Թուրքիան ակնկալում է 2008թ. ընթացքում հյուրընկալել ավելի քան 23 մլն զբոսաշրջիկների` տվյալ ոլորտից ստանալով շուրջ 19,5 միլիարդ դոլարի եկամուտ: Այդ մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի պետական ծրագրավորման կազմակերպությունը: Կազմակերպության պաշտոնյաների խոսքերով` Թուրքիայի նպատակն է զբոսաշրջության ոլորտում հասնել եվրոպական այնպիսի երկրների, ինչպիսին են Ֆրանսիան, Իսպանիան եւ Իտալիան: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Ֆրանսիան տարեկան ընդունում է միջինը՝ 79,1 մլն, Իսպանիան` 58,5 մլն, Իտալիան` 41,1 մլն զբոսաշրջիկների: Թուրքիան զբոսաշրջիկների առավել նախընտրած 20 երկրների թվում է` երկիր այցելող զբոսաշրջիկների թվով զբաղեցնելով՝ 11-րդ, իսկ զբոսաշրջությունից ստացվող եկամուտներով` 9-րդ տեղը աշխարհում: Անցած տարի Թուրքիա են այցելել մոտ 18,5 միլիոն զբոսաշրջիկներ: