Կհեռացնե՞ն Հայաստանին ԵԽ ԽՎ-ից

17/04/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի երեկ մեկնարկած գարնանային նստաշրջանի առաջին իսկ նիստում Հայաստանի նախագահական ընտրություններում ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտը ներկայացրել է ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր զեկույցը:

Նա հայտարարել է համարյա այն, ինչ Երեւանում` ընտրությունների հաջորդ օրը. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել են Հայաստանի` ԵԽ առջեւ ստանձնած պարտավորություններին, սակայն նկատելի են որոշ բացթողումներ, հատկապես հասարակության` ընտրական համակարգի եւ ընտրությունների արդյունքների նկատմամբ ունեցած վստահության հարցում: Իսկ հիմնական «բացթողումներն», ըստ միջազգային դիտորդների` երեքն են. պետության եւ քաղաքական կուսակցությունների միջեւ հստակ տարանջատման, ինչպես նաեւ՝ ընտրական գործընթացների հանդեպ հասարակական վստահության բացակայությունը եւ երրորդ` ընտրական գործընթացների ընթացքում մասնակիցներին տրվող ոչ հավասար պայմանները: Ըստ զեկույցի` չնայած որոշ «կարեւոր» բացթողումներին, 2007թ. ՀՀ ԱԺ ընտրություններում եղել է առաջխաղացում եւ այն հիմնականում համապատասխանել է ԵԽ առջեւ ստանձնած պարտավորություններին ու ժողովրդավարական պահանջներին: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, ըստ դիտորդների` իշխանությունները շարունակաբար հաստատել են ընտրական համակարգն էլ ավելի կատարելագործելու իրենց կամքը եւ մտադրությունը` խոստանալով անել ամեն ինչ, որպեսզի նախագահական ընտրությունները լիովին համապատասխանեն միջազգային չափանիշներին: «Նախագահական ընտրությունները կարեւոր էին նաեւ նրանով, որ որոշվում էր երկրի քաղաքական կուրսը, քանի որ, ըստ ՀՀ Սահմանադրության, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այլեւս չէր կարող մասնակցել ընտրություններին եւ վերընտրվել: Սկզբունքորեն, նախագահական ընտրությունները պետք է լինեն մրցավազք առանձին թեկնածուների միջեւ: Իրականում, Հայաստանում ընտրությունների ընթացքում մրցավազքը առկա էր Սերժ Սարգսյանի, որ վայելում էր իշխանության աջակցությունը, եւ ընդդիմադիր մի շարք թեկնածուների միջեւ, որոնք առաջադրվել էին ընդդիմադիր կուսակցությունների կամ ուժերի կողմից»,- ասված է զեկույցում: Դիտորդները նաեւ նկատել են. «Կոալիցիոն կառավարությունն աջակցում էր վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Իսկ ընդդիմադիր կուսակցություններին այդպես էլ չհաջողվեց համաձայնության գալ միասնական թեկնածուի հարցում: Հենց դրանով էր պայմանավորված ընդդիմության պառակտվածությունը: Ընտրությունների դինամիկան փոխվեց նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ: Նրա քաղաքական պայքարի մեջ մտնելը զգալիորեն ուժեղացրեց մրցակցությունը: Ընտրական գործընթացում զգացվում էր հասարակության վստահության ցածր մակարդակ ընտրական գործընթացների եւ արդյունքների լեգիտիմության նկատմամբ: Շարունակ պտտվում էին լուրեր նախընտրական շրջանում ընտրակեղծիքների եւ ընտրակաշառքների մասին: … Մտահոգիչ է նաեւ այն հանգամանքը, որ մի շարք մարդիկ շարունակ կրկնում էին, որ դժգոհությունները մեծամասամբ առաջացել են իշխանությունների դրսեւորած ռեպրեսիաների պատճառով»,- ասված է զեկույցում: Սակայն, ըստ զեկույցի` իրադարձությունների ծավալման «գագաթնակետը» նկատվել է հետընտրական շրջանում, հատկապես մարտի 1-ի ողբերգական դեպքերի ժամանակ: «Չնայած մեր զեկույցում ներառված չեն հետընտրական գործընթացները, բայց մենք չէինք կարող չանդրադառնալ դրանց: Անմիջապես ընտրությունների նախնական տվյալները հայտնելուց հետո Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ եղել են բազմաթիվ կեղծիքներ, եւ որ իրականում ինքն է հաղթել: Բացի այդ, Արթուր Բաղդասարյանը կասկածի տակ առավ ընտրությունների լեգիտիմությունը, իսկ 4-րդ տեղը զբաղեցրած Վահան Հովհաննիսյանը հրաժարական տվեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնից: Նա իր հրաժարականը մեկնաբանեց ընտրությունների ժամանակ առկա խախտումների եւ ընտրակեղծիքների փաստերով: Լ. Տեր-Պետրոսյանն իր հաղթանակի համար անցկացվող հանրահավաքները վերածեց բողոքի ակցիաների եւ կոչ արեց իր համախոհներին՝ միանալ իրեն եւ չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները: Դրան հաջորդեցին ամենօրյա բողոքի ակցիաներ Երեւանի կենտրոնում, որի շրջանակներում ցուցարարները կոչ էին անում անվավեր ճանաչել արդյունքները եւ անցկացնել նոր ընտրություններ: Տեր-Պետրոսյանի համախոհները դրեցին վրաններ Ազատության հրապարակում: Մինչդեռ, Ռոբերտ Քոչարյանն անվանեց այդ բողոքի ակցիաները «իշխանությունը զավթելու անօրինական փորձ, որով էլ ավելի խորացվեց առկա անջրպետը»: Դրան հաջորդեցին Տեր-Պետրոսյանի աջակիցների ձերբակալումները եւ անհիմն մեղադրանքները, որոնց շարժառիթներն ակնհայտ քաղաքական էին: Մարտի 1-ի վաղ առավոտյան Ոստիկանությունը սկսեց ինչ-որ բաներ փնտրել վրաններում եւ ցուցարարների դիմադրությանը հանդիպելուց հետո որոշում կայացրեց «մաքրել վրանային քաղաքը»: Այդ իրադարձությունների ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, 31 մարդ վիրավորվել է, իսկ Տեր-Պետրոսյանը դե ֆակտո առնվել է տնային կալանքի տակ: Նույն օրը երեկոյան ցուցարարները խմբվեցին Երեւանի մեկ այլ մասում, որտեղ բախումներ տեղի ունեցան նրանց եւ ոստիկանների միջեւ: Իրավիճակը այնքան սրվեց (արդեն կային զոհեր` 7 ցուցարար եւ 1 ոստիկան` ըստ պաշտոնական տվյալների), որ նախագահ Քոչարյանը որոշեց Երեւանում հայտարարել արտակարգ դրություն, քանի որ իրավիճակը կարող էր հարվածի տակ դնել երկրի անվտանգությունը: Արտակարգ իրավիճակի հայտարարումից հետո մեծ թվով Տեր-Պետրոսյանի համախոհներ ձերբակալվեցին, ինչը վկայում է, որ իշխանավորները կիրառեցին խստագույն միջոցներ ընդդիմության նկատմամբ»,- նկարագրված է զեկույցում:

Այսքանից հետո, դիտորդներն արձանագրել են, որ ՀՀ նախագահական ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են ԵԽ առջեւ ստանձնած պարտավորություններին համապատասխան: Եվ թերեւս միայն դիտորդներին է հայտնի, թե ԵԽ առջեւ ստանձնած հատկապես որ պարտավորության «շրջանակներում» տեղի ունեցան այն իրադարձությունները, որոնց մասին մանրակրկտորեն նշել են նախորդ պարբերությունում: Ինչեւէ: Զեկույցը շարունակվում է հետեւյալ կերպ. «Իշխանությունները կատարել են մի շարք բարեփոխումներ իրավական համակարգում, բայց չեն ցուցաբերել համապատասխան քաղաքական կամք` դրանք ի կատար ածելու համար: Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ միջոցներ ձեռնարկել այս զեկույցում նշված բացթողումները շտկելու համար: Հատկապես` վերականգնել հասարակության վստահությունն ընտրական գործընթացների հանդեպ: ՀՀ Սահմանադրության սահմանափակումները երկքաղաքացիություն ունեցող անձանց մասին օրենքում հակասում են ԵԽ չափանիշներին, եւ դրանք պետք է վերացվեն»,- ՀՀ իշխանություններին հորդորում են միջազգային դիտորդները` կոչ անելով իշխանություններին կիրառել ընտրողների` «մատնահետքերով» քվեաթերթիկում նշում կատարելու մեթոդը, որը բավականին արդյունավետ է գործում եվրոպական մի շարք երկրներում: Այսքանը՝ Ջ.Պրեսկոտի զեկույցի մասին, որը, մեղմ ասած, բավական բուռն բանավեճերի առիթ է դարձել ԵԽ ԽՎ-ում: Այսպես, ինչպես տեղեկացնում է «Ա1+»-ի թղթակիցը Ստրասբուրգում, երեկ ԵԽ ԽՎ նստավայրում շրջանառվել է տեղեկություն այն մասին, թե Հայաստանի վերաբերյալ ընդունվելիք բանաձեւում լինելու է նաեւ հայկական պատվիրակության իրավասությունների դադարեցման հարցը, եթե Հայաստանը մինչեւ հունիսյան նստաշրջան չկատարի ընդունվելիք հանձնարարականները: ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այս առնչությամբ ասել է. «Դրա հետ կապված որեւէ հարցական չկա: Պատվիրակության իրավասությունների հետ կապված հարցապնդում այս նիստում չի բարձրացվում: Այսօր քննարկվում է ՀՀ նախագահի ընտրությունների զեկույցը: Իսկ հինգշաբթի օրվա զեկույցը մենք չունենք, որ կարողանանք անդրադարձ անել»: Իսկ հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Ջոն Պրեսկոտի ներկայացրած զեկույցը, Դ. Հարությունյանն ասել է. «Կան դրույթներ, որոնք, իմ կարծիքով, վիճելի են: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ կրկնում է նախորդ զեկույցի դրույթները: Վիճելի դրույթներին մենք անդրադարձ կկատարենք եւ իր հետ միասին կքննարկենք: Մասնավորապես խոսքը վերաբերում է երկքաղաքացիներին պասիվ ընտրական իրավունք շնորհելուն: Կարծում եմ` դա անընդունելի հարցադրում է, անընդունելի Հայաստանում գրեթե բոլորի կողմից: Դժվար թե գտնվեն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք համաձայնեն նման մոտեցումներին: Կան որոշ վիճելի կետեր, որոնք վերաբերում են դատական իշխանությանը. մասնավորապես երկիմաստությունները, որոնց մասին խոսվում է զեկույցում, առկա էին մինչեւ օրենքի վերջին փոփոխությունները: Մասնավորապես Վարչական օրենսգրքի հետ կապված մենք չենք համարում, որ այն պարունակում է երկիմաստություններ, քանի որ հստակեցրել ենք միջազգային փորձագետների հետ: Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ խնդիրները, որոնք զեկույցում ուրվագծված են, մեզ համար եւս առաջնային են, մասնավորապես, որ Ընտրական օրենսդրությունը ներկայումս պետք է վերանայվի եւ բարելավվի, եւ այդ գործընթացին պետք է մասնակից դառնան հնարավորինս լայն շրջանակներ, նաեւ քաղաքացիական հասարակությունը»: