդարանը լուծարելու հիմնական պատճառներից մեկը խորհրդարանական ճգնաժամն է, մյուսը՝ երբ այն չի կարողանում աշխատել եւ իր առջեւ դրված խնդիրները լուծել: Ըստ Ա. Շահբազյանի` երկու դեպքերում էլ խորհրդարանն այդ խնդիրները չունի: ՀՅԴ-ականը անդրադարձել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե առաջիկայում ձեւավորելու է հասարակական կարծիք, որպեսզի չճանաչվի ներկա իշխանությունը: Շահբազյանն ասել է, որ իշխանության դեմ պայքարը չպետք է դառնա պետության հիմքերը խարխլող պայքար` «իշխանության չճանաչումը» նույնացնելով «պետության հիմքերի» հետ: Ըստ նրա` առաջին նախագահը, որպես քաղաքական ընդդիմադիր առաջնորդ, պետք է շարունակի իր գործունեությունը քաղաքական կյանքում: «Ինքն է որոշում` ինչ խնդիրներ լուծել, սակայն՝ ո՛չ պետության դեմ գործողություններ իրականացնելով»,- ասել է Շահբազյանը` կրկին, ըստ էության, խեղաթյուրելով իրականությունը (իշխանության դեմ պայքարը նույնացնելով պետության դեմ պայքարի հետ): Ընդ որում, անմիջապես այդ մտքից հետո դաշնակցական պատգամավորը ավելացրել է, թե, ընդհանուր առմամբ, քաղաքակիրթ պայքարն իշխանության դեմ ողջունելի է եւ անհրաժեշտ: «Դա միայն կառողջացնի քաղաքական համակարգը»,- ասել է Ա. Շահբազյանը: Վերջինս անդրադարձել է նաեւ ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ վերջին շրջանում ծավալված զարգացումներին: «Հայկական կողմը Ղարաբաղը չի զիջելու: Եվ թող ոչ ոք չվախեցնի մեզ պատերազմական գործողություններով»,- ասել է Ա. Շահբազյանը: Նրա կարծիքով, եթե Ադրբեջանի ղեկավարությունը բացատրի իր ժողովրդին, թե ինչ կլինի, երբ պատերազմ սկսվի, ոչ մի ադրբեջանցի պատերազմ չի ցանկանա, եւ դա կլինի առաջին հերթին ողբերգություն ադրբեջանցիների համար: Խոսքելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագծի ԱԺ-ում անցած շաբաթ կայացած քննարկման մասին` Ա. Շահբազյանն ասել է, որ անհրաժեշտ է նախաձեռնողականություն դրսեւորել` այդ գործընթացում ներգրավելով քաղաքական բոլոր ուժերին: «Այս իմաստով կարեւոր է խորհրդարանի ներառումը: Վերջին քննարկումները մեծ ակտիվություն առաջացրեցին, սակայն դրանք չպետք է լինեն օդում կրակոցներ»,- հայտարարել է նա: Ըստ նրա, երկրի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հարցում, նախաձեռնողական չի եղել, եւ Հայաստանը եղել է հակադարձողի դերում: «Այս հարցում դիվանագիտական ամենօրյա աշխատանք է անհրաժեշտ, որը կաթիլ առ կաթիլ պետք է կուտակվի եւ տա իր արդյունքը»: Ա. Շահբազյանի այս հայտարարությունից դժվար չէ կռահել, որ կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն, մեղմ ասած, վշտացել է, որ կուսակցությանը չի տրվել իրենց բաղձալի ԱԳ նախարարի պաշտոնը: