Եվս մեկ ռազմավարական համակարգի օտարման փորձ Հայաստանում

18/04/2008

«Փոստատարը թակում է երկու անգամ, որից հետո գալիս է հատուցման պահը»

Լուի Ցայֆեր

2006 թ. նոյեմբերի 30-ից ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչ, հոլանդական «Թրասթ մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչ պրն Հանս Բոոնը «Բազիս» ամսագրում (2007թ. մայիս) տված հարցազրույցում մեծ անակնկալ մատուցեց աշխատողներիս՝ «խոստանալով» չերկարաձգել շուրջ չորս հազար հոգանոց աշխատակազմից կեսի հետ աշխատանքային պայմանագրերը, հետագայում նաեւ` սեփականաշնորհել «Հայփոստը»: Դժվար չէ կռահել, որ գլխավոր տնօրենի այս հարցազրույցը միաժամանակ համակարգի ողջ անձնակազմի` ցնցող ու անսպասելի լուրի հանդեպ տրամադրությունների զննման նպատակ էր հետապնդում:

Ծայր առած կրճատումների եւ սեփականաշնորհման մասին անսպասելի հայտարարությունից հետո, օգտվելով աշխատակիցների համարժեք արձագանքի բացակայությունից, պրն Բոոնը եւ իր քաջարի տեղակալներն, առանց ձեւականությունների, անցան իրենց սեւ գործին: Եվ արդեն, 2007թ. հոկտեմբերի

5-ին 270 աշխատակիցների, առանց պարզաբանումների ու պատճառաբանումների, տրվեցին աշխատանքային պայմանագրերը չերկարացնելու հիմքով ծանուցագրեր` այն էլ Համաշխարհային փոստային օրվա նախօրեին: Խոսք չկա, «լավ» նվեր էր: Երեւանի փոստային բաժանմունքների աշխատակիցներիս ընդվզման, Լոռու մասնաճյուղի փոստայինների գործադուլի մտադրության մասին հայտարարությունից, ինչպես նաեւ` մամուլում մի շարք սուր քննադատական հոդվածների ճնշման ներքո, տնօրինությունը տեղի տվեց եւ կայացրեց որոշում` «դուրս հրավիրվածների» թիվը նվազեցնելու մասին: 270 աշխատողներից վերականգնվեցին 170-ը (այդ թվում` բոլոր կենսաթոշակառուները, որոնցից, ուզած պահի, առանց բացատրության եւ գլխացավանքի, հետագայում կարող են ազատվել): Բիզնեսմեն-գործատուի խորամանկ հնարքով` տնօրինությունը հանրության համար «նկարեց» մեծ թիվ՝ նպատակ ունենալով մեղմել բողոքավորների նոր-նոր թափ առնող բողոքի ալիքը:

Կադրային ջարդի առաջին փորձն իշխանությունների կողմից մնաց անպատիժ, ինչը չի բացառվում հերթական կրճատումների դեպքում: Հարյուր հոգի զրկվեցին սահմանադրորեն իրենց վերապահված աշխատելու իրավունքից: Ազատման հրաման արձակելուց 1 ամիս անց, իր առաջին ասուլիսում գլխավոր տնօրենը, չկարողանալով հիմնավորել կրճատումները, ուղղակիորեն զրպարտեց գործազուրկներիս՝ կպցնելով «կարգապահական միջոցառման ենթակա անձինք» պիտակը: Ոչ իրավական ակցիայի տուժածներից ոչ մեկը չի կարողանում հիշել վերջին մեկ տարվա ընթացքում աշխատանքային կարգապահության խախտման գեթ մեկ լուրջ դեպք, որն աշխատանքից զրկվելու պատճառ հանդիսանար: Սա բացահայտ զրպարտություն է եւ անձնական վիրավորանք 100-ից յուրաքանչյուրին, Արդյո՞ք այս «շատ» կլոր թիվը չի ապացուցում, որ ազատվողների ընտրությունը կատարվել է կամայականորեն:

Իշխանություններին գոնե չհետաքրքրեց, թե ի՞նչ «հանցանքներ են գործել» այդ 100 աշխատակիցները: Պարզաբանումները կօգնեին բացահայտելու Հ. Բոոնի թիմի գործունեության բուն շարժառիթները: Մինչդեռ, իրենց հնարած «կարգապահական միջոցառման» շրջանակներում է տեղավորվում նաեւ վտարված աշխատակիցներին 3 ամսվա աշխատավարձի չափով նպաստի` կամայական ընտրությամբ վճարումը: Վերջին ամիսներին «Հայփոստի» նոր տնօրինության կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի խախտումների մասին եղել են բազմաթիվ հրապարակումներ: Դրանցից մեկում («168 Ժամ» 09.10.07 թ.) «Կադրային ջարդ» վերնագրով հոդվածում բերված մի քանի փաստ բավարար հիմք են, որպեսզի պայմանագրային պարտավորությունների հստակ ու անվերապահ կատարման երաշխիքների մասին գլխավոր տնօրենը հրապարակավ հանդես գար պարզաբանումներով:

Մեջբերենք հոդվածից. «Հայփոստի» կառավարումը ստանձնած հոլանդական կառավարիչը բազմիցս է հայտարարել, որ կրճատումներ չեն լինելու, ինչը նախատեսված չէ Կառավարության հետ վավերագրված կառավարման պայմանագրով: Բացի այս էլ` մարդկանց աշխատանքից ազատում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումներով: Իրավունք չունեն աշխատանքից ազատել ընտանիքի միակ կերակրողին կամ կենսաթոշակի տարիքին մի քանի տարի մնացած անձանց»:

Մարդկային արժանապատվությունը եւ՛ իրավական, եւ՛ բարոյական առումով խորհրդանշող` վերոնշյալ կետերի խախտումներով է պայմանավորված գործազուրկներիս այժմյան կարգավիճակը: Հայտնի է, որ լավ ու վատ օրենքներից զատ, գոյություն ունեն բարոյական չգրված օրենքներ, որոնց հետ մարդը ծնվում է եւ ապրում դրանց մեջ, իսկ Աստծո պատվիրաններով նաեւ` չխախտելու առաքելությամբ:

Գրված օրենքներն ի զորու չեն լիովին պահպանելու չգրվածների արժեքային համակարգը։ Օրեցօր տրոհվում, աղճատվում է բարոյականության արժեհամակարգը: Մի՞թե պետք է գրվի օրենք, թե հարկավոր է լինել մաքուր ու բարոյապաշտ:

«Հայփոստի» խաթարված նորմալ կենսառիթմի վերականգնման ճանապարհն այսօր համակարգում առկա բոլոր սխալները, թյուրիմացությունները, թյուրըմբռնումները հասկանալ-ուղղելու մեջ է: Կոլեկտիվի վստահությունը նվաճելու համար նոր ղեկավարության կողմից այս ամենի վերաբերյալ ստույգ պարզաբանումները կնպաստեն մթնոլորտի առողջացմանը: Զարմանք է հարուցում այն փաստը, թե ինչո՞ւ հետաքննող մարմինները մամուլի տարբեր հրապարակումներում նշված, բազում օրինախախտումների հեղինակ «թրասթցիների» գործերը չեն քննում: Հերթական ասուլիսի ընթացքում Հ. Բոոնը հավաստիացրեց, որ «կրճատումներն արդեն ավարտվել են»: Սակայն կադրային ջարդի շարունակության մասին խոսակցությունները չեն դադարում, քանզի անարդար դրվագներով լի այս ամբողջ պատմությունն ապացույց է, որ տնօրինության գերնպատակը եղել է եւ կա՝ ամեն գնով իրականացնել կադրերի կտրուկ նվազեցումը: Ահա թե ինչու է նոր թիմը շարունակում ամբաստանությունների շարքը: Այլապես, համակարգի 4000-անոց թվակազմից ընդամենը 100 կրճատվածներին վերականգնելն առանձնապես մեծ բան չէ, եւ բոլոր առումներով նման քայլը նույնիսկ կհանդիսանար տպավորիչ ժեստ` երեւալու արդարամիտ, իբրեւ թե օբյեկտիվորեն շտկվում է «թյուրիմացաբար» արված սխալը: Անկախ ամեն ինչից, սա կլիներ այն խելամիտ տարբերակը, որ «թրասթցիները» կարող էին կիրառել` ազատվելու երկուստեք տհաճ, երկարատեւ աղմուկից: Ցավալի է, երբ երկրի պատկան մարմինների իրազեկության պարագայում չենք կարողանում «Հայփոստում» ծայր առած անօրինականությունների դեմն առնել: Մի՞թե հասունացել է դատարան դիմելու պահը: Ի դեպ, մի շարք աշխատակիցների կողմից իրենց իրավունքները դատական կարգով վիճարկելու հայցերը բավարարվել են, ինչն ապացուցում է, որ նրանք իրավացի են եղել իրենց պահանջներում:

Հավատարմագրային կառավարչի, միաժամանակ գլխավոր տնօրենի գործողություններն իրավական համարժեք լուծում չեն գտնում, որովհետեւ բողոքի հակազդեցությունն է թույլ…: Այ, եթե իր երկրում նման դեպք տեղի ունենար, ապա դա կհանգեցներ հանրության ընդվզմանը հրաժարականի վերջաբանով:

Ինչ վերաբերում է կրճատումների սկզբնական պատրվակի՝ աշխատակիցներիս մասնագիտական պատրաստվածությանը, ապա այստեղ պետք է նույն բանը պահանջել գլխավոր տնօրենի տեղակալներից: Թիմում փոստային կապի միակ մասնագետը գլխավոր տնօրենն է` Հ. Բոոնը, որը, սակայն, գերզբաղված լինելով, հաճախակի բացակայելով, աշխատակիցների հետ հաղորդակցվելու անհնարինության պատճառով, կադրերի ընտրության հարցում օբյեկտիվ որոշում կայացնել չի կարող: Իսկ տեղակալներն էլ, Աստված տվել չի խնայել, չգիտես ինչո՞ւ մշտապես պահվում են մարդկանցից, աշխատակիցների հետ չունեն բնական շփման եզրեր:

Հոլանդական «Թրասթ մենեջմենթ» ընկերության որդեգրած (ոչ միայն իր) գործելակերպի հետեւանքով համակարգում հատկապես կրճատումների վերջին ամիսներին վերահաստատվեց աշխատանքից զրկվելու վախի սինդրոմը, որն առաջանում է բարոյահոգեբանական բացասական մթնոլորտի սրումից, ինչպես նաեւ՝ խեղճության, քծնանքի, փոխադարձ անվստահության եւ այլ հոռի երեւույթներից:

Հայաստանում «նոր բիզնեսի կառուցման ճանապարհին» (Բոոնի արտահայտությունն է) առկա արատավոր գործընթացի արդյունքում՝ որպես օրինական, իրավական հակաքայլ, հարկավոր է վճիռ կայացնել «Թրասթ մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչների` Հայաստանում առեւտրային եւ այլ պայմանագրային գործունեության աննպատակահարմարությունը ճանաչելու մասին:

Որպես չարի դեմ համամարդկային պայքարի համերաշխության վկայություն, մեջբերեմ 20-րդ դարի առաջին կեսի հոլանդացի պատմագետ-մշակութաբան Յոհան Հայզինգայի խոսքը. «Բարոյական սկզբունքի համընդհանուր մոռացությունը, թերեւս, առավել տեսանելի ու անմիջական է դրսեւորվում ամենաթողության, չարիքի արդարացման եւ հասարակության էկզալտացիայի մեջ: Ամեն անգամ, երբ բռնության, կեղծիքի եւ դաժանության սրված ձեւերը, որոնցով աշխարհը լի է այնպես, ինչպես երբեք, ի հայտ են գալիս անհատական արարքներում, մենք ավելի ու ավելի ենք դառնում ականատեսը վայրենացման, չարագործության երեւույթների, որպես սարսափելի պատերազմների եւ դրանց հետեւանքների` ատելության եւ կորուստների»:

Ամեն հնարավոր միջոցով մեր երկրի ներուժը քայքայվում է հենց այդ «վայրենացման, չարագործության երեւույթների» հետեւանքով:

Հայզինգայի մռայլ կանխատեսումը ցավոք իրականություն է դարձել էլ ավելի դաժան իրողությամբ, քան կպատկերացներ Հ. Բոոնի նշանավոր հայրենակիցն ու անվանակիցը: Բացի ավանդական բռնամիջոցներից, այսօր կարելի է ուզած երկիր ծնկի բերել առանց զենքի եւ ուժի գործադրման, ուղղակի զրկելով տվյալ ազգի ինքնապահպանման, նրա մարտունակության ոգին բարձրացնող հիմնասյուն-մայրենի լեզվի գերակայությունից: Բազմաթիվ պետություններ են վերացել հենց այս պատճառով, որոնք իրենցից հետո թողել են ընդամենը «մեռած լեզուներ» բառակապակցությունը:

XX դարից սկսած աշխարհում շրջում է անգլերենացման ուրվականը: Իհարկե, վատ չէ «փոքր» աշխարհում տիրապետել միջազգային եւ բոլոր երկրներին «բռան» մեջ հավաքող համակարգչային միասնական լեզվին: Բայց սա չի նշանակում, թե վերն ասվածի պատրվակով կարելի է աստիճանաբար գործածությունից հանել մայրենի լեզուներ:

Մեր իշխանությունների թողտվությամբ «Հայփոստի» նոր տնօրինությունը, ելնելով իր հարմարությունից, կամա թե ակամա դառնում է նաեւ ՀՀ Լեզվի մասին օրենքի խախտող` համակարգում ներդնելով անգլերենի գրագրությունը: Իմ տագնապը կհասկանա նա, ով նույնպես Բարձրյալից հետո, առավել քան հայրենիքը, կպաշտի իր մայրենին: Քանզի մարդ, եթե չփայփայի հարազատ լեզուն եւ կորցնի այն, ապա նրա մոտ կխաթարվի հայրենիք հասկացությունը: Աստվածախորհուրդ այս ճշմարտությունը ամենեւին չի մերժում այլ լեզուների նկատմամբ հարգանքը:

Եթե տնօրինությունը որդեգրել է համակարգի աշխատակազմին անգլիախոս դարձնելու շնորհակալ ծառայություն մատուցելու սկզբունքը, ապա դա բարոյական իրավունք չի վերապահում` լուծարելու «Հափոստի» մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ազատել հայերենի` պետական, պաշտոնական լեզվի անհրաժեշտ իմացությամբ օժտված աշխատակիցներիս: Մի՞թե հարկ կա «թրասթցիներին» բացատրելու, որ նման ծառայությունները, ինչպես եւ իրենց երկրներում, հանդիսանում են տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի համակարգի բոլոր ստորաբաժանումների աշխատանքների կամրջող, պետական քաղաքականության շահերից բխող գործառույթներ իրականացնող օղակ:

Այս պատմության մեջ անձնական օրինակով ընդհանրացվում է ցավալիորեն տարածված մի երեւույթ: Բանն այն է, որ «Հաճախորդների սպասարկման կուլտուրայի ռազմավարության արդյունավետ ներդրումը որպես հաջողության գրավական» լրագրողական ուսումնասիրությունս երբ հանձնեցի տնօրինությանը (այդ թվում` վարչապետին, Տրանսպորտի եւ կապի նախարարին, նրա տեղակալներին, Պետգույքի կառավարման վարչության պետին, ինչպես նաեւ՝ Հեղինակային իրավունքի պաշտպանության «Հայ հեղինակ» կազմակերպության տնօրենին), այդպես էլ ոչ մի արձագանք չհնչեց: Ընդամենը լսել եմ, որ վարչապետի կամ նախարարի աշխատակազմից առաջարկվել է «Հայփոստի» ղեկավարությանը՝ քննարկել սույն աշխատությունը եւ զեկուցել արդյունքի մասին: Սակայն, ինչպես միշտ, տնօրինության ոչ մի ներկայացուցիչ չի բարեհաճել տեղեկացնել ինձ այդ մասին: Նրանք կարող են լռել, սակայն լինել անհաղորդ, դա արդեն տգիտության նշան է:

Մի խոսքով, «Ռազմավարության…» մասին աշխատությանս հանդեպ փոքրոգի լռությամբ հաստատվում է այն իրողությունը, որ նրանք ոչնչով շահագրգռված չեն մեր տնտեսահամակարգի զարգացմամբ, որպեսզի մշտապես շարունակեն մեզ համեմատել աֆրիկյան կամ այլ երկրների հետ (ըստ Բոոնի՝ Սոմալիի եւ Կոնգոյի) իրենց «ձեռքբերումները» ուռճացնելու համար:

Այժմ, պարոն Բոոն, դիմում եմ անձամբ Ձեզ` «Հայփոստում» արդարության հաստատման գլխավոր երաշխավորիդ:

Ափսոսում եմ, որ սույն շարադրանքում տեղ են գտել վիրավորվածության թանձր զգացումից բխած մի քանի, թերեւս, անհարկի խիստ որակումներ: Ճշմարտությունն իրեն ոտնահարողին գտնում եւ պատժում է: Անարդարության զոհի արժանապատվությունից է կախված դրա չափաբաժինը: ՈՒստի եւ նույնպիսի արժանապատվությամբ ընդունեք Ձեզ ուղղված հորդոր-քննադատությունը: Սրանով մենք երկուստեք կնպաստենք արդարության հաղթանակին եւ վերստին կհամոզվենք, որ մեր մեղսավոր աշխարհում բոլոր-բոլոր վիճարկելի հարցերում լավագույն հաշտարարը Արդարությունն է` Արարչական վեհագույն առաքելության կրողը:

Օրենքի եւ արդարության փոխառնչության մասին ահա թե ինչ է ասել ֆրանսիացի պետական գործիչ եւ տնտեսագետ Ֆրեդերիկ Բաստիեն. «Օրենքը, որպես արդարություն, սահմանափակ է, անփոփոխ եւ անփոխարինելի»: Օրենքը ճիշտ կիրառելու համար մեզ մնում է ընդամենը լսել Արդարության ձայնը: Այդ ձայնն ասում է, որ ամիսներ շարունակ չմարող անհանդուրժողականությունից դուրս գալու արդար, քաղաքակիրթ ելքը Ձեր կողմից «կրճատված» 100 աշխատակիցների վերականգնումն է:

Իհարկե, քաջ գիտակցում եմ, որ բիզնեսը երբեմն կողմերին քշում է դաժան հարաբերությունների հարթություն: Արդյունքում լինում են փոխադարձ անցանկալի զարգացումներ` վտանգավոր ելքերով: Հարկավոր է կանգ առնել եւ աշխատանքում տեղ գտած հապճեպ որոշումների, ինչու չէ, նաեւ մտածելակերպի եւ հոգեբանական թյուրըմբռնման հետեւանքով ծագած սխալներն ուղղել ճիշտ ժամանակին:

Այդ ժամանակը, պարոն Բոոն, այլեւս բախում է Ձեր դուռը…

Սամվել ՍՄԲԱՏՅԱՆ

13.04.2008

«168 Ժամ».
Պատրաստ ենք հրապարակել նաեւ հակառակ կողմի` «Հայփոստի» ներկայիս ղեկավարության տեսակետը: