Երեկ Ստրասբուրգում սկսվել է ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանը, որի օրակարգում է նաեւ Հայաստանի հարցը` կապված նախագահական ընտրությունների, հետընտրական զարգացումների ու ժողովրդավարական ինստիտուտների հետ: Այս կապակցությամբ հետընտրական շրջանում ու հատկապես մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո ձերբակալված ընդդիմադիր գործիչների կանայք ու ընկերները երեկվանից սկսում են բողոքի ակցիաների շարք` ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների ու արեւմտյան երկրների դիվանագիտական առաքելությունների մոտ: Առաջին ակցիան երեկ կեսօրին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի մոտ: Ակցիայի մասնակից կանայք ցանկանում են, որ քաղաքական հայացքների համար ձերբակալվածներին ազատ արձակելու, քաղաքական հետապնդումներին վերջ տալու եւ ընդհանրապես ՀՀ-ում ժողովրդավարություն հաստատելու համար եվրոպական կառույցները ճնշում գործադրեն մեր իշխանությունների վրա: Հավաքվել էին մոտ 50 կանայք: Նրանց մոտ կային «Ազատություն քաղբանտարկյալներին», «Իմ ամուսինը քաղբանտարկյալ է» գրություններով պաստառներ ու կալանավորվածների լուսանկարները: Այս շաբաթվա ընթացքում նմանատիպ ակցիաներ կլինեն նաեւ Գերմանիայի ու ԱՄՆ-ի դեսպանատների մոտ: Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսան Արզումանյանի կնոջ` Մելիսա Բրաունի խոսքերով, իրենք «պիկետ են անում հենց այդ երկրների դեսպանատների մոտ, որովհետեւ դրանք մեծ երկրներ են, մեծ ազդեցություն ունեն եւ ԵԽ անդամ են»: «Իմ տեղեկություններով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկացել է, որ այս նիստում ՀՀ հարցը քննարկվի: Մենք հիմա պարզապես մեր աջակցությունն ենք ցույց տալիս այդ քննարկմանը, երբ ՀՀ հարցին լուրջ են վերաբերվում: Մենք հիմա ուզում ենք ասել, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը լրիվ վտանգված է: Այս պիկետն անում ենք, որ ժողովրդավարություն ու ազատություն լինի, եւ մեր ամուսինները, որ հիմա չեն կարող խոսել, մեր կողքին լինեն»,- ասաց Մ. Բրաունը: ԵԽ տեղեկատվական գրասենյակը գտնվում է Ֆրանսիական համալսարանի ու Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հարեւանությամբ ու նույն բակում: Այդ բուհերի ուսանողները դուրս էին եկել ու կանգնել էին ակցիայի մասնակիցների կողքին: Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանները մոտեցան ուսանողներին եւ «խորհուրդ տվեցին» հեռանալ: «Մեզ ասեցին, թե կամերան հատ-հատ նկարում է, գնացեք, իզուր տեղը կադրի մեջ չընկնեք: Բայց դա մեզ չի հետաքրքրում, թող նկարեն: Ի՞նչ պիտի անեն, պիտի բռնե՞ն: Թող բռնեն, մենք միտինգներին էլ ենք մասնակցել, մարտի 1-ին էլ այնտեղ ենք եղել»,- ասաց ակադեմիայի ուսանողներից մեկը: Իսկ հավաքված կանայք իրենց վրդովմունքն էին հայտնում ընդդիմությանը չմիացած բոլոր քաղաքական գործիչների ու հատկապես ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նկատմամբ` նրանց անվանելով «ժողովրդի դավաճան»: Հատկանշական է, որ Ա.Բաղդասարյանը վերը նշված երկու բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Քիչ ավելի հեռու՝ ոստիկանների մոտ, ընկերների հետ կանգնած հավաքվածներին էր նայում Ա.Բաղդասարյանի տղան` Վահան Բաղդասարյանը, ով սովորում է Ֆրանսիական համալսարանում: Մեր հարցին, թե ինչո՞ւ չի միանում մյուս ուսանողներին ու իր աջակցությունը հայտնում բանտարկյալների կանանց, նա պատասխանեց, թե ինքը համաձայն չէ նրանց հետ: Փորձեցինք ճշտել` համաձայն չէ, որ ազատ արձակեն այդ կանանց ամուսինների՞ն, թե՞ ակցիայի մասնակիցների հնչեցրած գնահատականներին, նա պատասխանեց: «Չէ, համաձայն չեմ, որովհետեւ մի բան արել են, որ նրանց բռնել են: Եթե Ա.Բաղդասարյանը չմիանար իշխանություններին, մարտի 1-ի զոհերն ավելի շատ կլինեին»,- պատասխանեց Վահանը: Իսկ երեկվա ակցիան այսօր կշարունակվի Ֆրանսիայի դեսպանատան մոտ: