Ֆիզիկապես անկարող երեխաների խնդիրը հանվել է ազգային ծրագրից

13/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Օլիգոֆրենիան մտավոր թերզարգացածության տեսակներից է: Առաջացման ներքին
պատճառներն են պտղի զարգացման շրջանում քրոմոսոմային խանգարումները
(Դաունի հիվանդություն) եւ առանձին գեների ախտահարումը (ֆենիլկետոնուրիա):
Բազմաթիվ գեների ախտահարման հետեւանքով զարգացած օլիգոֆրենիան պտղի
օրգանիզմում ամինաթթուների, ածխաջրատների եւ միկրոէլեմենտների
նյութափոխանակության խանգարման արդյունք է: Օլիգոֆրենիայի առաջացման
արտաքին գործոններից են հղիության ընթացքում տարած վիրուսային
հիվանդությունները, նյարդագրգռիչ եւ թունավոր նյութերի (ալկոհոլի,
թմրանյութերի) ընդունումը, հղիի նյութափոխանակության հիվանդությունները,
ծննդային եւ գլխուղեղի վնասվածքները, գլխուղեղի բորբոքումը մինչեւ 3
տարեկան հասակում: Մանկական ցերեբրալ պարեզը ներարգանդային աճի ընթացքում
ուղեղի թերզարգացման կամ ծննդաբերության ժամանակ եւ կյանքի առաջին տարում
ուղեղի վնասվածքի հետեւանքով առաջացած հիվանդություն է:

Գտել են գերեզմանատնից

Օր օրի շատանում են դեպքերը, երբ ծնողներն իրենց նորածին, մի քանի ամսական
կամ մի քանի տարեկան երեխաներին լքում են՝ թողնելով եկեղեցիների բակերում,
փողոցներում եւ անգամ գերեզմանատներում: Վերջին տարիներին նման դեպքերի
թիվն անհամեմատ ավելացել է: 2004թ. միայն «Սուրբ Աստվածամայր» բժշկական
կենտրոնում հայտնվել է 10 ընկեցիկ երեխա: Իսկ թե Հայաստանում քանի երեխա է
ծնողի դիտավորությամբ հայտնվել փողոցում՝ հայտնի չէ: Մանկատները
գերծանրաբեռնված են, որովհետեւ որբ երեխաների թիվը մեծ է: Իսկ երբ
մանկատները ծնողներին մերժում են երեխային ընդունել՝ անհրաժեշտ
փաստաթղթերի բացակայության պատճառով, ծնողները դիմում են այլ միջոցի՝
երեխային կորցնում են, թողնում են փողոցներում: Նկարում պատկերված երեխան
միայն մայր ունի: Մորը մերժել են՝ որդուն մանկատանը պահել: Ավելի ուշ
երեխային հայտնաբերել են Խարբերդի գերեզմանատանը:

«Մամաս չի գալիս»

Գոհարիկը 26 տարեկան է ու այդ 26 տարիներին ցերեկ ու գիշեր բնազդաբար մորն
է սպասում: Ամեն քնելուց հուսահատվում է: Մայրը Գյումրիում ծննդաբերելուց
հետո նրան լքել է: Մոր մասին պատմում է այնպես, կարծես տեսել է. բայց
մանկատան աշխատակիցներն ասում են, որ Գոհարիկը չի տեսել մորը, դա ընդամենը
նրա երազանքն է: Գոհարիկը պատշգամբից բակում կանգնած Սուրենի հետ վիճում
է: Ասում եմ՝ ինչո՞ւ ես գոռում Սուրենի վրա, լավ տղա է, քո ընկերն է,
ասում է՝ «Լավ եմ անում, իրա մաման եկել էր իրան տեսնելու, իսկ իմը չի
գալիս»: Ասում եմ՝ բայց նա մեղավոր չէ, որ քո մայրը չի գալիս, իսկ իրենը
գալիս է, ասում է՝ «Մեղավոր ա, սաղն էլ մեղավոր են, դու էլ ես մեղավոր:
Նենց երեխեքի մամաներն են գալիս, որ իրանք չեն էլ հասկանում, իրանց պետք
էլ չի, որովհետեւ բան չեն զգում, բա էդ ո՞ւմ ա պետք, որ գալիս են: Իսկ ես,
որ ամեն օր ու ժամ սպասում եմ, ես որ զգում ու հասկանում եմ՝ չի գալիս:
Լողանում եմ, մաքրվում, հագնվում եմ, իրան եմ սպասում, բայց չի գալիս»:
Գոհարիկին մանկատանը շատ են սիրում, բոլորին ասում է՝ «Արի քեզ տանեմ
գյուղ հարս», փաթաթվում է տնօրենի քարտուղարուհուն ու նրա ձեռքերը
համբուրում: Հարցնում եմ, բայց դու արդեն 26 տարեկան ես, չե՞ս ուզում
ամուսնանալ, ասում է՝ «Չէ, ես խուժան չեմ, ես լսել եմ, թե ինչեր են
անում», ու ծիծաղում է: Ասում է՝ «Ես միայն մամայիս եմ ուզում»: Գոհարիկը
դառնում է խանդոտ, վայրենի ու երեխաների վրա գոռում է՝ ասելով՝ «Քո մաման
եկավ, իմը չէ, աչքիս չերեւաս»: Սակայն երբ մի քիչ հանգստանում է, ասում է՝
«էլի կգա՞ս մեր մոտ»:

Մայրը խոստովանել է

Հարությունը երկվորյակ եղբայր ունի, բայց միայն վերջերս է իմացել: Վերջերս
նրան այցելել են երկու կանայք եւ ներկայացել են որպես բարեկամ: Հեռանալիս
կինը շրջվել է, վերադարձել է Հարությունի մոտ ու պատմել է, որ ոչ թե
բարեկամն է, այլ իր մայրն է: Երեխան նույնիսկ չի իմացել, որ եղբայր ունի:
Հաջորդ անգամ մայրը եկել է մի տղայի հետ: Հարությունը տեսել է, որ տղան
նույն ինքն է, բայց ֆիզիկապես նորմալ: Հասկացել է, որ երկվորյակ եղբայրն
է: Ասում է՝ «եղբորս հետ որոշում ենք, որ ինձ պիտի տանեն տուն, ու խոսում
ենք, թե ոնց պիտի ապրենք ու ինչ պիտի անենք միասին: Մենք իրար սիրում ենք,
ես էլ երազում եմ, որ առողջանամ, մաման տանի ինձ տուն, ու ես կարողանամ
իրեն օգնել: Հիմա չի կարող տանի, տուն չունի, տատիկի հետ է ապրում»:

Գարիբով Բորյան ազգությամբ թուրք է, բայց չի ուզում, որ որեւէ մեկն իմանա
այդ մասին: Հայրը թուրք է եղել, բայց ինքն ատում է թուրքերին: Ասում է՝
«թուրքը մարդ ա՞, որ թուրքին սիրեմ, հետ ա, ծնողս էլ ա թուրք եղել, 45
տարի ա մանկատանն եմ»: Մայրն իրեն ծնել է հոգեբուժարանում: Նրան տեղափոխել
են մանկատուն, իսկ մայրը մնացել է հոգեբուժարանում: Լուսանկարվելիս ասում
է՝ «Չէ, անօգուտ է, շատ են նկարել, բայց մայրս ինձ չի փորձել գտնել: Ես
մորս չեմ տեսել, չգիտեմ՝ նա հիմա կենդանի՞ է, թե՞ ոչ: Բայց որ կենդանի
եղավ ու ինձ գտավ՝ կմեղադրեմ, կասեմ՝ ինչի՞ իմ հետ տենց վարվեցիր: Չնայած
ասում եմ, էլի, բայց որ տեսա, կփաթաթվեմ, կլացեմ»:

Անորոշ ճակատագրեր

ՀՀ Սոցիալական ապահովության նախարարության Նոր Խարբերդի մասնագիտացված
մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանն ասում է, որ շատերը մանկատուն են
այցելում արժեքային համակարգի վերադասավորման, ինքնագնահատման նպատակով:
Շատերը, անգամ բարձր պաշտոնյաները, նախարարները երեխաների ձեռքից բռնած
գալիս են մանկատուն՝ էքսկուրսիայի, որպեսզի երեխաներին ծանոթացնեն կյանքի
ոչ փայլուն էջեր ունեցող իրենց հասակակիցների հետ: Ներկայումս Նոր
Խարբերդի մանկատանն ապրում է 233 երեխա, ընդ որում՝ մանկատուն բերվում են
տարեկան մոտ 20-25 երեխա: Միայն այս տարի մանկատունն ընդունել է 7-8
երեխա: Հարցիս, թե 18 տարեկան դարձած երեխաների ճակատագիրն ինչպե՞ս է
դասավորվում, պրն Բալասանյանը պատասխանեց. «Ընդհանրապես, մեր կանոնակարգի
համաձայն, 18 տարին լրացած երեխա չենք վերցնում, որովհետեւ իրավունք
ունենք միայն 6-18 տարեկան երեխաներին պահել: 4 տարվա մեջ մի դեպք է եղել,
որ 19-ամյա երեխա ենք վերցրել, բայց դա պարադոքս էր, որովհետեւ նախարարի
անձնական որոշումն էր: Ես էլ համաձայնեցի. շատ ծայրահեղ իրավիճակ էր,
սայլակի երեխա էր, եւ մեկ շաբաթ առաջ մայրը մահացել էր, հայրն էլ
սրտամկանի ինֆարկտով մահացավ: Անշուշտ, դա արվեց կանոնակարգի խախտումով,
բայց միեւնույն ժամանակ ընդունելի պատճառով»: Այս մանկատան երեխաները
հիմնականում հիվանդ են մանկական ցերեբրալ պարեզով, դաունի սինդրոմով,
ուկոպոլիսախարիտոզով, տրավմատիկ օլիգոֆրենիայով, որոնց հետեւանքով խոր
մտավոր կարողությունների անկում ունեն եւ ֆիզիկապես անկարող են: Պրն
Բալասանյանի հավաստմամբ՝ երեխաների մոտ գերակշռում է մանկական ցերեբրալ
պարեզը, ընդհանրապես ուղեղի կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումը:
Ինչ վերաբերում է 18 տարին լրացած այս երեխաների ճակատագրին, ապա այդ
հարցը մեր հանրապետությունում լուծված չէ եւ բավական ցավոտ հարց է: «Այդ
հարցը մեզ մոտ ծամծմված է, լուծված չէ,- ասում է մանկատան տնօրենը: -Արդեն
երրորդ տարին է, մենք փորձում ենք պետական բյուջեով նախատեսել, որպեսզի 18
տարին լրացած նման հիվանդություններով երեխաների խնդիրը լուծվի, բայց չի
ստացվում: Այս տարի Ազգային ծրագրից այդ տողը հանվել է, այնինչ, այս
խնդիրը պետք է լրջությամբ ուսումնասիրվի: Հիմա մենք ժամանակավոր մի
հարկաբաժին ենք հատկացրել, որտեղ ապրում են մեծ տարիքի երեխաները, բայց
որպես մանկատուն մենք իրավունք չունենք 18 տարին լրացած երեխա պահել,
այսօր 60-ից ավելի 18-ն անց երեխաներ ունենք: Կամ պետք է նոր կառույց
ստեղծվի նրանց համար, կամ մեր կանոնակարգում փոփոխություններ արվի եւ
մահճակալային հնարավորություններ տրվեն, որպեսզի կարողանանք նրանց պահել:
Մեր տարածքում 100-150 18-ն անց երեխաներ ժամանակավոր կարող ենք պահել,
բայց որոշակի շենքային պայմաններ ստեղծելու դեպքում՝ վերանորոգման
աշխատանքներ, արհեստանոցներ, զբաղվածության ապահովման, աշխատողների
խնդիրներ պետք է լուծվեն»: Մինչդեռ մեր ունեցած տվյալներով՝ կառավարության
որոշմամբ՝ ուղեղի կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով 18-ն
անց երեխաներին ուղարկում են Սեւանի հոգեբուժարան, այնինչ, սա
անթույլատրելի երեւույթ է, քանի որ երեխաների հետ շփվելիս հասկացանք, որ
երեխաների մեծ մասը, ճիշտ է, ֆիզիկապես սայլակից կառչած է, բայց մտավոր
ունակ է: «Սովետմիության ժամանակ այդպես էլ եղել է,- ասում է պրն
Բալասանյանը,- բայց անկախությունից հետո նման որոշում չկա: Հիմա Վարդենիսի
տուն-ինտերնատում կա հատուկ բաժանմունք թուլամիտ հոգեկան հիվանդների
համար, եւ մեզ մոտ, եթե երեխան թուլամտության հետ միաժամանակ նաեւ
տառապում է որոշակի հոգեկան խանգարումով, ասենք՝ շիզոֆրենիայով,
ագրեսիայով, սադիզմի երեւույթներ կան կամ սեռական բնույթի
հակվածություններ, ուղարկում ենք այնտեղ: Հակառակ դեպքում, եթե նշված
հիվանդությունները չկան, երեխային հոգեբուժարան ուղարկելը շատ կոպիտ սխալ
է, եւ հոգեկան հիվանդների հետ նաեւ թուլամիտ երեխա պահելը դա մի շատ
ահավոր սիմբիոզ է, այդ խառնուրդի հետեւանքները շատ լուրջ են»: Հ.
Բալասանյանն ասում է, որ մանկատան երեխաները որպես սովորական քաղաքացիներ
հասարակության մեջ չեն կարող դրսեւորվել, քանի որ նրանք խոր թուլամիտ
երեխաներ են: Մանկատունը հնարավորինս նրանց դաստիարակում եւ սովորեցնում է
ինքնասպասարկման հմտություններ, բայց բոլոր դեպքերում, դա չի նշանակում,
որ մեծ հիմնարկներում նրանց պետք է կուտակել, պարիսպների հետեւում
թաքցնել: Տնօրենի կարծիքով՝ երեխաների համար անհրաժեշտ է ցերեկային
կենտրոններ ստեղծել, որպեսզի ծնողը քիչ մտածի երեխային մանկատուն տանելու
մասին: Պետք է թոշակը տարբերվի մյուս հաշմանդամ երեխաների թոշակից,
այսինքն՝ երեխայի, որն ամբողջ կյանքում կախված է ինչ-որ մեկի խնամքից եւ
այն երեխայի, որը հաշմանդամություն ունի, բայց ինտելեկտուալ
հնարավորությունները կան: Մեր հանրապետությունում 2500-3000 ընտանիք կա,
որոնց երեխաներն ուղեղի կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում
ունեն: Հարցիս, թե արդյոք երեխային մանկատուն բերելու պատճառը միայն
սոցիալական պայմանների բացակայությո՞ւնն է, պրն Բալասանյանն ասաց. «Մեր
պարագայում 50-50% է: Այս կարգի երեխաները, որոնք ֆիզիկական խնամք են
պահանջում, նաեւ շատ լուրջ ծախսեր են պահանջում: Ունենք ծնողների կողմից
հրաժարված երեխաներ, կամ երեխաներ, որոնք լքվել են ծննդատանը, բայց մեծ
մասը ծնողներ ունեն: Երբ երեխայի մեծանալու հետ ծնողը սպեցիֆիկ մոտեցում
չի ցուցաբերում, ասենք՝ արատաբանի, հոգեբանի, լոգոպեդի, ռեաբիլիտոլոգի,
հոգեբույժի մոտ չի տանում, այսինքն՝ կոմպլեկտ թիմային աշխատանք չի
տարվում, 13-14 տարեկանում երեխայի մոտ կիսագազանային սովորություններ են
արմատավորվում եւ տանը պահելը պրակտիկորեն անհնար է դառնում»: Եվ այս 4
տարվա մեջ մանկատանն արձանագրվել է 3 դեպք, երբ ծնողը երեխային հետ է
վերցրել: ԱՄՆ մեկնող ծնողները հետ են վերցրել երեխային եւ իրենց հետ տարել
են: Մի կին, որը դարձել է Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալ, հավատքի
հողի վրա երեխային որոշել է հետ վերցնել, իսկ երրորդ երեխային՝ 1-2 ամսով,
ժամանակավոր տուն են տարել եւ դեռեւս չեն բերել. մանկատունը նրան արդեն
դուրս է գրել:

Նախարարությունը տեղյակ չէ

Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունից մեզ տեղեկացրին,
որ մանկատների երեխաների հարցերով զբաղվում է Ընտանիքների հիմնահարցերի
վարչությունը: Իսկ այս վարչության պետի մեկնաբանությունը մանկատան 18-ն
անց երեխաների վերաբերյալ բավական ուշագրավ էր. տիկին Հայրապետյանը
հաստատեց այն փաստը, որ մտավոր հետամնաց այն երեխաները, որոնք տառապում են
նաեւ որոշակի հոգեկան հիվանդությամբ, տեղափոխվում են Վարդենիսի
տուն-ինտերնատ, իսկ մյուս մասը, ովքեր չունեն հոգեկան խանգարում, դեռեւս
մնում են Խարբերդի մանկատանը: Ընդ որում, մեր հանրապետության թվով 8
մանկատներում գոյություն ունեն 18-ն անց 96 որբ երեխաներ: Տիկին
Հայրապետյանը փորձում էր հավաստիացնել, թե կառավարության աջակցությամբ եւ
բարերարների օգնությամբ Խարբերդի մանկատան տարածքում 18-ն անց երեխաների
համար արդեն կառուցվում է առանձին մասնաշենք: Մինչդեռ, երբ ասացի, որ մեկ
օր առաջ այնտեղ էի, բայց ոչ մի մասնաշենքի նախագիծ կամ նույնիսկ ծրագիր
գոյություն չուներ, տիկին Հայրապետյանը նախ զարմացավ, ապա, արագ
կողմնորոշվելով, ասաց. «Դե գիտե՞ք, դա մեր եւ մանկատան տնօրենի, կարելի է
ասել, երազանքն է»: Հարցրի՝ չե՞ք կարծում, որ դա ընդամենը երազանք է, քանի
որ Ազգային ծրագրից հանվել է մանկատան 18-ն անց երեխաների հարցը, իսկ դուք
ասում եք՝ կառավարության աջակցությամբ մասնաշենք է կառուցվում, վերջինս
եւս մեկ անգամ փորձեց զարմանալ. «Իսկապե՞ս, ի՞նչ եք ասում, ես պետք է
խոստովանեմ, որ տեղյակ չէի: Ես հիմա մանկատան տնօրենի հետ կզրուցեմ, հետո
ձեզ կպատասխանեմ, ես իրոք չգիտեի, որ հանվել է»: