Վտանգավոր նորաձեւություն

18/04/2008

Մոդելագործ ձեւավորողների ֆանտազիան միշտ եղել է իր բարձունքում: Նորաձեւություն ստեղծողների մտահղացումները ոչ միայն գեղեցիկ են, այլ նաեւ երբեմն՝ շատ վտանգավոր առողջության համար. հագուստի էլեմենտները սարսափելի նեղվածք են, բարձրակրունկ կոշիկների կրունկներն անհավանական բարձրություն ունեն: Սրանցից յուրաքանչյուրն իր հերթին վնասում է առողջությունը: Բոլորովին վերջերս նման բարձրակրունկ կոշիկները պատճառ դարձան մի գեղեցիկ իսպանուհու հաշմանդամ դառնալուն: Նա գլորվել էր հյուրանոցի նեղ աստիճանները բարձրանալիս: Իսկ 19-րդ դարի ձգված կորսետներն այն աստիճանի էին նեղում, որ նույնիսկ կանայք շնչարգելությունից ուշագնաց էին լինում: Դեռ այն ժամանակներում բժիշկները կանանց միշտ զգուշացնում էին չափից ամուր կապված կորսետի հետեւանքների մասին: Մի քանի բժիշկների հավաստմամբ` 1874թ. կորսետները 97 հիվանդության պատճառ են դարձել: Հիվանդության նախանշանները տարբեր էին` շնչառության ու արյան շրջանառության խանգարումներ, ուժեղ հիստերիայի նոպաներ ու դեպրեսիաներ: Մայրերն ի վիճակի չէին լինում կրծքով կերակրել իրենց երեխաներին, իսկ շատ հաճախ էլ` երեխաները ծնվում էին բնածին արատներով: Իսկապես կորսետը շատ հիվանդությունների առաջացման պատճառ է դարձել: Իսկ ի՞նչ եղավ կորսետների հետ: 1960թ. «DuPont» ընկերությունը սկսեց «լայկրա» տեսակի կտորի արտադրությունը, որն էլ հետին պլանում թողեց մետաղյա կամ կետի ոսկորներից պատրաստված կորսետները: Հետո, իհարկե, կանայք կորսետ կրելու փոխարեն սկսեցին դիետաներ պահել ու ֆիզիկական վարժություններ անել կամ դիմել պլաստիկ վիրաբուժության օգնությանը: