Հետապնդումների քրոնիկոն

17/04/2008

Երեկ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ-կոնցեռնը» հաղորդագրություն է տարածել, որտեղ մանրամասն նշված են նախորդ տարվա սեպտեմբերից կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների դեմ իրականացված բոլոր գործողությունները:

Հաղորդագրությունը ներկայացնում ենք որոշ կրճատումներով: «Ինչպես քաջ հայտնի է լայն հանրությանը, քաղաքացիական կողմնորոշումները եւ հայացքները ազատ արտահայտելու, սեփական կամքը դրսեւորելու համար քաղաքական հետապնդումների է ենթարկվում ՀՀ ԱԺ պատգամավոր, հայտնի տնտեսական գործիչ Խաչատուր Սուքիասյանը… Իսկ այդ հետապնդումները սկսվեցին 2007թ. սեպտեմբերի 21-ից հետո, երբ Խ. Սուքիասյանը «համարձակվեց» ընդունել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավերը` մասնակցելու Հայաստանի Անկախության օրվան նվիրված ընդունելությանը: Ընդամենը մի քանի օր անց սկսվեցին անթաքույց ամոթալի գործողությունները Խ. Սուքիասյանի, ընտանիքի անդամների, «Սիլ-կոնցեռնում» ընդգրկված գրեթե բոլոր ձեռնարկությունների նկատմամբ: Թվարկենք միայն մի քանիսը.

1. Սեպտեմբերի 24-ին «Երեւանի Ալրաղաց» ԲԲԸ գործունեության առարկաների (առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի) գրքերում գրանցման ճշտության ստուգման պատրվակով մի խումբ հարկային տեսուչներ ոստիկանների ապօրինի ուղեկցությամբ ներխուժեցին ձեռնարկություն: Ստուգումների արդյունքում որեւէ խախտում չարձանագրվեց: Ստորագրվեց մի պատշաճ ակտ: Սակայն քաղաքական պատվերով առաջնորդվող հարկային տեսչությունը չէր ցանկանում գնալ օրինական ճանապարհով: Տեսուչները հայտարարեցին, որ կասեցնում են ստուգումները, ինչը օրենքից դուրս, կամայական որոշում էր, քանի որ ստուգումները ավարտված էին եւ ակտավորված: Օրեր անց նորից ոստիկանների ուղեկցությամբ (ինչը յուրահատուկ «ավանդույթ» դարձավ «Սիլ-կոնցեռնի» ձեռնարկությունները ստուգելիս) հարկային մարմինների տեսուչները ներխուժեցին ձեռնարկություն եւ ոտնահարելով օրինականության բոլոր նորմերը, կազմեցին նոր կեղծ եւ ապօրինի ակտ: Առ այսօր երկրի բոլոր պատկան մարմինները չեն արձագանքում ընկերության գանգատներին եւ հայցադիմումներին, իսկ ալրաղացի աշխատանքները երկար ժամանակ ձախողված էր:

2. 2007թ. հոկտեմբերի 18-ին հարկային տեսուչները ոստիկանության 25 աշխատակիցների ուղեկցությամբ, խախտելով ստուգումների մասին օրենքների պահանջները, ներխուժեցին «Պիցցա դի Ռոմա» ՍՊԸ` հարկային պարտավորությունների կատարման ճշտությունը ստուգելու պատրվակով: Հոգեբանական եւ ֆիզիկական ճնշմամբ շինծու խոստովանություններ կորզեցին մի քանի աշխատակիցներից, ձերբակալեցին ընկերության տնօրեն Գ. Սաֆարյանին (որն առ այսօր կալանքի տակ է) հարկային պարտավորություններից խուսափելու անհիմն մեղադրանքով: Ապա ապօրինի կալանք դրեցին Սուքիասյան ընտանիքին պատկանող այն անշարժ գույքերի վրա, որոնք վարձակալությամբ օգտագործում էր «Պիցցա դի Ռոմա» ՍՊԸ-ն: Այդպիսով, կոպտորեն խախտվեց օրենքի (ՀՀ Սահմանադրության 8 եւ 31 հոդվածներ, Քաղ. օր.-ի 163 եւ 60-րդ հոդվածները) նորմերը, ինչը մեր ուսումնասիրություններով նախադեպը չունի մեր երկրի նորագույն պատմության մեջ…

3. 2007թ. հոկտեմբերի 10-ից հետո հարկային տեսչության աշխատակիցները տասնյակ ոստիկանների ուղեկցությամբ այս անգամ ներխուժեցին «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ, խախտելով հերթական ստուգման ժամկետները: Նշենք, որ նախկինում բազմաթիվ ստուգումների արդյունքում այստեղ մշտապես արձանագրվում էր հարկային պարտավորությունների անթերի կատարում … Այնուհետեւ ձերբակալվեց գործարանի տնօրեն Ս. Հովհաննիսյանը (նա առ այսօր մեկուսարանում է եւ ապրիլի 1-ի դրությամբ հացադուլ է հայտարարել): Ավելին, ՌԴ պատկան մարմիններին նույնիսկ հաղորդում էր հղվել ՀՀ Ոստիկանության կողմից, որ «Բջնի» հանքային ջրի շշալցումը կատարվում է գետակից, սովորական աղբյուրի ծորակից, բայց ոչ «Բջնի» հանքից: Հայաստանի որոշ պետական պաշտոնյաներ նույնպես փորձել են ՌԴ-ի իրենց գործընկերների միջոցով վարկաբեկել ՌԴ-ում «Բջնի» հանքային ջրի բարի համբավը:

4. ՀՀ Մաքսային պետական կոմիտեն տարիներ շարունակ որեւէ հիմք չի ունեցել եւ, հետեւաբար, պայմանագրային արժեքի դիմաց շուկայական գին չի սահմանել «ADIDAS» ապրանքատեսակի նկատմամբ, որը ներկրում է «Սպորտ-Թայմ» ՍՊԸ-ն: Սակայն, 2007թ. հոկտեմբերի 16-ին ՀԳ ներկրված 96 069 300 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքի գնի նկատմամբ ՀՀ Մաքսային օրենսգրքի 91 հոդվածի խախտմամբ կիրառվեց շուկայական գին: Ընկերության գանգատները որեւէ արդյունքի չբերեցին, այն ստիպված կատարեց վճարումները, սակայն նույնիսկ վճարումներից հետո մաքսային մարմինները նորից բարձրացրեցին մաքսազերծվող ապրանքի գինը, ինչի արդյունքում ընկերությունը ստիպված էր վճարել հավելյալ 11 մլն դրամ մաքսավճար: Ավելին, ընկերությանը մատակարարված հաջորդ բեռնաքանակների նկատմամբ կիրառվեց նույն ապօրինությունը…

5. 2007թ. նոյեմբերին մաքսային մարմինները կասեցրին 13 տարի շարունակ մաքսային պահեստի գործառույթները հաջողությամբ իրականացնող «Տրանս-Սերվիս» ՍՊԸ լիցենզիան` ձեւական պատճառաբանությամբ:

6. 2008թ. սկզբին մաքսային մարմինների ուշադրությունը սեւեռվեց «Պարես-Արմենիա» ՍՊԸ-ի վրա, որը «Ֆիլիպ Մորիս» ընկերության արտադրանքի ՀՀ միակ ներկրողն է: Վերջին շրջանում 3 խմբաքանակով ընդհանուր առմամբ մեկ մլրդ երեք հարյուր հիսուն մլն դրամի արժողությամբ ներկրված ծխախոտի մաքսամաքրման վճարները ընկերությունը թեեւ ժամանակին վճարել է, սակայն ապրանքը մաքսային պահեստներից բաց չեն թողնում առանց որեւէ պատճառաբանության: «ՊԱ» ՍՊԸ-ն նաեւ խոշոր գումարներ է վճարել ակցիզային դրոշմանիշներ ձեռք բերելու համար, սակայն այդ դրոշմանիշները եւս ընկերությանը չեն տրամադրում: Արդյունքում, հսկայական վնասներ է կրում ընկերությունը, բնականաբար, պակասել են բյուջետային վճարումները, դեֆիցիտի պայմաններում կտրուկ աճել է տվյալ սիգարետների շուկայական գինը:

7. Ստուգումներ են անցկացվել նաեւ «Նարեկ» ՍՊԸ-ում, Սուքիասյան ընտանիքի անդամներին պատկանող այլ ձեռնարկություններում, որոնց նպատակը միակն էր` շեղել բնականոն ընթացքից այդ ձեռնարկությունների գործունեությունը:

Ոստիկանությունը արդեն տեւական ժամանակ է, ինչ ապօրինաբար առգրավել է «Սիլ-կոնցեռնին» պատկանող երեք թանկարժեք մեքենաներ, ինչպես նաեւ մեկ հատ «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, զինամթերք պահելու անհիմն մեղադրանքով նախնական կալանքի է ենթարկել համակարգի աշխատակիցներ Մ.Բաղդասարյանին եւ Ա.Ասատրյանին:

Այսօր դժվար է ասել, թե ում թելադրանքով է, որ մի շարք պետական հաստատություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ հրաժարվում են (նույնիսկ նյութական եւ աշխատանքային կորուստներ կրելով) «Սիլ-կոնցեռնի» մատուցած ծառայություններից, որ քաղաքապետարանն ինչ-ինչ պատճառաբանությամբ արգելում է շինարարական աշխատանքները: Դժվար է տրամաբանել, թե ինչ վտանգ են ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը Սուքիասյանների ընտանիքի անդամները, եթե գաղտնալսվում են նրանց հեռախոսազրույցները եւ գաղտնահսկվում է նրանց տեղաշարժը: Եվ, վերջապես, ամենաամոթալին` միայն ՀՀ Նախագահի ընդդիմադիր թեկնածուին աջակցելու Խ.Սուքիասյանի դեմ քրեական գործ հարուցվեց եւ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդությամբ ԱԺ հնազանդ եւ կամազուրկ պատգամավորների համաձայնությամբ նա զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Սակայն, մենք համոզված ենք, որ օրինականությունն ու արդարությունը, միեւնույն է, վերականգնվելու են ՀՀ-ում, եւ ազատական, ժողովրդավարական գաղափարները, որոնց կրողն էր եւ որի համար պայքարողն է Խ. Սուքիասյանը, անպայման հաղթելու են»,- ասված է հաղորդագրության մեջ: