«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը երեկ հրավիրված ասուլիսում` անդրադառնալով իշխանություն- ընդդիմություն երկխոսությանը, ինչպես նաեւ՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իր երդմնակալության արարողության ժամանակ «հասարակության եւ իշխանության միջեւ եղած պատը քանդելու» մասին արված հայտարարությանը, ասաց, որ այդ երկխոսությունն առաջին հերթին պետք է ունենա ճշգրիտ օրակարգ:
«Այդպիսի օրակարգ նաեւ միջազգային կառույցների Հայաստան եկած ներկայացուցիչները խորհուրդ տվեցին, նշեցին` ելնելով նաեւ միջազգային պրակտիկայից: Այստեղ հեծանիվ հայտնագործելու խնդիր էլ չկա, դա քաղաքական ակտիվության հետեւանքով կալանվածների ազատ արձակումն է եւ մարտի 1-ի դեպքերի անաչառ հետաքննությունը,- հայտարարեց Վ.Խաչատրյանը` ավելացնելով,- Բացարձակ անհասկանալի է, երբ մի կողմից բոլորը մեղավոր են, իսկ մյուս կողմում մեղավորներ չկան: Դա՝ այն պայմաններում, երբ հայտարարությամբ հանդես է գալիս Դատախազության ներկայացուցիչը` ասելով, որ ամեն ինչ հաշվառված է` եւ՛ հատուկ միջոցները, եւ՛ զենքերը: Մարդիկ մահացել են զենքերից ու հատուկ միջոցներից, բայց ո՞ւմ զենքից, ո՞ր մեկի հատուկ միջոցից, ո՞վ էր այդ մահացու հարվածը հասցնողը` որեւէ խոսք չկա»: Պատգամավորի կարծիքով, չափազանց կարեւոր է, որ իրենց պաշտոնական դիրքը չարաշահած անձինք պատասխանատվության ենթարկվեն: «Հասարակական վստահության առումով, շատ լուրջ խնդիր է, որ այն մարդիկ, ովքեր չարաշահել են իշխանությունը, ինչպես, ասենք, առանձին վերցրած ոստիկանապետեր, խրախուսվել են, որը հասարակայնորեն անթույլատրելի է»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը: Անդրադառնալով ընդդիմության հետագա հնարավոր քայլերին, Վ.Խաչատրյանը կանխատեսեց, որ ընդդիմությունը կփորձի վերականգնել «կենդանի կապը ժողովրդի հետ», որն այսօր ընդհատված է: Կենդանի կապ ասելով` նա նկատի ունի հանրահավաքները, քանի որ հեռուստատեսային եթերը փակ է ընդդիմության առջեւ: Պատգամավորը խոսեց նաեւ երեկ մեկնարկած ԵԽ ԽՎ նստաշրջանի մասին, որի օրակարգում է նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցը: Լրագրողների հարցին, թե` ինչպիսի՞ դիրքորոշում կորդեգրի Հայաստանին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ ԵԽ ԽՎ նիստին մասնակցող «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, նա պատասխանեց. «Մեզ համար բավական պարզորոշ է, որ քաղաքական գիծն ինչպես այստեղ ենք սպասարկում, այնպես էլ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական լիդերը պետք է սպասարկի այնտեղ: Այսինքն` լուրջ շրջադարձեր այս առումով չեն կարող լինել»: Նա դժվարացավ կանխատեսել, թե կոնկրետ ինչպիսի եզրահանգումների կարող են հանգել ԵԽ ԽՎ-ում, այդուհանդերձ չբացառելով անգամ հայկական պատվիրակության լիազորությունների սառեցումը: Ինչ վերաբերում է անցած շաբաթ ԱԺ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով կայացած քննարկումներին, ապա «Ժառանգության» պատգամավորը գտնում է, որ դա վկայում է Հայաստանի` ոչ այնքան բարենպաստ դիրքերի մասին: «ՀՀ խորհրդարանում ԼՂ հիմնախնդրին վերաբերող հայտարարության նախագծի գոյությունը փաստացի ապացույցն է այն իրողության, որ մենք ունենք լուրջ խնդիրներ բանակցային գործընթացում: ՄԱԿ-ի 1614 բանաձեւը որեւէ կերպ հաղթական երանգներով ներկելը համարում ենք անթույլատրելի, քանի որ այդպիսի երեւույթ տեղ գտավ այս փաստաթղթի քննարկման ժամանակ: Առաջին հերթին մենք բաց ենք թողել այն, թե ով առաջինը սկսեց այս հակամարտությունը եւ ով էր պատերազմի հրձիգը, որը միջազգային իրավական տեսակետից կարեւորագույն հանգամանք է: Դա այն առանցքային հիմնակետն է, որի շուրջն էլ պտտվում է վերջնական այս կամ այն համաձայնությունը կամ կողմերի միջեւ հաշտության պայմանագիրը: Այս հարցում մենք ունենք լուրջ բացթողում, այն դեպքում, երբ միջազգային ժամանակագրական ցանկերի, մասնավորապես, Օքսֆորդյան հանրագիտական հրատարակումների մեջ 1990թ. մտած է որպես Բաքվում հայ քրիստոնյաների ոչնչացման տարի»,- նկատեց Վ. Խաչատրյանը: Իսկ այն հարցին, թե որքանո՞վ հնարավոր կլինի բանակցությունները վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներ, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել այն ՄԱԿ տեղափոխելու համար, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Ադրբեջանցիները շեշտը դնում են, որ, եթե անգամ լինի վերադարձ Մինսկի խմբի շրջանակներ, դա պետք է լինի միայն այն փաստաթղթային հենքի վրա, ինչը ՄԱԿ-ի լիագումար նիստի բանաձեւում ընդունվել է: Սա, իմ կարծիքով, ոչ միայն որոշակի վտանգներ է պարունակում, այլեւ իր մեջ ներառում է հնարավորություն օտարելու գործընթացն այդ շրջանակից»: