Մեր օրերում գրեթե բոլոր արվեստի գործիչները, որոնք տպագրվում, լսվում, լայնորեն ցուցադրվում կամ ներկայանում են, որպես կանոն՝ իշխանամետ են։ Շատերը շնորհակալ են, որ իրենց բեմեր ու հարթակներ են տրամադրվում, եւ այդ շնորհակալությունը չեն թաքցնում։
Ամենից շատ իրենց իշխանամետ կեցվածքի մասին խոսում են թատրոնի ու փոփ-երաժշտության ոլորտի մարդիկ, այսինքն՝ նրանք, ովքեր զանգվածային հանդիսատեսի համար են աշխատում եւ ավելի շատ են ծանոթ հանրությանը, քան նկարիչները կամ դասական ջութակահարները։
Երեկ «Հայելի» ակումբում հանդիպել էին երգչուհի Նունե Եսայանն ու Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, որոնց ասածի առանցքում հետեւյալն էր. մենք գիտենք, որ մշակույթը շատ խնդիրներ ունի, բայց գիտենք նաեւ, որ նորընտիր նախագահը անձամբ դրանք հարթելու եւ շտկելու է։ «Սերժ Սարգսյանը լավ մարդ է եւ երբեք չի մոռանում իր խոստումները։ Այդ մարդը չի մոռանում իրեն ուղղված խնդրանքները եւ միշտ կատարում է դրանք»,- ասաց Ն.Եսայանը, ով անձամբ ծանոթ է նախագահին ու համոզված է, որ բոլոր երգիչները եղել են Սերժ Սարգսյանի կողքին, երբ նա Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու էր, եւ չի եղել որեւէ արվեստագետ, որը հրաժարվել է նրա քարոզարշավի ընթացքում երգել։ Սերժ Սարգսյանը փոփ-երաժշտության բնագավառի մարդկանց վաղուց է սատարել, դեռ այն ժամանակ, երբ Պաշտպանության նախարար էր։ Նա օգնել է նրանց համերգներ կազմակերպել։ «Ընդ որում` նա պարտավոր չէր դա անել որպես Պաշտպանության նախարար, բայց անում էր, քանի որ լավ մարդ է»,- հավելեց Ն.Եսայանը։ Կոնսերվատորիայի դասախոս Արմինե Գրիգորյանն էլ ավելացրեց. «Հիմա մենք դասական երաժշտության ոլորտում մի քանի փառատոներ ունենք, որոնք անցնում են Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո»։
Ուշագրավ է, որ մշակութային դաշտում վաղուց արդեն արատավոր մի շրջան է գծվել, որտեղ անհասկանալի օրենքներ են գործում. աջակցություն են ստանում նրանք, ովքեր խնդրում են այդ աջակցությունն իշխանությամբ օժտված մարդկանցից։ Պետական այրերը կամ օլիգարխներն օգնում են այն կատարողին, որին անձամբ համակրում են։ Պարզ է, որ խնդրողներն ու ստացողներն ամենաթանկ ու անցողիկ երաժշտական ժանրի՝ էստրադայի ներկայացուցիչներն են։ Դժվար է պատկերացնել, որ մեծահարուստները տանը Բախ ու Շոպեն են լսում ու ցանկանում են օգնել լավ թավջութակահարին, հոբոյիստին կամ էլ շարականներ կատարող երգչախմբին։ Փոխարենը՝ օգնում են փոփ-անձանց։ Ն.Եսայանը նկատում է, որ էստրադան ավելի բարվոք վիճակում է, քան դասական երաժշտությունը. «Չկա էստրադային երգիչ, որն աշխատանք չունի, նա կարող է թեկուզ գիշերային ակումբում երգել»։ Ա.Գրիգորյանը նկատեց, որ հիմա դասական երաժիշտների համար դժվար վիճակ է, քանի որ աշխատելու ասպարեզ ու մրցակցության դաշտ չկա։ «Երբ շնորհալի երաժիշտ է հայտնվում, պարզ է դառնում, որ նա պետք է երկրից հեռանա, քանի որ չկա դրսեւորման ասպարեզ, չկա աշխատանք, նա չի կարողանում նվագելով իր կենցաղն ապահովել։ Ինչ արած, դասական արվեստը շահութաբեր չի»,- ասաց նա։
Հասկանալի է, որ փոփ-կատարողները Մշակույթի նախարարությունից իրենց մենահամերգները կազմակերպելու համար անհրաժեշտ գումարները չեն ստանա, այլ՝ կստանան այն մեծահարուստից, որն ինչ-որ փոխադարձ ծառայություններ կպահանջի ցուցադրված սատարման համար։ Խոսքը բնավ էլ սոսկ գումարների մասին չէ, այլ՝ ավելի լայն գործունեության դաշտ ապահովելու։ Որքան մեծ կլինի աշխատանքային դաշտն ու փոփ-երգչի ճանաչելիությունը (որն ունենալու համար պետք է տեսահոլովակներ, համերգներ ու եթերաժամ գնել), այնքան մեծ կլինի երգչի կշիռը։ Իսկ քարոզարշավի ժամանակ երգելու համար կշիռ ունեցող երգիչներն ավելի են հարկավոր, քան «թեթեւ քաշայինները»։ Իսկ ոչ մի երգիչ չի հրաժարվի մի քանի կիլոգրամ քաշ ավելացնել իր «աստղային» կերպարին, մանավանդ, որ իրենից շատ բան չի պահանջվում. ընդամենը՝ քարոզարշավի ընթացքում մի քանի երգ երգել։
Սա զուտ փոխշահավետ հաշվարկ է, որը ոչ մի թարմ հնչերանգ չի ավելացնում Հայաստանի՝ որպես կենսունակ ու բազմաբնույթ մշակույթ ունեցող երկրի կերպարին։ Իսկ Հայաստանի էստրադայում հաստատուն տեղ գրաված Ն.Եսայանը համոզված է, որ մեր հանրապետությունում շատ են եւ՛ մեծահարուստները, եւ՛ տաղանդավոր մարդիկ, պարզապես տաղանդավոր մարդիկ ճիշտ չեն կարողանում իրենց ծրագրերը ներկայացնել ու փող ստանալ, որպեսզի դրանք իրականանան։ «Չկա որեւէ մեկը, ով դիմել է Սերժ Սարգսյանին ու մերժում է ստացել»,- ասաց նա։ Իսկ թե ինչու դասական երաժիշտները չեն դիմում Սերժ Սարգսյանին, անհասկանալի է, քանի որ պարզվում է՝ դա կենսունակ ու փորձարկված միակ միջոցն է մշակութային ծրագրերն իրականացնելու համար։
Մեր հարցադրմանը՝ թե արդյոք նորմա՞լ են համարում, որ հանրապետության պաշտպանական հարցերով զբաղվող ծառայողը կարգավորում է նաեւ մշակութային խնդիրները, Ն.Եսայանը պատասխանեց. «Հիմա նա արդեն կարող է ճիշտ հրահանգներ տալ նախարարներին, ու ամեն ինչ առավելեւս ավելի լավ կլինի»։ Այս լավատեսական դիտարկումը թույլ է տալիս ենթադրել, որ մեկ անձն ավելի մեծ նշանակություն ունի, քան պետական կառույցներն ու Հայաստանի Հանրապետության կառավարության ստրուկտուրան, որոնք ինքնին՝ առանց հրահանգների, լավ աշխատել չեն կարող։
Եվ այս տրամաբանությունը հուշում է, որ եթե հանկարծ մեր հանրապետությունում, ասենք, կրկես սիրող Առեւտրի նախարար հայտնվի, ապա կրկեսը վերելք կապրի ճիշտ այնպես, ինչպես փոփ-երաժշտությունը վերելք ապրեց էստրադա սիրող նախկին նախագահի եւ ՊՆ նախկին ղեկավարի օրոք։ Հիմա կրկես սիրող նախարարներ չունենք, ու կրկեսն անտեսվում է։ «Զարմանալի ոչինչ չկա, քանի որ այդպես է ողջ աշխարհում. լավերը երբեք չեն նկատվում, եթե ամուր չեն լինում ու ճիշտ չեն ներկայանում։ Իշխանություններին անընդհատ պետք է հիշեցնել իրենց տված խոստումների մասին, անընդհատ պետք է իրենց «շարժել»։ Նույնիսկ փող ուզելու համար պրոֆեսիոնալ մոտեցում է հարկավոր։ Փառք Աստծո, հիմա ֆինանսներ կան, բայց շատերը փող ուզելու ձեւերը չգիտեն»,- ասաց Ն.Եսայանը։
Քաղաքականության ու արվեստի մերձեցումը (կարելի է կրկնել՝ փոխշահավետ մերձեցումը) ճակատային իրականացնելու դեպքում, շահույթից բացի, կարող է նաեւ անհարմարավետություն առաջացնել արվեստի մարդկանց անձնական կյանքում։ Երգչուհի Շուշան Պետրոսյանի ու նրա ոստիկան ամուսնու պատմությունը դրա ապացույցն է։ Ն.Եսայանը նկատում է, որ հիմա շատերը եւ՛ Շուշանի, եւ՛ իր անձնական կյանքի մեջ են «մտնում», իսկ դա անթույլատրելի է։ Լիովին համաձայն ենք իր հետ։ Սակայն Ն.Եսայանը ոչ միայն իր եւ իր գործընկերների անձնական կյանքի սահմաններն է պաշտպանում, այլեւ՝ ասում է, որ մարտի 1-ի դեպքերի մեղավորները հենց այդ օրը զոհվածներն էին։ «Զոհված մարդիկ զոհվել են իրենց մեղքով, քանի որ իրենք Օպերայի հրապարակում չպիտի լինեին»,- ասաց նա։ Ստացվում է, որ անձնական մղումը կարող է միայն իշխանամետ լինել։