Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ նշանակելու մասին: Ինչպես եւ սպասվում էր, ՊՆ նախարարի պաշտոնում նշանակվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, իսկ ԱԳ նախարար է դարձել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանը: Մեր տեղեկություններով, բացառությամբ մեկ-երկու գերատեսչությունների ղեկավարների, կառավարության կազմն արդեն վերջնականապես համաձայնեցվել է կոալիցիայի անդամների միջեւ: Ըստ այդմ, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կպահպանեն իրենց նախարարական պորտֆելները (ԿԳ նախարարությունից առանձնացվելու է Գիտության նախարարությունը), ՕԵԿ-ին կտրվեն Տրանսպորտի եւ կապի (նախարար` ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյան) եւ Գիտության նախարարությունները (նախարար` ԵՊՀ նախկին պրոռեկտոր Սամվել Հարությունյան) եւ Արտակարգ իրավիճակների վարչությունը: ՀՀԿ-ական փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը նշանակվելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնող Արմեն Գեւորգյանը դառնալու է ՀՀ փոխվարչապետ: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու է Գագիկ Արզումանյանը, որը նախկինում եղել է ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար: Մաքսային պետական կոմիտեի ներկայիս պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանը նշանակվելու է ՄՊԿ պետ, իսկ Արմեն Ավետիսյանը եւ ՏԿ ներկայիս նախարար Անդրանիկ Մանուկյանը դառնալու են նախագահի խորհրդականներ: Ոչ կուսակցական պաշտոնյաներից իրենց պաշտոնները, ամենայն հավանականությամբ, պահպանելու են Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Իսկ նոր ստեղծվելիք Սփյուռքի նախարարի պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀՀԿ-ական Հրանուշ Հակոբյանն է: Դեռեւս վերջնականապես հայտնի չէ` արդյոք իրենց պաշտոնները կպահպանե՞ն Կառավարությանն առընթեր Ոստիկանության, Ազգային անվտանգության եւ Հարկային պետական ծառայությունների պետերը: Ի դեպ, Տիգրան Սարգսյանին ԿԲ նախագահի պաշտոնում փոխարինելու է ԿԲ նախագահի ներկայիս տեղակալ Արթուր Ջավադյանը: