Գրանտ են շահել

18/04/2008 Անի ՀԱՐՈՅԱՆ

Էրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանն, ընդամենը մի քանի ամիս է, ստանձնել է տնօրենի պաշտոնը, բայց արդեն հասցրել է թանգարանում եւ ամրոցում մի շարք աշխատանքներ ու ծրագրեր մշակել: Նա նախատեսում է այդ աշխատանքներն իրականացնել մինչեւ տարեվերջ: Նրա խոսքերով, թանգարանի տնօրինությունն ամեն ինչ արել է, որպեսզի 2008թ. թանգարանն ունենա իր սեփական արշավախումբը: Ա. Փիլիպոսյանը երեկ նաեւ տեղեկացրեց, որ շահել են Կրթության եւ Գիտության նախարարության բազային ֆինանսավորման հանրապետական գրանտներից մեկը, որն այս տարի օգտագործելու են ամրոցի եւ թանգարանի վերանորոգման աշխատանքների համար: Ամրոցի վերականգնման աշխատանքները սկսելիս բարձրացվելու են միջնաբերդի այն հատվածները, որտեղից հնարավոր է մուտք հուշարձանի տարածք: «Վերանորոգվելու են նաեւ միջնաբերդի պարսպային հատվածը, բետոնե բոլոր կոնստրուկցիաները, որոնք կիսաքայքայված են, ամրացվելու են պատերը, որոնք կներարկվեն հատուկ լուծույթով, որպեսզի բետոնային շաղախը չերեւա»,- ասաց Ա. Փիլիպոսյանը: Իսկ ամրոցի պատերի վերին հատվածները, տնօրենի խորհրդով` թեք են կառուցվելու, որպեսզի ջրի հոսքը հեշտ լինի, եւ դպրոցականներն այլեւս չբարձրանան պատերի վրա: Հատկացված 30 մլն դրամից 1.5 մլն դրամը հատկացվելու է պեղման աշխատանքների իրականացմանը: Տնօրենի խոսքերով, այս ծրագրի սահմաններում, մինչ պեղումները, ամրոցի տարածքում եւ հարակից բլուրների վրա էլեկտրամագնիսական հետազոտություններ կանցկացվեն, ինչը թույլ կտա պարզել, թե հինգ-վեց մետր խորության վրա ինչպիսի քարի կոնստրուկցիայի հետքեր կան: Իսկ էլեկտրամագնիսական հետազոտություններից հետո, արդեն մայիսի կեսերից կսկսվեն պեղման հիմնական աշխատանքները: Աշխատանքներին մասնակցելու են ոչ միայն թանգարանի աշխատակիցները, այլեւ Երեւանի Պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ուսանողները եւ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակիցները: Պեղումներ եղել են նաեւ անցյալ տարի, սակայն այս տարի պեղումներ կիրականացվեն ամրոցի գրեթե ողջ տարածքում: Նախատեսվում է նաեւ բացել Ուրարտագիտական հետազոտությունների կենտրոն, քանի որ այսօր ամբողջ աշխարհում շատ քիչ թվով ուրարտագետներ կան: «Բորիս Պիոտրովսկու մահից հետո Ռուսաստանում ուրարտագետներ գրեթե չկան, մեկ կամ երկու հոգի կան Գերմանիայում եւ Ֆրանսիայում, եւ միայն Թուրքիայում 15 հոգուց բաղկացած ուրարտագետների մի խումբ կա: Ուրարտական սրբագրերով զբաղվողները քիչ են, որոնց համախմբել է պետք, իսկ Հայաստանում պետք է ստեղծվեն նման կենտրոններ: Հակառակ դեպքում` ընդամենը մի քանի տարի հետո մեր պատմության լավագույն կտորը ներկայացնելու են միայն հարեւան երկրի հնագետները»,- ասաց թանգարանի տնօրենը: Թանգարանի հիմնախնդիրներից մեկը որմնանկարների պահպանությունն է. հունիս կամ հուլիս ամիսներին կսկսվեն նաեւ որմնանկարների վերականգնման աշխատանքները: