– Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելու հարցում կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը շատ ավելի կոշտ էր, քան խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժի` «Ժառանգության» տեսակետը։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։
– Մեր դիրքորոշումը, կարծում եմ, սթափ էր։ Ի տարբերություն այն քաղաքական գործիչների, որոնք ժամանակին Կենտրոնական բանկին ու նրա նախագահին մեղադրում էին հնարավոր ու անհնար բոլոր մեղքերի մեջ, իսկ այժմ վերջինիս որակում են որպես հայկական տնտեսագիտության հայր, մեր դիրքորոշումը հստակ է. նախագահը վարչապետ նշանակում է այն անձին, որը վայելում է խորհրդարանական մեծամասնության վստահությունը։ Խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հանրապետականը որոշել է, որ իր վստահությունը վայելում է Տիգրան Սարգսյանը, դա նրանց որոշումն է, եւ մենք պատրաստ ենք կոալիցիայի շրջանակներում աշխատել ՀՀԿ-ի վստահությունը վայելող վարչապետի հետ։ Եվ, ի տարբերություն տարբեր գործիչների, որոնք բոլոր պատերի տակ, բոլոր անկյուններում, բոլոր մասնավոր զրույցներում մի բան են ասում, իսկ լրատվամիջոցներում, հայկական, ռուսական ինտերնետ կայքերում դիֆերամբներ են ձոնում Տիգրան Սարգսյանին՝ գերազանցելով սոցռեալիզմի ժամանակների պոեզիայի բոլոր անհաջող նմուշները, մենք ասում ենք՝ կաշխատենք, կտեսնենք։ Եվ ընդհանրապես, օրերս Տիգրան Սարգսյանն ասաց, թե պետք է պայքարել, որ մեր հասարակությունում չիշխեն տգետներն ու անդաստիարակները։ Շատ ճիշտ դիտարկում է, բայց ես խորհուրդ կտայի այդ ցուցակում ավելացնել նաեւ ստորաքարշներին, քծնողներին ու քաղաքական լաքեյներին։ Եվ քանի դեռ մեր իրականության մեջ ստորաքարշությունն ու պատեհապաշտությունը ոմանց համար քաղաքական կատեգորիաներ են, այն լրջագույն ռեֆորմները, որոնց մասին խոսվում է, եւ որոնք իսկապես անհրաժեշտ են, իրականացնելը բարդ է լինելու։ Որովհետեւ ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր լաքեյի մտածողությամբ գործչին հասկացնել, որ քծնանքը հարաբերությունների պարտադիր ատրիբուտ չէ։ Իսկ նրանք, ում քծնում են, պետք է հիշեն՝ առաջին դավաճանողները միշտ լինում են նույն այդ քծնողները։ Այնպես որ, «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը ես համարում եմ ճիշտ ու արժանապատիվ, եւ մեր գնահատականը նորանշանակ վարչապետին կտանք համատեղ աշխատանքի որոշ փուլից հետո։ Իսկ անճաշակ ոտանավորներ ձոնելը մեր ոճը չէ։ Մանավանդ, որ այդ «ասմունքողները», կախված լսարանից, նույն անձի հանդեպ հանդես են գալիս խիստ տարբեր ռեպերտուարով։
– Այդուհանդերձ, Տիգրան Սարգսյանին պաշտպանողները նրա առավելությունների շարքում շատ հաստատապես են նշում նրա լուրջ տնտեսագետ լինելը։ Դա բավարար չէ՞ արդեն իսկ որոշակի եզրահանգում անելու համար։
– Մեր տնտեսությունը զգալի աճ արձանագրել է ոչ տնտեսագետ վարչապետների՝ Ռոբերտ Քոչարյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարության ժամանակ, որոնք ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործիչներ էին։ Դրան հակառակ, ունենք Հրանտ Բագրատյանի կառավարության ոչ հաջող փորձը, Արմեն Դարբինյանի տեխնոկրատների կառավարության հպանցիկ ու ձախողված փորձը։ Այնպես որ` լուրջ տնտեսագետ լինելը, իհարկե, լավ է, բայց ոչ միակ անհրաժեշտ ու բավարար պայմանը՝ կառավարություն ղեկավարելու համար։ Բայց, էլի եմ կրկնում՝ կաշխատենք, կտեսնենք։
– Իսկ ԲՀԿ-ին չի՞ վիրավորում, որ նախագահական ընտրություններում ձեր մրցակից ՕԵԿ-ը, որն ԱԺ-ում ունի ընդամենը ութ պատգամավոր, կառավարությունում կարող է ունենալ նույնքան պորտֆել, որքան 25 պատգամավոր ունեցող ԲՀԿ-ն։
– Նախ, չեմ կարծում, թե ՕԵԿ-ը կառավարությունում ունենալու է նույնքան պորտֆել, որքան ԲՀԿ-ն։ Բացի դա՝ ժողովուրդը հրաշալի գիտի յուրաքանչյուր քաղաքական ուժի իրական կշիռն ու վարկանիշը, եւ դա բնավ պայմանավորված չէ պաշտոնների քանակով։ Այդուհանդերձ, վստահ եմ, լուծումները կոալիցիայի ներսում նաեւ այդ հարցի շուրջ կլինեն արդար-ազնիվ եւ, որ ամենակարեւորն է՝ քաղաքական։
– Նախորդ կոալիցիայի չորրորդ կողմը Ռոբերտ Քոչարյանն էր։ Եվ գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն համարվում է Ռ. Քոչարյանի քաղաքական պրոյեկտը։ Դժվար չի՞ լինելու արդյոք կուսակցության համար՝ աշխատել կոալիցիայում, երբ այլեւս չկա Քոչարյանի հովանավորությունը։
– ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մարդկային ջերմ հարաբերություններ ուներ եւ ունի նախկին նախագահի հետ։ Իսկ մնացած «տեղեկությունները» քաղաքական անհաջող վերլուծություններ են։ ԲՀԿ-ն քաղաքական դաշտում ունի իր կարեւոր տեղը եւ քաղաքական գործընթացների ինքնուրույն կողմ է։
– Որպես նախկին լրագրող՝ ինչպե՞ս եք գնահատում այն, որ ԱԺ գրադարանը, տեւական ժամանակ է` չի ստանում ընդդիմադիր որոշ թերթեր։
– Խորհրդարանը պետք է ստանա օրվա ողջ մամուլը, եւ որքան տեղյակ եմ, ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչությունը բոլոր թերթերը ստանում է։ Ինչ վերաբերում է գրադարանին, չեմ կարծում, թե դա ԱԺ նախագահի հրահանգով է արված։ Ավելի շատ հակված եմ մտածել, որ դա խորհրդարանի մի ինչ-որ օղակի ինքնագործունեության արդյունք է։ Այո, մամուլի որոշ միջոցներ հաճախ խախտում են լրագրողական էթիկայի բոլոր հնարավոր նորմերը եւ խորացնում են ստեղծված անհանդուրժողականության մթնոլորտը, սակայն արգելքը ստեղծված իրավիճակը հաղթահարելու ելք չէ։ Հասարակության մեջ առաջացած չհասկացվածության պատը, որի մասին իր երդմնակալության արարողության ժամանակ խոսեց նորընտիր նախագահը, պիտի քանդվի։ Ու մեզանից յուրաքանչյուրը չհասկացվածության եւ փոխադարձ անհանդուրժողականության այդ պատից պիտի հանի իր բաժին քարը։ Այլ ճանապարհ չկա։