Կոմոտինի, Հունաստան: Սեւ ծովի եւ Կովկասի Սեւծովյան տնտեսական
համագործակցության կազմակերպության 12 երկրների առեւտրի ու էներգիայի
ոլորտի պաշտոնյաները շաբաթ օրը պաշտոնապես հայտարարեցին Եվրոպական
Միության հետ էներգետիկ կապերը զարգացնելու միջոցով հարաբերություններն
ընդլայնելու մասին` ներառյալ կասպյան նավթն արտահանող նոր խողովակների
կառուցումը: «Յուրաքանչուր ոք հաղթում է,- քառօրյա հանդիպման ավարտին ասաց
Հունաստանի արտաքին առեւտրի նախարար Էվրիպիդիս Ստիլիանիդիսը,-
նավթամուղներն օգտակար են տնտեսության, շրջակա միջավայրի եւ միջազգային
զարգացման համար, եւ դա նպաստում է տարածաշրջանում խաղաղության եւ
կայունության հաստատմանը»:
Այսօր Թուրքիայի տարածքով (Բոսֆորի նեղուցով) տարեկան 50 մլն տոննա նավթ է
տեղափոխվում: Նավթային կազմակերպությունները եւ տարածաշրջանի
պետությունները շահագրգռված են գտնել կասպյան նավթը Եվրոպա հասցնելու այս
ձեւի ալտերնատիվ: «Նավերի քանակի աճին զուգընթաց նեղուցում մեծանում է
վթարների հավանականությունը,- հանդիպումից հետո հյուսիս-արեւելյան
Կոմոտինի քաղաքում ասաց Ստիլիանիդիսը,- նավթամուղներն ավելի արագ ու էժան
են, եւ վթարների ռիսկն էլ փոքրանում է»:
Հունիսին նոր` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը գործելու պատրաստ կլինի,
որը կասպյան նավթը Ադրբեջանով եւ Վրաստանով կտեղափոխի 1760 կմ` մինչեւ
Թուրքիայի միջերկրածովյան ափ:
Ծրագրվում է Բուլղարիայի սեւծովյան Բուրգաս նավահանգիստը կապել Ալեքսանդրապոլիսի (Հունաստան) եւ Վլորայի (Ալբանիա) հետ:
Թուրքիայի արտգործնախարարի ներկայացուցիչ Էնդեր Արատն ասաց, որ
Բաքու-Ջեյհան նախագիծը, հակառակ ձգձգման կանխատեսումներին, կսկսվի ճիշտ
ժամանակին: «Կառուցման հետ կապված ուշացումներ եղան Վրաստանում: Այլ
խնդիրներ էլ եղան, բայց ամեն ինչ լուծված է»,- ասաց նա:
Կազմակերպության 12 անդամ երկրների ներկայացուցիչները ստորագրեցին
կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, էներգետիկայի եւ տուրիզմի
բնագավառներում Եվրոպական Միության հետ հարաբերություններն ընդլայնելու
մասին հայտարարություն:
Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան եւ ՈՒկրաինան արդեն Եվրոպական
Միության «Նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում Եվրոպական
Միությունից շուկայական ուղղվածության բարեփոխումներ անելու համար
ֆինանսական եւ խորհրդատվական օգնություն են ստանում:
«Վաշինգթոն պոստ»,
«Նյու Յորք թայմս»
23 ապրիլի, 2005թ.,
ըստ «Ասոշիեյթիդ պրեսս»-ի