Երեկ Հայաստանի վերաքննիչ դատարանը Գյումրիում գործող ԳԱԼԱ հեռուստաընկերությանը զրկել է քաղաքապետարանին պատկանող հեռուստաաշտարակն օգտագործելու հնարավորությունից, ուժի մեջ թողնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Քաղաքապետարանը «ՉԱՊ» ընկերությունից պահանջել էր ազատել հեռուստաաշտարակը ԳԱԼԱ-ի անտենաներից: «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք ԳԱԼԱ-ն որոշ ժամանակով չի եթերազրկվի, հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը պատասխանել է. «Քաղաքում շատ տեղեր կան, որտեղ բարի կամեցողության մարդիկ մեզ առաջարկել են տեղադրել անտենաները: Կան միջոցներ՝ պահպանելու համար մեր եթերը»: