Սոֆի Մխեյանը մեր երգարվեստում իր հիմնական գործունեությունը սկսեց 2005թ. եւ շատ կարճ ժամանակահատվածում ստեղծեց իրեն հատուկ երաժշտական ոճ, որն էլ սիրվեց հանդիսատեսի կողմից ու դարձավ երգչուհու հաջողության հիմնական գրավականներից մեկը:
Երգչուհու՝ միանգամից երգարվեստ մուտք գործելուց պետք չէ, սակայն, ենթադրել, որ մինչ այդ նա բոլորովին կապ չուներ երգարվեստի հետ: Սոֆին հաճախել է երաժշտական դպրոց՝ սովորելով դաշնամուրի բաժնում, որից հետո սովորել է երաժշտական ուսումնարանում՝ միաժամանակ մասնակցելով մի շարք մրցույթների: Երգի պետական թատրոնում եղել է մենակատար, իսկ ներկայում սովորում է Կոնսերվատորիայում: Անցյալ տարին հատկապես Սոֆիի համար շատ բուռն էր ու բեղմնավոր: Երգչուհին խոստովանում է, որ աշխատել է ողջ ուժերով, ինչի շնորհիվ նկատելի ավելացել է իր երկրպագուների թիվը, ինչպես նաեւ նա արժանացել է մի շարք մրցանակների՝ «Թոփ-10»-ի շրջանակում՝ «Լավագույն տեսահոլովակ» եւ հունիս ամսվա «Լավագույն հիթ», «Ակորդում»՝ օգոստոս ամսվա «Լավագույն հիթ», Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը՝ «Տարվա լավագույն հիթ», ԱՄՆ-ում «Անուշ» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն փոփ ալբոմ»: Այժմ ձայնագրվում են նրա նոր ձայնասկավառակի երգերը, կնկարահանվի նաեւ տեսահոլովակ՝ «Կարոտ» երգի հիման վրա:
Սոֆիի ոճը հայկական շոու-բիզնեսում
– Ես երգում եմ էստրադային ժանրում, բայց չեմ կարող կոնկրետ որեւէ ոճի երգչուհի համարել ինձ, որովհետեւ Հայաստանում դա փոքր-ինչ հարաբերական է: Արտասահմանյան գրեթե բոլոր երկրներում երգիչները հանդես են գալիս կոնկրետ մի ոճում եւ շարունակում այն՝ ունենալով հանդիսատեսի՝ իրենց լսարանը: Իսկ Հայաստանում հաճախ հանդես են գալիս տարբեր ոճերում, եւ դա գնահատվում է, քանի որ մենք փոքր ազգ ենք, եւ այստեղ միայն մեկ ոճում հանդես գալով՝ չես կարող ունենալ հանդիսատեսի բավարար թիվ, ինչն էլ կխանգարի քո հետագա գործունեությանը: Ոճերի հաճախակի փոփոխումն օգնում է նաեւ հանդիսատեսին նույնանման կատարումներով չհոգնեցնելու առումով: Հավանաբար` դեռ կշարունակեմ իմ այժմյան ոճը, քանի որ այն դուր է գալիս եւ՛ ինձ, եւ՛ իմ հանդիսատեսին:
Սոֆիի ամենամեծ հաջողությունը
– Կարծում եմ՝ ամենամեծ հաջողությունս դեռ առջեւում է, երբ կունենամ իմ ընտանիքը, կսիրեմ ու կլինեմ սիրված: Բայց չեմ ուզում անտեսել նաեւ այսօրվա հաջողություններս՝ ունեմ հիանալի ընտանիք, զբաղվում եմ սիրած աշխատանքով, որը գնահատվում է նաեւ հանդիսատեսի կողմից, ինչը հանգստություն ու հանդարտություն է բերում հոգուս: Իհարկե` կան նաեւ խոչընդոտներ, որոնք փոքր-ինչ դժվարացնում են հաջողության հասնելու ճանապարհը: Բայց ամեն անգամ հաղթահարելով մի նոր «չի կարելի»` թե՛ ինքնավստահությունդ է ավելանում, թե՛ տվյալ հաջողությունդ ավելի մեծ թվում, որովհետեւ դժվարությամբ քաղված պտուղը միշտ ավելի համեղ է թվում:
Սոֆիի հիասթափությունը
– Հիասթափվում եմ, երբ ճիշտը ստի տեղ են մատուցում, կամ այլ իմաստներ փնտրում շիտակ ասված խոսքի մեջ: Իրականում հիասթափվում ես այն դեպքում, եթե տվյալ մարդը լուրջ նշանակություն ունի քեզ համար: Այդ դեպքում ես փորձում եմ գտնել իրադարձությունների այն շղթան, որը հիասթափության համար կարող է ապացույց ու լուրջ պատճառ հանդիսանալ: Ընդհանրապես` աշխատում եմ շուտ չհիասթափվել, իսկ հիասթափվելու դեպքում չարությամբ չեմ լցվում: Նման իրավիճակներում երբեմն անտարբերությունն ամենաճիշտ լուծումն է դառնում:
Սոֆին կյանքում
– Բավական աշխույժ եմ եւ կատակասեր: Ես դեռ քսաներեք տարեկան եմ եւ չեմ ուզում տարիներ հետո ափսոսալ լավ ու հետաքրքիր երիտասարդություն չապրելու համար, ուստի փորձում եմ ետ չմնալ երիտասարդներին հատուկ զվարճանքներից ու հաճույքներից: Երբեմն նաեւ ինքս եմ կազմակերպում հետաքրքիր միջոցառումներ, որոնք հաճելի ու հիշարժան են դարձնում իմ եւ ինձ շրջապատողների օրը: Սիրում եմ զբաղվել սպորտով, ինձ դուր են գալիս լողն ու մեծ թենիսը, արվեստի այլ ճյուղերով եւս հետաքրքրվում եմ, օրինակ` նկարում եմ, «Ամարաս» պարային համույթում հաճախում սիրողական պարի դասընթացների: Կարծում եմ՝ պարելու հատկությունը ժառանգել եմ հորիցս:
Սոֆին շոու-բիզնեսում
– Կյանքում եւ բեմում ես չեմ տարբերվում: Երբ ավելի դանդաղ երգեր էի երգում, մտերիմներս զարմանում էին, որ թախծոտ կատարումներ եմ ընտրում: Բայց որքան էլ աշխույժ լինես, յուրաքանչյուրիս կյանքում լինում են նաեւ թախծի ու տրտմության պահեր: Ես չեմ խաղում բեմում եւ ոչինչ չեմ անում իմ էությանն ու զգացմունքներին հակառակ:
Սոֆիի ընկերները
– Ընկերներս տարբեր մասնագիտության տեր մարդիկ են: Վերջերս աշխատանքիս բնույթով պայմանավորված՝ չեմ կարողանում շատ ժամանակ տրամադրել ընկերներիս, բայց դրանից չի պակասում միմյանց հանդեպ մեր ջերմությունը: Ընկերության մեջ կարեւորում եմ ազնվությունն ու անկեղծությունը, նվիրվածությունը, ես էլ այդպիսին եմ: Ընկերությունն ինձ համար մաքրություն ու սրբություն է, որն անկարելի է պղծել: Երբեմն սխալ տեղեկատվության պատճառով տուժում ու քայքայվում է ընկերությունը, բայց ուզում եմ հավատալ, որ իսկական ընկերությունը չի կարող խարխլել ոչ մի պատճառ: Մինչ օրս ես խնդիր չեմ ունեցել ոչ ոքի հետ ու չունեմ, ես իմ քայլերում շատ ազնիվ եմ եւ արդար՝ խղճիս առջեւ:
Սոֆիի սերը
– Եթե նկատի ունենանք սերը դեպի հակառակ սեռը՝ այդպիսին դեռ չկա: Բայց իմ սերն ամենուր է՝ ընտանիքում, ընկերներիս հանդեպ, աշխատանքում:
Սոֆին կամուսնանա…
– Անկեղծ, իր ընտանիքին նվիրված ու հավատարիմ, աշխատասեր ու կատակասեր երիտասարդի հետ: Նրա հետ, ով ըմբռնումով կմոտենա իմ աշխատանքին, կընդունի ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Բայց սա ընդամենն իմ ցանկությունն է, իսկ կյանքում լինում են դեպքեր, երբ սիրահարվում ես այնպիսի մարդու, ով բավական հեռու է գտնվում մինչ այդ քո երազած տղամարդու իդեալից: