Քանդակագործ եւ բեմանկարիչ Դավիթ Մինասյանը գաղափարներով ու էնտուզիազմով լի ստեղծագործող է։ Մարդկային ու պրոֆեսիոնալ լավ հարաբերություններ ունենալով հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ, նա համոզված է, որ ժամանակն է փոխել մեր հանրապետության «աստղային» սանդղակը: Դ. Մինասյանը զգում է, որ ջերմություն ու փիլիսոփայական ժպիտ փոխանցող քաղաքային քանդակների կարիք Երեւանը հիմա շատ ունի։ Իսկ քաղաքի մթնոլորտն ուղիղ կապ ունի քաղաքացիների ինքնազգացողության հետ։ Նրա ստեղծած քաղաքային քանդակներից են Մոսկովյան պուրակում տեղադրված «դվոռնիկի» կերպարն ու հայաստանցիների ամենասիրելի ֆիլմերից մեկի՝ «Տղամարդիկի» հերոսները, որոնք տեղադրվեցին Սարյանի այգում ու հենց իրենց կյանքի առաջին օրվանից սկսած՝ սիրելի դարձան երեւանցիների համար։ Դ. Մինասյանի գրեթե բոլոր աշխատանքների մեջ հումոր կա: «Ես տաք հումորը շատ եմ սիրում: Մանավանդ արձանի մեջ»,- ասում է նա ու նկատում, որ նույնիսկ բիզնեսի նկատառումներով արված «Ջազվե» սրճարանների խորհրդանիշը ցանկացել է հումորով անել:
– Ժամանակը թելադրեց, ու բոլոր քանդակագործները սկսեցին փոքր քանդակներ անել։ Դա կոնկրետ նյութի, այսինքն՝ ֆինանսների հետ է կապված։ Քանդակի ինքնարժեքը մեծ է։ Եվ հետո` այն զբոսաշրջիկը, որը ուզում է քանդակ գնել, ավելի մեծ պատրաստակամությամբ գնում է փոքրը, քանի որ տեղափոխելու խնդիր կա։ Այնպես որ` ժամանակը թելադրեց ու քանդակները փոքրացան։
– Իսկ հիմա ժամանակը կարծես թե թելադրում է, որ մեր քաղաքի փողոցներում հայտնվեն փոքր ֆորմաների քանդակներ, որոնք ոչ միայն հուշարձաններ, այլեւ՝ տարբեր ոճի ու թեմայի փոքրիկ պատկեր կդառնան։
– Այդպիսի քանդակներ մենք ունենք, օրինակ, «Ջուր վաճառող տղան», որը քաղաքային կուլտուրայի արձանների վառ օրինակ է։ Այդ քանդակը կամերային քաղաքային ժանրի առաջին քանդակն է։ Եթե երկար փնտրենք, կարող ենք երեւանյան եւս մի քանի այդպիսի քանդակներ գտնել Կարապի լճի, «Ռոսիա» կինոթատրոնի մոտակայքում։ Ունենք նաեւ հիանալի մի գործ, Ֆիլհարմոնիայի սրահի կողքի եղնիկը, որը շատ հաճելի տրամադրություն է ստեղծում։
– Իսկ ինչպե՞ս ծնվեց «Տղամարդիկ» արձանախմբի գաղափարը։
– Դա Քեոսայանների ընտանիքի գաղափարն էր։ Տիգրան Քեոսայանն անձամբ է ֆինանսավորել այդ քանդակները, իսկ կազմակերպչական ողջ աշխատանքն իրականացրել է Արթուր Ջանիբեկյանը։ Արձանի համար հող է հատկացրել ու կանաչապատել է տարածքը «Կենտրոն» թաղապետարանը։ Մենք երկընտրանքի առջեւ էինք կանգնել. կա՛մ պետք է հուշարձան ստեղծեինք ու այն պատվանդանին դնեինք, կա՛մ էլ ուղղակի պատահական մայթին կանգնած կամ անցնող ֆիգուրներ տեղադրեինք, ինչը հիմա շատ մոդայիկ է ամբողջ աշխարհում։ Ես փորձեցի այդ գաղափարների ոսկե միջինը գտնել ու փոքր-ինչ առանձնացնել արձանները, որպեսզի ամեն դեպքում դրանք հեռվից դիտվեն։ Կարծում եմ` լավ եղավ, որ մենք ռեալիստական ոճի քանդակներ ստեղծեցինք։ Եթե մի քիչ շեղվեինք այդ ոճից, մեր արձանների ճակատագիրը կնմանվեր Առնո Բաբաջանյանի արձանի ճակատագրին։ Եթե Առնո Բաբաջանյանը ծնված լիներ 300 տարի առաջ, այդ քանդակն այդքան հակասական չէր ընդունվի, քանի որ լավ ստեղծագործություն է։ Հասկանում եք, բոլորը հիշում են Ֆրունզիկին, Շերենցին, եւ ֆորմալիստական ոճի տարրերը նրանց կերպարներում չէին ընդունվի։ Իհարկե, կարելի էր, ասենք, մի մեծ քիթ պատկերել, ու հասկանալի կդառնար, որ դա Ֆրունզիկն է, բայց դա մեծ ու վտանգավոր պատասխանատվություն է։ Մենք ուզեցինք տղամարդկանց որպես քայլող քաղաքացիներ պատկերել։
– Հիմա շատերը կանգնում, լուսանկարվում են այդ արձանների հետ, եւ դա ամենամեծ գնահատականն է քաղաքի քանդակի համար։
– Քանդակը պիտի ապրի քաղաքի հետ։ «Տղամարդիկ» արձանն, օրինակ, հենց նույն օրը սկսեց «ապրել»։ Դեռ նոր էինք քանդակները կապկպված բեռնատարով ձուլարանից բերում, իսկ ժողովուրդն արդեն ծափահարում էր։ Դա շատ ունիկալ երեւույթ էր։ Մարդիկ սիրում են, հիշում են մեր դերասաններին, նրանց հերոսները Երեւանի բնակիչներն են։
– Քանդակը գեղեցիկ անկյունից բացի՝ կարող է նաեւ շատ լուրջ հարցադրումներ անել, նույնիսկ ահազանգել ինչ-որ խնդրի մասին։
– Այդ գաղափարով Մոսկվայում ստեղծվել է Շեմյակինի «Մարդկային արատները» արձանախումբը։ Փոքր տղան ու աղջիկը, ում աչքերը կապված են, ձեռք ձեռքի տված մոլորված կանգնած են, իսկ նրանց չորս կողմերում մարդկային արատներն են՝ աբստրակտ ոճի քանդակների տեսքով։ Դա այն արձաններից է, որը «բռնում» է հանդիսատեսին ու կարծես թե ուժեղ ապտակ է հասցնում նրան։ Նման շոկային տպավորությունը շատ ազդեցիկ է։ Բայց քանդակագործությունը արվեստի այն տեսակն է, որը շատ մեծ ներդրում է պահանջում։ Իսկ քաղաքային քանդակների պարագայում ամեն ինչը պատվիրատուից է կախված։ Արդեն մի քանի տարի քաղաքապետարանին կից գեղարվեստական խորհուրդ է գործում։ Եվ առանց այդ խորհրդի համաձայնության՝ ոչ մի արձան քաղաքում չի տեղադրվում։ Քաղաքը պիտի քանդակներ պատվիրի։
– Իսկ հնարավո՞ր է` քանդակները ժամանակավրեպ համարվեն ու քաղաքից հանվեն։
– Քանդակները հանվում են միայն հեղափոխությունների, ֆորմացիաների փոփոխման ժամանակ։ Պարզապես, Փարիզում կամ Սանկտ Պետերբուրգում այնքան խելոք գտնվեցին, որ արձանները չհանեցին քաղաքից։ Եթե հեղափոխություններից հետո հանվեին Լուդովիկոսներն ու Եկատերինաները, հիմա այդ քաղաքները «մերկ» կլինեին։ Իսկ մենք մեր քանդակները հանեցինք։ Քանդակները երբեք չեն հանվում, քանդակները կարող են գողացվել, քանի որ շատերը թանկ նյութից՝ գունավոր մետաղներից են պատրաստված լինում։
– Շատ քանդակների կողքով անցնում ենք ու չենք էլ նայում, քանի որ սովորել ենք ամեն օր տեսնել դրանք։ Հնարավո՞ր է քանդակին նոր կյանք տալ՝ գրաֆիտի, նորագույն տեքստային փորագրությունների միջոցով։
– Այն քանդակին, որն արդեն «կպել» է, իր տեղն է գտել քաղաքում, չի կարելի ձեռք տալ։ Իսկ հասարակարգի փոփոխման պատճառով «հնացած» քանդակները կարելի է հավաքել ու մի հատուկ այգում տեղադրել ու ցուցադրել։ Դա վաղուց անում են Մերձբալթյան պետություններում, Եվրոպայում։ Այդ դեպքում կարելի է նոր կոնտեքստի մեջ դնել այդ քանդակները, ուզում ես՝ գրաֆիտի արա, ուզում ես՝ արձանների գլխին թաս դիր։ Նման ակցիաները նոր իմաստ ցույց կտան։ Այդ դեպքում այդ այգին կարող է տուրիստական կենտրոն դառնալ։ Երեւանում, կարծում եմ, չկան քանդակներ, որոնց պետք է «ձեռք տալ»։ Բայց, իհարկե, Սասունցի Դավթի արձանի հետ պետք է անպայման մի բան անել, կամ արձանն է հարկավոր տեղափոխել, կամ էլ կայարանն աշխատեցնել՝ վերացնելով շրջափակումը, որպեսզի մարդիկ գան-գնան ու վերջիվերջո տեսնեն այդ արձանը։ Հիմա կայարանում ապրող մարդկանցից բացի՝ ոչ ոք չի տեսնում Սասունցի Դավթին։ Ամոթ է… Իսկ դա հայոց պատմության մեջ ամենալավ արձաններից մեկն է։
– Քանդակագործ Արա Ալեքյանը, ով հայտնի է իր երկաթյա թափոններից ստեղծված քանդակներով, ուզում էր Հյուսիսային պողոտայի բետոնապատ շենքի ճակատին հսկայական երկաթյա սարդ տեղադրել։ Իսկ ինչպիսի՞ քանդակ կուզեիր անել դու։
– Ես շատ բան եմ ուզում անել, ամեն վայրկյան նոր մտքեր են ծնվում։ «Շարմը» մի նախագիծ ունի, եւ ուզում է 15 քաղաքային քանդակներ տեղադրել Երեւանում, դրանցից առաջինը եղավ Մոսկվայի պուրակում դրված «Նարդի խաղացողը», հիմա մի քանդակ առաջարկել են ինձ անել։ Բայց չեմ ուզում իմ պրոյեկտի մասին պատմել, քանի որ դառը փորձ ունեմ։
– Գաղափարները գողանո՞ւմ են։
– Մի քանի տարի առաջ պատմեցի, որ ուզում եմ Բրյուսելի հայտնի միզող տղայի արձանի նման արձան անեմ, բայց՝ ջրաչափով։ Այդ ժամանակ ջրաչափերը շատ ակտուալ էին, քանի որ բոլորը դրանք տեղադրում էին իրենց տանը, ես էլ ասացի, որ ուզում եմ նման պարոդիա անել։ Հետո պարզվեց, որ այդ քանդակն արդեն արել ու հաջողությամբ վաճառել է մի երիտասարդ քանդակագործ։ Եվ հիմա ես չեմ խոսում այն գործերի մասին, որոնք դեռ հաստատված չեն։
– Քանդակված երեխաները, հեծանիվները, մանկական սայլակներով մայրիկները, կենդանիները… այս ամենը տրամադրություն ստեղծող քանդակներ են։ Իսկ զուտ մեր երեւանյան կերպարները որո՞նք են։
– Մերն են դանակ-մկրատ սրողները, աղավնիներ պահողները՝ «ղուշբազները»։ Բայց եթե խորը նայենք, Երեւանն իր հերոս-խորհրդանիշները չունի։ Թիֆլիսը, Գյումրին ու Շուշին ունեն, իսկ մենք՝ ոչ։ Երեւանը քաղաքային պատմություն չունի։ Գյումրին Պոլոզ Մուկուչ, վառ ազգային կոլորիտ ունի, իսկ մեր քաղաքն ընդամենը 70 տարվա պատմություն ունի եւ չի հասցրել ստեղծել իր հերոսներին։ Անպայման չէ միայն մարդկանց կերպարներ անել՝ քաղաքի շունչը զգալու համար, կարելի է նատյուրմորտ-արձաններ անել։ Մոսկովյան պուրակում, օրինակ, ուզում էի Վլադիմիր Վիսոցկուն պատկերել, բայց ոչ որպես մարդու։ Սիգարետը, մոխրամանը, մագնիտոֆոնը, գրքերը, տետրի մի էջը, որի վրա անավարտ բանաստեղծություն է. այդ ամենը հերիք էր Վիսոցկուն պատկերացնելու համար։ Կուզեի նաեւ խոտերի մեջ պառկած, ոտքը ոտքին գցած Ռուբեն Հախվերդյանին քանդակել, կողքն էլ՝ ջրափոսի եզրին, մի կատու պառկած լիներ։ Կարելի է քանդակել համակարգիչ, որը հիմա թմրանյութի նման բան է դարձել, քանի որ բոլորը «odnoklassniki.ru» են մտնում: Գաղափարներ ունեմ՝ վերածնել հոլ խաղացող երեխայի կերպարը: Մի խոսքով, գաղափարներ շատ կան… Կարող եմ իհարկե սեփական միջոցներով մեկ կամ առավելագույնը երկու քանդակ անել, բայց ավելին անել չեմ կարող: Ես Դոն Քիշոտը չեմ, իսկ արձան տեղադրելը մեծ ծախս է, ծանր աշխատանք է: Մեր երկրում հիմա միակ ծաղկող արվեստի ճյուղը փոփ-երաժշտությունն է։
– Գուցե պետք է փոփ-երգչի արձան տեղադրել կամ էլ, ասենք` հումորով քանդակել թիկնապահներին, որոնք հիմա շատ նկատելի են մեր քաղաքում, եւ շատ երեխաներ երազում են հենց թիկնապահ կամ փոփ-երգիչ դառնալ:
– Ես դա անել չեմ ուզում: Այդ տեսակի հումորի քանդակներ մեզ պետք չեն, մենք, ընդհակառակը, պետք է այնպիսի ալտերնատիվ հերոս ստեղծենք, որպեսզի երեխան այլեւս չուզի դառնալ թիկնապահ: Մի հայտնի երգչուհի ինձ դիմել է` ցանկանալով սեփական արձանն ունենալ, բայց ես մտածեցի, որ քանի դեռ Երեւանում Գոհար Գասպարյանի արձանը չկա, ոչ մի երգչուհի իրավունք չունի արձան ունենալ: Մենք պարտավոր ենք գնահատել մեր «սյուները», որոնց վրա կառուցում ենք մեր մշակույթը: Զարմանալի իրավիճակ է, ուր էլ հայտնվում ենք, որ երկիր էլ գնում ենք, սկսում ենք «գլուխ գովալ», թե Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան, Գոհար Գասպարյան, Սերգեյ Փարաջանով ունենք, բայց նրանք մեր քաղաքում արձան չունեն: Փարաջանովի արձան մենք չունենք, բայց Թբիլիսին ունի։ Թիֆլիսեցիներն ավելի արվեստասեր, արվեստ գնահատող ու «թասիբով» են, քան մենք, նրանք մի միջակություն են գտնում ու սկսում են ազգովի նրան «առաջ քաշել», իսկ մենք սովոր ենք իրար տակ փորել: Մեր քաղաքում իր տեղը մինչեւ հիմա չի գտել, օրինակ, Խորեն Աբրահամյանը: Չէ՞ որ հիմա կոտրվում է սերունդներն իրար կապող շղթան: Ես քանդակագործ եմ դարձել իմ հայրիկի, իմ դասախոսների ու Երվանդ Քոչարի (որին երբեք չեմ տեսել, բայց անչափ գնահատում եմ) շնորհիվ: Ինտելեկտից, շփումներից բացի, հարկավոր է ավագների վաստակը գնահատել, հասկանալ, թե ինչ է դպրոց՝ «շկոլա» ասածը: Մարդիկ կան, որոնց չի կարելի մոռանալ: Հիմա բոլորը նստում են իրենց ընկերների հետ ու բողոքում են անճաշակությունից։ Բոլորը ասում են՝ էս ինչ է կատարվում, ամեն տեղ ռաբիս, պորտապար, մուղամ է… Բայց ոչ ոք ոչ մի բան չի անում։ Եթե տասը մարդ է դժգոհում, իրավիճակը չի փոխվում, իսկ եթե արդեն հարյուր մարդ (երգիչ, նկարիչ, կոմպոզիտոր, բանվոր, ճարտարապետ, դասախոս) սկսում են իրենց բողոքի հայտը ներկայացնել, նրանց ձայնը լսելի է դառնում։ Եթե մի քանի երգիչ հրաժարվի երգել «հավաքովի» անճաշակ համերգներին, պատվիրատուները կսկսեն մտածել, որ պրոբլեմ կա։ Մենք հիմա պսեւդո-աստղեր ենք ստեղծում, որոնք բացարձակապես գովազդի շնորհիվ են ի հայտ գալիս։
– Թատրոնում հաճույքո՞վ ես աշխատում։
– Ես թատրոնում աշխատել շատ եմ սիրում, դա «on line» աշխատանք է: Երբ դեկորացիան սկսում է «շնչել» ու աշխատել ներկայացման մեջ, վիզուալ ազդեցիկ ձեւեր են գտնվում, շատ մեծ էֆեկտ է ստացվում: Թատրոնը որոշ իմաստով պիտի պարտադրանք լինի: Եթե դպրոցական տարիներից սկսած երեխաներին ստիպեն թատրոն գնալ, նրանցից շատերն անպայման կսիրահարվեն թատրոնին ու քսան տարի անց արդեն իրենք կկարողանան նոր որակ բերել թատրոն: «Համազգային թատրոն», որտեղ ես աշխատում եմ, վերջերս մի տղա էր եկել, որն առաջին անգամ էր թատրոն գալիս ու ասում էր` ապե, էս ո՞ւր եմ ընկել, որ իմանան թատրոն եմ գնացել, կխայտառակվեմ: Ու այդ տղան ներկայացումից հետո արցունքներն աչքերին դուրս եկավ: Ուրեմն նա ինչ-որ բան զգաց, լավ բան տեսավ: Իսկ այդ լավ բաները կան։ Թատրոնում, կերպարվեստում ու երաժշտական աշխարհում ինչ-որ շարժ է նկատվում։ Արվեստի մարդու ինքնահաստատման, ինքնաբավարարված լինելու համար աշխատելու դաշտ է ստեղծվել։ Չի կարելի համեմատել այն իրավիճակի հետ, որը կար տասը տարի առաջ, հիմա ցուցահանդեսների, մրցույթների, փառատոների, հյուրախաղերի, համերգների քանակն ավելացել է։ Բայց մարդիկ պետք է հասկանան, որ
Օպերայի թատրոնը տարբեր շոուների ու համերգների համար չէ: Իսկ հիմա «շիլափլավ է»։ Ես շատ համերգներ եմ ձեւավորել այդ դահլիճներում ու լավ գիտեմ, որ Օպերայի դահլիճը հարմար չէ էստրադային շոուների համար, բայց բոլորն ուզում են այդտեղ երգել, որովհետեւ դա «պրեստիժնի» դահլիճ է:
– Իսկ լավ արվեստը «զոռով» գովազդելը ճի՞շտ է։
– Կարծում եմ, որ յուրաքանչյուր փոքր ազգ, որը վտանգավոր տարածաշրջանում է ապրում ու վերանալու վտանգ ունի (եթե այդ վտանգը հիմա չկա, ապա կարող է հարյուր տարի հետո լինել) որոշակի շովինիստական ուղղվածության գաղափարներ պիտի ունենա: Շատ կոպիտ ու չոր դրանք չպիտի լինեն ու նաեւ՝ չնմանվեն հոլանդական գլոբալացման մոդելին։ Բայց մեր արժեքները պետք է զոռով թելադրվեն ու պահվեն: Հիմա հարմարվելը դարձել է բնավորության գիծ, ասում ենք` դե, ոչինչ չենք կարող փոխել, ու «քաշում» ենք լուծը։ Ախր այդպես չի կարող լինել, պետք է փորձել փոխել այս իրավիճակը: Եվ ոչ թե մեկ անգամ փորձելով ասել՝ չստացվեց: Պետք է 40 անգամ փորձել: Եթե ստեղծագործական միությունների անդամները հավաքվեն ու հարց բարձրացնեն, անպայման այդ հարցին արձագանքողներ կլինեն: Օրինակ, պետք է հիշել, որ Մայր թատրոնը մեկ մարդուն չի պատկանում, դա մի դաշտ է, որտեղ տարբեր մարդիկ պիտի հայտնվեն ու գործ անեն: Թող լավն ու վատը գեղխորհուրդը որոշի: Նույն կերպ էլ պիտի աշխատի մեր Հանրային հեռուստատեսությունը։ Մենք պարտավոր ենք այդ ազատ դաշտը ստեղծել, այլապես` խեղդվելու ենք: Կարող է վատ ու չստացված բաներ լինեն, բայց հաստատ նաեւ հաջողություններ կլինեն: Կարծում եմ, հիմա թատրոններին չեմ վախենա ասել` «շլյագեր» գրող դրամատուրգներ են պետք: Պետք է պեղել, գտնել ու սիրելի դարձնել այսօրվա հերոսներին: Այսօր հայրենասեր, ավելի ճիշտ կլինի ասել՝ պատրիոտ հերոսներ են պետք: Իսկ պատրիոտը սեփական քաղաքը սիրող, այդ քաղաքում ընտանիք կազմող շինարարը, բժիշկը կամ հավաքարարն են: Այսինքն, քաղաքացին է, որն իրեն հայրենիքի մի էլեմենտն է զգում։