«Հետքննություն» չի լինի

17/04/2008 Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ

Անցյալի մնացուկը

«Խնդրում եմ իմ գործն ուղարկել հետքննության»: Այս ձեւակերպումը դեռեւս բավական հաճախ է հանդիպում ամբաստանյալների վերաքննիչ բողոքներում, նրանց դատական ճառերում: Ամբաստանյալների սիրած այդ «հետքննությունը» լրացուցիչ նախաքննություն ասվածն է, որն օրենքով արդեն վերացված է մեր երկրում՝ չնայած հատկապես ամբաստանյալները համառորեն չեն մոռանում դրա մասին ու հույսեր են կապում գործի քննության հենց ա՛յդ փուլի հետ: 2007թ. ընթացքում առաջին ատյանի դատարանները 17 անձի նկատմամբ գործերը հանձնել են լրացուցիչ նախաքննության: Քրեական վերաքննիչ դատարանում բողոքարկված գործերից երկուսն է ուղարկվել լրացուցիչ նախաքննության: Առաջին ատյանի դատարանների կողմից լրացուցիչ նախաքննության ուղարկված գործերից 8-ով կայացված որոշումները վերաքննիչի կողմից բեկանվել են, գործերն ուղարկվել նոր դատաքննության: Սրանք լրացուցիչ նախաքննությանը վերաբերող վերջին որոշումներն ու բեկանումները կլինեն: Գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտը խորհրդային ժամանակներից ժառանգված մնացուկ էր, որը բավական երկար ժամանակ պահպանեց իր կենսունակությունը: Լրացուցիչ նախաքննության ուղարկված շատ գործերի «մեջքն է կոտրվել», շատ գործեր են այդ փուլում կոծկվել ու անաղմուկ կարճվել կամ վերաորակում ստացել: Պատահել է նաեւ հակառակը. գործը, իրոք, լիարժեք բացահայտվել է հատկապես լրացուցիչ նախաքննության ժամանակ: Ամեն դեպքում՝ լրացուցիչ նախաքննության ուղարկված յուրաքանչյուր գործ վկայում էր այն մասին, որ բուն նախաքննությունն ընթացել էր էական թերություններով, այնպիսի բացթողումներով, որոնք անհնարին էր եղել այլեւս լրացնել դատաքննության ընթացքում: Այդ իսկ պատճառով դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացնող դատախազները հաճախ բոլոր ջանքերը գործադրում էին, դատախազական ճնշման բոլոր լծակները կիրառում, միայն թե դատարանը գործը լրացուցիչ նախաքննության չուղարկի, դրանով չփչացնի տարեկան հաշվետվությունները: Պատահում էր նաեւ հակառակը. մեղադրանքի կողմն ինքն էր միջնորդում գործը լրացուցիչ նախաքննության ուղարկել: Դա կարող էր ամենատարբեր դրդապատճառներն ունենալ՝ սկսած գործը լիարժեք բացահայտելու օրինական ու պատասխանատու ձգտումից, վերջացրած՝ գործը կոծկելու սուբյեկտիվ մղումներով: Դատարաններն էլ, իրենց հերթին, միշտ չէ, որ գործը տեղին էին վերադարձնում լրացուցիչ նախաքննության: Երբեմն նրանք պարզապես չէին համարձակվում դատարանին արժանի անկախ դիրքորոշում դրսեւորել եւ, ասենք, արդարացման դատավճիռ կայացնել այն դեպքերում, երբ գործի բուն նախաքննության ընթացքում նախաքննական մարմինը բոլորովին չէր կարողացել ապացուցել ամբաստանվող կողմի մեղքը:

Հստակ բողոքի շրջանակներում

Մինչեւ հիմա էլ դատարաններից «հետքննություն» պահանջող ամբաստանյալները, որոնց մեջ ավելի մեծ թիվ են կազմում նախկինում դատվածություն ունեցողները, ավելի հաճախ գործի քննությունը ձգձգելու, արարքի որակման՝ իրենց ձեռնտու փոփոխությանը հասնելու, դատավճռի հրապարակման պահը հնարավորինս ուշացնելու միտում են ունենում: Սակայն բողոքի մեջ սխալ ձեւակերպում կատարելով, պահանջելով մի բան, որն արդեն օրենքով վերացված է, գոյություն չունի, նրանք վտանգում են դատավճիռը բողոքարկելու իրենց իրավունքը, որովհետեւ նրանց բողոքը պարզապես կարող է քննության չառնվել: Ինչպես վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ դատարանները, օրենքի համաձայն, պետք է քննության առնեն այն բողոքները, որոնք ճիշտ են ձեւակերպված, հստակ արտահայտում են բողոքի հեղինակի՝ օրենքից բխող պահանջները: Երկու ատյաններն էլ գործի քննությունը պետք է իրականացնեն միայն բողոքի շրջանակներում: Եթե, ասենք, ամբաստանյալը, ընդունելով հանդերձ իր մեղքը, բողոքով միջնորդել է մեղմացնել նախորդ դատական ատյանի սահմանած պատիժը, ապա վերաքննիչ դատարանը քննության է առնում միայն պատժի համապատասխանության հարցը, հետազոտում միայն գործի այն նյութերը, որոնք կապված են պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների հետ: Ո՛չ ավելին: Այսինքն, եթե ձեւականորեն ինչ-որ բան գրես բողոքում եւ հույս ունենաս, թե դատարանում արդեն կձեւակերպես ճիշտ պահանջդ, չարաչար կսխալվես: Նման մեխանիզմն արդեն մեր օրերում իրական չէ եւ հաջողություն չի բերի: Այս առումով պետք է ասել, որ շատ է կարեւորվում հատկապես հանրային պաշտպանների ինստիտուտի կայացումը, որովհետեւ առավել խոցելի են մնում սոցիալապես անապահով մարդիկ, որոնք հայտնի փաստաբանների ծառայությունից օգտվելու շքեղությունն իրենց թույլ տալ չեն կարող, բայց, միեւնույն ժամանակ, օրենքի առաջ հավասար են բոլորին, նաեւ՝ ամենաապահովվածներին: Եթե կասկածյալը, մեղադրյալն ի սկզբանե ապահովվում են փաստաբանական որակյալ ծառայությամբ, ապա դրանից ոչ միայն կասկածյալն ու մեղադրյալն են շահում, այլեւ շահում է մեր արդարադատության ամբողջ համակարգը, որովհետեւ նախաքննությունն իրականացնող մարմինն ավելի զգոն է լինում, ավելի հետեւողական՝ օրենքները չոտնահարելու հարցում: Քանի որ այլեւս վերացված է լրացուցիչ նախաքննության հին ինստիտուտը, չկա անորակ նախաքննությունը քիչ թե շատ շտկելու պապական հին մեխանիզմը, ուրեմն մեծ կարեւորություն է ձեռք բերում բուն նախաքննության օրինավոր, հիմնավոր անցկացումը: Հետեւաբար, ինչպես նախաքննական մարմինը, այնպես էլ մեղադրվող կողմը պետք է քաջ գիտակցեն, որ հենց նախաքննությունը պետք է ծառայեցնեն գործի լիակատար բացահայտմանը: Առաջին կողմը պետք է օրինական ձեւով հիմնավորի մեղադրանքը, իսկ երկրորդ կողմն էլ պետք է ձգտի գրագետ ձեւով իրականացնել իր պաշտպանությունը եւ տեր լինել իր հիմնարար իրավունքներին:

Հանուն արդար դատաքննության

Լրացուցիչ նախաքննության ինստիտուտի վերացումն օրախնդիր էր երկար ժամանակ, բայց վերացվեց սահմանադրական բարեփոխումներից հետո, հենց Սահմանադրական դատարանի որոշմամբ: Գործը դատարանից լրացուցիչ նախաքննության վերադարձնելու՝ նախկին քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված կարգը Սահմանադրական դատարանն անհամատեղելի գնահատեց սահմանադրական փոփոխությունների արդյունքում կատարվող բարեփոխումների տրամաբանությանը: Քր.գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտի կիրառությունը պարունակում էր արդար դատաքննության տարրերից մեկի՝ դատաքննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու պահանջի խախտման ակնհայտ վտանգ: Բոլորը գիտեն, որ լրացուցիչ նախաքննության վերադարձնելու պարագայում շատ գործեր մի քանի ամբողջական պտույտ էին կատարում դատական ատյաններում, ինչի արդյունքում տուժում էր արդարադատության իրականացման արդյունավետությունը, արդարացի պատժի սկզբունքների եւ նպատակների պահպանությունը: Սահմանադրության 21-րդ հոդվածով ամրագրված՝ անմեղության կանխավարկածի կարեւորագույն բաղադրատարրերից է չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի, ամբաստանյալի մեկնաբանելու պահանջը: Մինչդեռ այն դեպքերում, երբ դատարանը համոզվում էր, որ նախաքննական մարմնի կողմից ամբաստանյալի մեղքը ոչ լիարժեք է հիմնավորվել, երբեմն նույնիսկ՝ բոլորովին չի հիմնավորվել, միեւնույն է, գործն ուղարկում էր մեկ անգամ եւս նախաքննելու՝ անուղղակիորեն դրսեւորելով մեղադրական թեքում, այսինքն, ժամանակից շուտ ցույց տալով իր դիրքորոշումը, ամբաստանյալին մեղավոր ճանաչելու իր ցանկությունը: Նման պարագայում անաչառ դատաքննության մասին արդեն դժվար էր խոսել, առավել եւս, որ լրացուցիչ նախաքննության ուղարկելու որոշման մեջ դատարանը մեկ առ մեկ թվարկում էր այն միջոցները, որոնք պետք է կիրառեր նախաքննական մարմինը՝ մարդու մեղքը գոնե այս կամ այն չափով հիմնավորելու համար: Այսպիսով՝ դատարանը հանդես էր գալիս ոչ թե որպես արդարադատության անկախ ու անաչառ իրականացնող, այլ որպես նախաքննական մարմնի՝ ինչ-որ իմաստով վերադաս, ավելի լավ մեղադրելու ցուցումներ տվող, մեղադրանքի պաշտպանության՝ մի տեսակ անուղղակի, բայց ակնհայտորեն՝ շահագրգիռ կողմ: ՍԴ-ն ամրագրել է նաեւ, որ դատարանի որոշմամբ քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելն անհամատեղելի է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպայի կոնվենցիայի 6-րդ հոդվածին: Եթե հենց դատարանի կողմից կոպտորեն ոտնահարվում են անմեղության կանխավարկածի, մարդու՝ դատական պաշտպանության իրավունքի, ազատ ապրելու եւ այլ իրավունքների հիմնարար դրույթները, ապա նույն այդ դատարանն այլեւս ի զորու չէ արդար, անկողմնակալ, օրինական դատաքննություն իրականացնելու:

Նոր ի հայտ եկած հանգամանքներ

Այնուամենայնիվ, հնարավոր է, որ հենց դատաքննության ժամանակ ի հայտ գան մինչ այդ պահը անհայտ, սակայն գործի լիարժեք բացահայտման համար շատ նշանակալից հանգամանքներ: Այդ դեպքում օրենքով հետեւյալ լուծումն է նախատեսվում: Եթե ընդհանուր իրավասության կամ մասնագիտական դատարանում մեղադրողը եզրակացնում է, որ մեղադրանքը ենթակա է մեղմացման կամ խստացման, քանի որ դատական քննության ժամանակ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չէին մինչդատական վարույթում, ապա նա իրավունք ունի միջնորդություն ներկայացնելու դատարան՝ արարքը վերաորակելու նպատակով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Դատարանը, դատախազի միջնորդությամբ, հետաձգում է նիստը՝ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու եւ նոր մեղադրանք առաջադրելու համար: Բոլոր դեպքերում, եթե գործն ընդունվել է դատարանի վարույթ, ապա պետք է հանգուցալուծվի հենց դատարանում:

Արդարացման դատավճիռներ

Պարզ է, որ նման մոտեցման պարագայում անհամեմատ կավելանա արդարացման դատավճիռների քանակը: Այսինքն, եթե նախաքննական մարմինը թերանա եւ դատարան ուղարկի ամբաստանյալի մեղքը չհիմնավորող գործ, ապա դատարանին մեկ ճամփա է մնում՝ արդարացնելը: 2007թ. դատավճիռներով արդարացվել է տասը մարդ. 4-ը՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից, մեկը՝ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների, երկուսը՝ Լոռու մարզի, մեկը՝ Սյունիքի մարզի, մեկը՝ Արմավիրի մարզի, մեկը՝ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանների կողմից: Էականորեն մեծացել է նախաքննական մարմնի դերը, նրա պատասխանատվությունը՝ հանցագործությունների բացահայտման եւ հանցագործների համաչափ պատիժն ապահովելու հարցում: Այլապես, նախաքննական մարմնի թերացման պարագայում, կարող ենք գործ ունենալ նաեւ անպատժելիության մթնոլորտի տարածման փաստի հետ, երբ հանցանք կատարած մարդը, նախաքննական մարմնի վատ աշխատանքն իր համար սողանցք դարձնելով՝ կարող է խույս տալ պատասխանատվությունից ու պատժից: Նախաքննական մարմնի պատասխանատվության բարձրացումով կուժեղացվի նաեւ պայքարը կոռուպցիայի դեմ. այսինքն, կպակասի անհիմն մեղադրանքներով դատապարտվածների թիվը: Բայց կարող է լինել նաեւ հակառակը, երբ ակնհայտորեն կատարված մեղքը միտումնավոր կերպով վատ կհիմնավորվի՝ կանխավ ապահովելով արդարացման դատավճիռը:

Այս վերջին հանգամանքը նույնպես չպետք է անտեսվի, հատկապես՝ նոր օրենսդրության մշակման հետագա ընթացքում, քանի որ սողանցքներ գտնելու հարցում հնարամիտներ միշտ էլ կգտնվեն: