ՀՀ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների Շիրակի մարզի Անիի տարածքի վետերանների մասնաճյուղի արձագանքը Օձունի բնակիչների բաց նամակին (Պատճենն ուղարկել են նաեւ ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Ո.Մ. Կարապետյանին):
«Կարդալով Ձեր ապրիլի 5-7 2008թ. 30 (398) համարում զետեղված «Ովքեր են արջի ծառայություն մատուցում իշխանություններին» օձունցիների բաց նամակը ՀՀ նորընտիր նախագահ Ս. Սարգսյանին, Անիի տարածքային վետերանների խորհուրդը իր խորը անհանգստությունն ու զայրույթն է արտահայտում Օձունի գյուղապետի հանցավոր արարքների նկատմամբ։ Ինչպես նամակում է նշված, այդ կիսագրագետ, նախկինում մի քանի անգամ դատապարտված անձը դառնալով գյուղապետ՝ ավերել ու վաճառել է առողջապահական, մոր ու մանկան համալիրները, տնտեսագիտական քոլեջի շենքը, գյուղի արտադրական բազան, ջրամաքրման կայանը, եւ իր համար կառուցել դղյակ։ Նշված օբյեկտների ավերումից հետո, անպատիժ մնալով, քանդել եւ իր տան պարսպի կառուցապատման վրա է օգտագործել Հայրենական մեծ պատերազմում զոհված 400 օձունցիների հուշարձանի սրբատաշ քարերը։ Նման սրբապղծությունը չունի եւ չի կարող ունենալ ոչ մի արդարացում ու ներում։ Չէ որ այն չորս հարյուր մարդու հուշարձան-կոթող է եւ պահպանվում է պետության կողմից։ Գուցե բարբարոս, թալանչի գյուղապետին օձունցիները ներեն կատարված մյուս քրեական պատժելի արարքների համար, սակայն հուշարձանի ավերման համար նա պետք է անխտիր պատժվի եւ հեռացվի գյուղից, իսկ չորս հարյուր զոհվածների թոռներն ու ծոռները նրան գյուղում չպետք է նույնիսկ գերեզմանատեղ տան, որպեսզի այն դաս լինի հանրապետությունում ի հայտ եկած մյուս քանդարարներին։ Արդյոք նաեւ մյուս գյուղապետերի ու չինովնիկների անօրինական գործողությունները չեն, որ մարդկանց մոտ խորը վրդովմունք են առաջացնում, եւ կուտակվելով տարիներ ի վեր, ինչպես վկայեցին փետրվարի 19-ի ընտրությունները, դրանով իսկ արջի ծառայություն մատուցելով նոր իշխանություններին։ Անիի տարածքային վետերանների խորհուրդը հույս է հայտնում, որ ՀՀ վետերանների խորհուրդը իր վճռական ձայնը կբարձրացնի վանդալիզմի նման դրսեւորումները կանխելու եւ դատապարտելու համար»։