Անցյալ շաբաթ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշանակվելու է «Գազպրոմի» փոխնախագահ եւ վերահսկելու է այս ընկերության գործունեության հարավային ուղղությունը։
Թեեւ այս լուրերը դեռ չեն հաստատվել կամ հերքվել, սակայն ռուսական «ՀըԽ Daily» պարբերականը մի ուշագրավ նյութ է հրապարակել այս մասին։ «ՀըԽ Daily»-ն փորձել է «Գազպրոմից» մեկնաբանություն ստանալ Հայաստանի երկրորդ նախագահի հնարավոր նշանակման մասին, սակայն ընկերությունում ընդամենը պատասխանել են, որ չեն կարող հաստատել այդ լուրը։
Այդուհանդերձ, «ՀըԽ Daily»-ի մեկնաբանը հետաքրքիր վերլուծություն է ներկայացրել այս թեմայով: Նրա կարծիքով, «Գազպրոմը» կարծես վերածվում է աշխատանքի տեղավորման վայրի՝ այն նախկին ղեկավարների համար, որոնց քաղաքականությունը բխել է Ռուսաստանի շահերից։ Պարբերականը զուգահեռներ է անցկացրել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հետ, ով ղեկավարեց ռուսական այդ ընկերության «Nord Stream» նախագիծը։ Հոդվածագիրը մեջբերել է Մոսկվայի՝ Էներգետիկայի ազգային ինստիտուտի տնօրեն Սերգեյ Պրավոսուդովի կարծիքը, ով թերահավատությամբ է վերաբերվում Քոչարյանի՝ «Գազպրոմի» փոխնախագահ դառնալու հնարավորությանը. «Փոխնախագահի կամ որեւէ ուղղության պատասխանատուի պաշտոն՝ որպես այդպիսին, «Գազպրոմում» չկա։ Այնտեղ կա տնօրենների խորհրդի նախագահ եւ փոխնախագահներ։ Նրանց թվում, որքանով ես գիտեմ, մերձավոր արտասահմանի համար պատասխանատու է Վալերի Գոլուբեւը, իսկ արտահանման համար՝ Ալեքսանդր Մեդվեդեւը։ Թե ինչ պաշտոն կարող է ՀՀ երկրորդ նախագահը ստանձնել «Գազպրոմում», անձամբ ինձ համար անհասկանալի է»։ Միեւնույն ժամանակ, Պրավոսուդովը հիշեցրել է, որ Ռ. Քոչարյանի նախագահության օրոք ռուսական գազային հսկան «Հայաստանում ստացել է այն ամենը, ինչ ցանկանում էր»՝ «Գազպրոմի» դուստր ձեռնարկություն հանդիսացող «ՀայՌուսգազարդը» գազի մատակարարման եւ գազիֆիկացման ոլորտում մոնոպոլիստ է, կառավարում է Իրան-Հայաստան գազամուղը։ Վերջերս էլ Երեւանում բացվեց «Գազպրոմ» բանկը։ Այս ամենը Պրավոսուդովին թույլ է տալիս եզրակացնել. «Եթե Քոչարյանը ստանձներ «ՀայՌուսգազարդի» ղեկավարումը, դա տրամաբանական կլիներ»։ Սակայն ոչ բոլորն են կիսում այս կարծիքը։ Մասնավորապես Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովը կարծում է, որ Հայաստանի երկրորդ նախագահի` «Գազպրոմ» տեղափոխվելը հնարավոր է՝ քաղաքական շարժառիթներով։ «Անշուշտ, Ռուսաստանը Քոչարյանից շնորհակալություն հայտնելու հիմքեր ունի։ Բացի այդ, իշխանության փոփոխությունը Երեւանում չի կարող նախկին նախագահի մոտ մտավախություններ չառաջացնել։ Նոր նախագահ Սերժ Սարգսյանը համարվում է նրա ժառանգորդը, սակայն դա չի երաշխավորում Ռ. Քոչարյանի անվտանգությունը. նրանց մտերմության աստիճանը չի կարելի գերագնահատել։ Քոչարյանի շրջապատը երկար ժամանակ Սերժ Սարգսյանի համար այլընտրանք էր փնտրում։ Պատահական չէր, որ Քոչարյանը ստեղծեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն ընտրություններին երկրորդ տեղը գրավեց. նրան լրացուցիչ հենարան է պետք։ Եվ այդ հենարանը նա կարող է գտնել Մոսկվայում»,- այսպիսի տեսակետ է հայտնել Սկակովը՝ «ՀըԽ Daily»-ում։ Նա նաեւ ասել է, որ Ռ. Քոչարյանի՝ «ռուսական» հնարավոր աշխատանքի մասին խոսակցությունները շրջանառվում էին վաղուց. «Քննարկվում էր ԱՊՀ-ում, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) պաշտոն ստանձնելու հարցը, սակայն դա կհարուցեր Ադրբեջանի դժգոհությունը. Քոչարյանի հայտնվելը ՀԱՊԿ-ում կարող էր դիտվել որպես ղարաբաղյան հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու ակնարկ։ Այս առումով՝ «Գազպրոմի» տարբերակը քաղաքականապես ամենաքիչ ռիսկայինն էր, եւ միեւնույն ժամանակ, այն կարող էր կանխել Սարգսյանի եւ Քոչարյանի հնարավոր կոնֆլիկտը»։ Ամեն դեպքում, ըստ հոդվածագրի, Ռ. Քոչարյանին առաջարկված պաշտոնը կարելի է դիտարկել որպես պարգեւ՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ հավատարիմ դաշնակիցը մնալու համար, եւ «որպես բոնուս՝ Երեւանում «գունավոր հեղափոխության» փորձը հաջող կանխելու համար»։