Պայթյունավտանգ իրավիճակ

17/04/2008

«Աշխարհն ընթանում է դեպի երկարատեւ հակամարտությունների շրջան, որի դրդապատճառները կլինեն համաշխարհային շուկայում պարենի գնաճը եւ սննդամթերքի պակասը»,- «Լիբերասիոն» թերթին տված հարցազրույցում նման կանխատեսում է արել ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ժան Զիգլերը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ Զիգլերն ասել է, որ միայն անցած երկու ամսվա ընթացքում բրնձի գինն աճել է 52 տոկոսով, իսկ ցորենի գինը 4 ամսում ավելացել է 84 տոկոսով: Մինչդեռ այս գնաճից առաջ էլ հայտնի էր, որ աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանում մահանում է մինչեւ տասը տարեկան մեկ երեխա, իսկ ընդհանրապես թերսնումից աշխարհում տառապում է 854 միլիոն մարդ: Ժան Զիգլերի խոսքերով, Արեւմուտքում ընտանիքը պարենի համար ծախսում է բյուջեի 10-20 տոկոսը, մինչդեռ, մոլորակի թշվառ շրջաններում պարենը «խլում է» բյուջեի 60-90 տոկոսը: 122 պետությունների ընդհանուր պարտքը կազմում է 2 տրիլիոն 100 միլիարդ դոլար, ինչը, ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ժան Զիգլերի համոզմամբ, «իրավիճակը դարձնում է պայթյունավտանգ»: Իսկ Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զյոլիքը բանկի անդամ երկրներին կոչ է արել ձեռնարկել պարենի համաշխարհային ճգնաժամի վտանգը կանխելու անհապաղ միջոցներ: «Մեր հաշվարկների համաձայն, անցած երեք տարում պարենի գների կրկնապատկման արդյունքում շուրջ 100 միլիոն մարդ կհայտնվի ծայրահեղ թշվառության պայմաններում»,- կիրակի օրը Վաշինգտոնում ասել է Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զյոլիքը: Դրան նախորդել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Շտրաուս-Քաննի հայտարարությունն այն մասին, որ «հարյուր-հազարավոր մարդիկ աշխարհում կարող են սովամահ լինել»: «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, մի շարք երկրներում՝ Հաիթիում, Ֆիլիպիններում եւ Եգիպտոսում, սննդամթերքի պակասի հետեւանքով արդեն եղել են զանգվածային անկարգություններ: