Հեռակա «երկխոսություն»

17/04/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Մինչ Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական-հասարակական շրջանակները խոսում են իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության անհրաժեշտության մասին (ընդ որում` դեռեւս անարդյունք), այդպիսի յուրահատուկ «երկխոսություն» է կազմակերպել ռուսական թերթերից մեկը` «Նովիե իզվեստիան»:

Անցած շաբաթ այդ թերթը հարցազրույց էր հրապարակել Հայաստանի քաղաքական կոալիցիայի անդամ չորս կուսակցությունների ղեկավարների հետ. ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այդ հարցազրույցում խոսել էին քաղաքական իրավիճակի, կոալիցիայի ձեւավորման եւ առաջիկա զարգացումների մասին: «Նովիե իզվեստիան»` հիշեցնելով, որ նախորդ շաբաթ իր էջերում ներկայացվել է ՀՀ իշխանության տեսակետը, երեկ հարցազրույց է հրապարակել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Մինչեւ հարցազրույցին անցնելը թերթը գրում է. «Իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ապրիլի 17-ին լսումներ է կազմակերպելու այդ թեմայով: Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի իրավապաշտպանների կարծիքով, փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունները Հայաստանում հանգեցրել են «լուրջ քաղաքական ճգնաժամի»: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանի հարցազրույցը սկսվում է Հայաստանի նախագահական ընտրություններին նախորդած եւ հաջորդած իրադարձությունների գնահատականից: «Այն, ինչ տեղի է ունեցել փետրվարի 19-ին, որեւէ կերպ հնարավոր չէ անվանել ընտրություններ: Դա կոպտագույն բռնություն էր ժողովրդի կամքի նկատմամբ»,- հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը` հիշեցնելով, որ ընտրություններին նախորդող շրջանում իր հազարավոր կողմնակիցներից բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունքներ, իշխանությունները սադրանքներ են հրահրել իր կազմակերպած հանրահավաքների ժամանակ, բոլոր հեռուստաընկերություններով իրականացվել է միակողմանի եւ իր անձի վարկաբեկման քարոզչություն: «Դրան (ընտրություններին.- Լ.Ս.) հաջորդած բազմահազարանոց հանրահավաքներն ապացուցեցին, որ ժողովուրդը եւս դրանք չի ճանաչում: Այն օրը, երբ մեզ միացան Սերժ Սարգսյանի հանրահավաքի մասնակիցները, բողոքողների քանակը հասավ 300-400 հազար մարդու: Իշխանությունները հասկանում էին, որ այդ մթնոլորտում Սահմանադրական դատարանը կարող էր իրենց համար անընդունելի վճիռ կայացնել: Պետք էր փոխել մթնոլորտը, եւ նրանք հրահրեցին սադրանք` առավոտյան ցրելով Ազատության հրապարակի հանրահավաքը»,- ասել է Լ. Տեր-Պետրոսյանը: «Իսկ ի՞նչ կասեք այսօրվա իրավիճակի մասին»` թերթի հարցին պատասխանելով, Լ.Տեր-Պետրոսյանը նախ ասել է, որ Հայաստանում այսօր կան մոտ 150 քաղբանտարկյալներ: «Ես չգիտեմ Եվրախորհրդի անդամ մեկ այլ պետություն, որտեղ կան քաղբանտարկյալներ: Կալանավորված են իմ գրեթե բոլոր վստահված անձինք, իմ շտաբների ղեկավարները: Ոմանք ստիպված են թաքնվել»,- հայտարարել է նա` ավելացնելով, որ, բացի այդ, աշխատանքից ազատվում են այն գյուղերի գյուղապետերը, որտեղ ինքը հաղթել է… «Եթե հարցնեք` ի՞նչ եմ ես անելու, կպատասխանեմ` ձեւավորելու եմ որոշակի հասարակական կարծիք, որպեսզի այս իշխանությունը չճանաչվի: Այդ նպատակով օգտագործելու ենք օրինական բոլոր միջոցները»,- հայտարարել է նա: Գնահատելով Հայաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների` ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդական առաքելության արձագանքը, Լ.Տեր-Պետրոսյանն ասել է, որ այդ կազմակերպություններն ընդամենը փորձում են արդարացնել իրենց գոյությունը: «Դրանք, ըստ էության, զուտ բյուրոկրատական կազմակերպություններ են, նկատի ունեմ դրանց աշխատակազմերը: Աշխատակազմն ունի իր գոյության տրամաբանությունը: Այնտեղ հավաքված են դիվանագետ թոշակառուներ եւ երիտասարդ կարիերիստներ, որոնք չեն կարող ասել, որ իրենց պատասխանատվության տակ գտնվող երկրներից մեկում ամեն ինչ վատ է: Այդ դեպքում նրանց կհարցնեն` իսկ ինչո՞վ էիք զբաղված մինչեւ հիմա: Դա արդեն զգում են նաեւ Եվրոպայում, արդեն կան քննադատական դիտողություններ, հոդվածներ այդ մասին: Եթե նախկինում այդ կազմակերպությունների դեմ հանդես էին գալիս հիմնականում կառավարությունները, ապա հիմա հանդես է գալիս հասարակությունը, ընդդիմությունը, ինչն առանձնապես վտանգավոր է նրանց համար: Վրաստանում էլ էր այդպես, Հայաստանում էլ, Ադրբեջանում էլ կան այդպիսի ձայներ»,- հայտարարել է Լ.Տեր-Պետրոսյանը: Վերջում թղթակիցը Լ. Տեր-Պետրոսյանից հետաքրքրվել է նրա մասնագիտական գործունեության մասին: «Դուք հայտնի գիտնական եք: Պահպանո՞ւմ եք կապերը գիտական աշխարհի ձեր ռուս գործընկերների հետ»,- հարցրել է թղթակիցը: «Այո, իհարկե, ուղղակի կամ միջնորդավորված, բայց պահպանում եմ»,- ասել է առաջին նախագահը: