Ադրբեջանում հեղափոխությունը քիչ հավանական է

13/05/2005

Վերջին շրջանում հաճախակի են դարձել կանխատեսումները, որ հետխորհրդային
երկրներում սկսված հեղափոխությունների հաջորդ հանգրվանը լինելու է
Ադրբեջանը: Նման կանխատեսումներն ակտիվացան հատկապես վերջին մի քանի
իրադարձություններից հետո. Էլմար Հուսեյնովի սպանությունը, Բաքվում ԱՄՆ
դեսպանի տարօրինակ ելույթները, վերջապես, Դոնալդ Ռամսֆելդի այցը Բաքու:
Նշելով, որ իրականում Ադրբեջանում հնարավոր հեղափոխության ազդակներ կան,
ռուսական վերլուծաբանների մեկ այլ խումբ փորձում է հիմնավորել, որ
հեղափոխությունների ալիքը, այնուամենայնիվ, Ադրբեջան չի հասնի:
GlobalRus.ru էլեկտրոնային պարբերականի վերլուծաբանները կանխատեսել են, թե
ինչ կարող է հակադրել Իլհամ Ալիեւը հեղափոխական իրավիճակին: Այդ
գնահատականները հիմնավորում են Ադրբեջանի եւ արդեն «հեղափոխված» երկրների
իրավիճակների համեմատությամբ: Այսպես, ըստ հրապարակման հեղինակների,
Ադրբեջանում կենսամակարդակն անհամեմատ ավելի բարձր է, քան Վրաստանում եւ
Ղրղըզստանում: Ի տարբերություն ղրղըզական ընդդիմության, Ադրբեջանում
ընդդիմությունը ընդհատակում չէ, զբաղվում է հրապարակային գործունեությամբ,
եւ բացառված չէ, որ ընդդիմադիրներից ոմանք հաղթեն խորհրդարանական
ընտրություններում: Ինչ վերաբերում է ուկրաինական տարբերակին, ապա
Ադրբեջանում, ըստ վերլուծաբանների, չկան հակառուսականության այնպիսի
դրսեւորումներ, ինչպես Ուկրաինայում: Վերլուծաբանների կարծիքով, Ադրբեջանի
համար ամենացավոտ խնդիրը ղարաբաղյան հակամարտությունն է, սակայն
ընդդիմությունը կխուսափի Ղարաբաղի հարցն օգտագործել իշխանության գալու
համար, քանի որ հասկանում է, որ հակամարտության կարգավորման փաստաթուղթը
ստորագրելու պատասխանատվությունն այդ դեպքում ինքն է կրելու: Այսպիսով,
ըստ այս հրապարակման հեղինակների, չնայած հնչող բոլոր կանխատեսումներին,
Ադրբեջանում «նարնջագույն» հեղափոխությունը քիչ հավանական է եւ Իլհամ
Ալիեւին կհաջողվի պահպանել իր իշխանությունը:

Ըստ GlobalRus.ru-ի