Ստորագրահավաք

17/04/2008

Շիրակի մարզի Ձորակապ գյուղում երեկ կազմակերպվել է ստորագրահավաք` ի պաշտպանություն հետընտրական շրջանում կալանավորված Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների: Վերջիններս ծնունդով Ձորակապից են: Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) նա կարող է դատապարտվել 5-10 տարվա ազատազրկման: Իսկ Շոթա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար, եւ նա կարող է դատապարտվել 2-5 տարվա ազատազրկման: Նշենք, որ ստորագրահավաքի նախաձեռնողը Մուշեղ Սաղաթելյանի որդին է` Սեւակ Սաղաթելյանը: «Սա էլ պայքարի ձեւ է, մարդիկ ցանկանում են իրենց զորակցությունը հայտնել քաղբանտարկյալներին: Պայքարը դեռ չի ավարտվել: Պայքարը շարունակվելու է մինչեւ արդարության վերջնական հաղթանակը»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Սեւակ Սաղաթելյանը: Երեկվա ընթացքում հավաքվել է 200-ից ավելի ստորագրություն: Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզից փետրվարի 19-ից առ այսօր անազատության մեջ է գտնվում 9 անձ: Իսկ մարտի 27-ին Մարալիկում ի պաշտպանություն 7 տարվա ազատազրկման դատապարտված նախկին ազատամարտիկ Հ. Ուռուտյանի սկսված ստորագրահավաքին (արդար դատավարություն անցկացնելու եւ Ուռուտյանին ազատ արձակելու պահանջով) այսօրվա դրությամբ միացել է 2500-ից ավելի մարդ: