Իշխանությունից դուրս

17/04/2008

«Սերժ Սարգսյանին համարում եմ ընտրված նախագահ: Ես եւ Սերժ Սարգսյանը կարող ենք միասին աշխատել, շփվել, բայց ոչ իշխանության մեջ»,- «Ազատությանը» տված հարցազրույցում երեկ հայտարարել է «Դաշինք» կուսակցության նախկին նախագահ Սամվել Բաբայանը: Նա ասել է, որ «Դաշինքի», «Ազգային վերածնունդի» եւ ՀՌԱԿ-ի միավորման համագումարն ուշանում է, քանի որ բանակցություններ են ընթանում եւս 45 կուսակցությունների հետ: Ըստ Ս. Բաբայանի, նոր կուսակցությունը բոլոր դեպքերում կոչվելու է Ռամկավար-ազատական եւ լինելու է կառուցողական ընդդիմություն: Մարտի 1-ի իրադարձություններում Բաբայանը տեսնում է իշխանությունների մեղքը: Նրա կարծիքով՝ իշխանությունների գործունեության հետեւանքով հասարակության մեջ դժգոհություն առաջացավ, որն արտահայտվեց մարտի 1-ին: Անդրադառնալով ապագային, նա կանխատեսել է, որ «դժգոհները կհավաքվեն ուրիշ լիդերի շուրջ, այլ ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի»: Նա անդրադարձել է նաեւ ԼՂՀ հակամարտության կարգավորմանը. «Չեմ տեսնում այն քաղաքական ուժը, այն թիմը, որոնք ԼՂ հարցի լուծումն ինքնուրույն կարողանան գտնել բանակցային սեղանի շուրջ»: Իսկ հարցին, թե արդյոք լա՞վ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, նա պատասխանել է. «Ինքն ասել է, որ իր հնարավորությունը սա էր: Ես հավատում եմ, որ այդքան կարող էր նա անել»: