Կոբո Աբե (1924-1993)

17/04/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Երբեւէ դուք կկարողանաք հասկանալ առողջության այլանդակությունը: Եթե կենդանիների պատմությունը` էվոլյուցիայի պատմությունն է, ապա մարդու պատմությունը` հետընթաց էվոլյուցիայի պատմությունն է: Կեցցե՛ հրեշը: Հրեշը թույլի մեծն մարմնավորումն է:

Կոբո Աբե, «Գաղտնի տեսակցություն»

Վատանաբեի հետ իր զրույցներից մեկում Կենձաբուրո Օէն ասում էր. «Այնպիսի զգացողություն է, թե ջրհեղեղը մերձենում է հենց կրծքիդ, հենց հոգուդ: Դա մեր ապրած հոգեւոր ճգնաժամի վկայությունն է»:

Ասում են, հանգամանքները ստեղծում են մարդուն, իսկ ո՞վ է ստեղծու մ հանգամանքները:

Կոբո Աբեի «Գաղտնի տեսակցություն» (1978թ.) վեպում մարդը բնավ զրկվում է կենաց տարածությունից, ընկնելով ինչ-որ տարօրինակ կլինիկա, որտեղ չեն բուժում, այլ հետեւում են մարդու ամեն մի քայլին, ամեն մի խոսքին: Ամեն ինչ այդ կլինիկայում սարքավորված է տեխնիկայի վերջին խոսքով, սարքավորված է այնպես, որպեսզի մարդու ոչ մի շարժմունք հսկողությունից դուրս չմնա: Եթե նախկինում հերոսը հայտնվում էր ինչ-որ անհեթեթ իրավիճակներում, ապա այստեղ պահպանվում է օրինակելի կարգուկանոնը, միայն թե ծառայում է այն ինչ-որ տարօրինակ, անբացատրելի նպատակների: Դա օրինականացված աբսուրդի ու համընդհանուր հետապնդման աշխարհն է: Անհեթեթ է ամեն ինչ, հերոսի կնոջ անհետացումից սկսած, ում անսպասելիորեն տանում է «շտապ օգնությունը», հայտնի չէ՝ ինչու եւ ուր: Աբսուրդ է կյանքի ողջ մեխանիկան, ամենքի միմյանց հետապնդումը: Բյուրոկրատիայի ավտոմատիզմը, որի իշխանությունն ու կործանարարությունը սարսուռ են ծնում: Պատահական չէ, որ վեպի սիմվոլներն ընկալվում են որպես ահազանգ:

«Գաղտնի տեսակցությունը»` դառը եւ հեգնական, իմաստը կորցրած ժամանակակից կյանքի այլաբանություն է.

«Ականջ դնելու սուր թունավորման սինդրոմը: Արտաքին աշխարհի հետ կապերի քայքայումը, երբ տեսադաշտը վերածվում է նեղ սյունակի, գլխապտույտ է առաջացնում, որը նման է հիվանդագին ահի ծագմանը բարձունքից»:

Այդպիսի հոդված է հեղինակում կլինիկայի տնօրենի տեղակալի կինը:

Այստեղ անիմաստ է տրամաբանություն փնտրելը: Հակաաշխարհն ապրում է իր տրամաբանության կամ հակատրամաբանության կանոններով. «Ես կցուցադրեմ հետընթաց էվոլյուցիայի վերջնական արդյունքը»` խոստանում է հեղինակը:

Կլինիկան իսկապես կարող է դառնալ իրականություն, կամ աշխարհը կարող է վերածվել կլինիկայի: Մարդը, մուտք գործելով աբսուրդի, անտարբերության, ավտոմատիզմի աշխարհը, նմանվում է նրան, ձուլվելով «գործնական» ռիթմին, մոտեցնում է իր մոտալուտ մահացումը եւ ինքնաքայքայվում, ինչպես այն աղջիկը, ով հերոսին սեր էր ներշնչել, եւ ով կծկվելով եւ հյուծվելով անհետանում է, ախտահարված 20-րդ դարի հիվանդությամբ` «ոսկորների հալոցքով»:

Կոբո Աբեն իր վեպի մասին այսպես է ասում. «Ես ուզում էի ցույց տալ ճանապարհն առ դժոխք: Այնտեղ ընկնելու համար հատուկ հանդերձանք պետք չէ: Հարկ է լոկ ցուցանել մուտքը, այն գտնելն այնքան էլ հեշտ չէ: Իսկ թե ընկար` ճանապարհն այնտեղ ոտնակոխ արված է»: Վեպի գրության տեխնիկան ու մեթոդը ծնում են ժամանակի ու տարածության մեջ թրթռացող, անհետող եւ կրճատվող աշխարհի զգացողությունը:

Կոբո Աբեն հարազատ մնաց իր թեմային, որի արտահայտություններից մեկն էլ իր առաջին վիպակն էր` «Պատը» (1951թ.), որի համար նա Ակուտագավայի մրցանակ ստացավ: Վիպակի հերոս Կարուման հանկարծ կորցնում է դեմքը եւ վերածվում այցեքարտի, եւ այդ տեսքով էլ նա գնում էր աշխատանքի, ավելի ճիշտ, աշխատանքի էր գնում նրա այցեքարտը, բոլորը վարժվում են դրան, եւ նրան մոռանում են: Աշխարհը համատարած պատ է, եւ այն շրջանցելու հնար եւ հույս չկա, եթե ներսում է (թեպետ Էմերսոնն ասում էր, որ ամեն մի պատ դուռ է, բայց այսօր կարելի է եւ հակառակն ասել): Կարումա անունը հիշեցնում է «կարմա» բառը: Այնպես որ, մարդն ինքն է ձեւավորում իր կարման: Մարդը հետայսու էլ կպայմանավորի իր կարման` անձնական, ինչպես նաեւ՝ ազգի եւ մարդկության:

Իր «Այրված քարտեզ» վեպում Կոբո Աբեն գրում էր. «Տարածության մեջ փողոցն անշուշտ գոյություն ուներ, իսկ ժամանակի մեջ ներկայացնում էր դատարկությունը: Որքան սարսափելի է` գոյություն ունենալ եւ միաժամանակ գոյություն չունենալ: Իրականության չորս անիվները պտտվում են երկրի երեսին, եւ իմ մարմինն, անշուշտ, զգում է թրթռոցը… Պետք է փախչել մի այնպիսի վայր, որտեղ երաշխավորված է տարածության ազատությունը: Իսկ այստեղ ես կկորցնեմ ոչ միայն ժամանակը, այլ նաեւ տարածությունը, եւ, իհարկե, կորմնաշարվեմ իրականության պատում»:

Կոբո Աբեի այս եւ մի շարք այլ վեպերը, վիպակները, պիեսներն ու պատմվածքները դուք կարող եք կարդալ 2007 թվականին, Սանկտ Պետերբուրգի «Ամֆորա» հրատարակչության լույս ընծայած չորսհատորյակում:

Կոբո Աբեի «Ներխուժումը», «Մանկասենյակը», «Օտար մահը» պատմվածքները, ինչպես նաեւ «Ստրուկների որսը», «Փայտի վերածված մարդը», «Դու էլ ես մեղավոր» պիեսներն ընթերցելիս կարելի է հիշել Կենձաբուրո Օէի խոսքերը. «Ես լսում եմ հեռվանց մոտեցող Մեծ ջրհեղեղի հնչյունները` գոյության մեջ, մտքերում, երկու սերունդների մարդկանց կյանքում: Նրա ահագնացող աղմուկը համընդհանուր արհավիրքի մոտալուտության վկայությունն է»:

Լեւ Տոլստոյն իր գրառումներից մեկում ասում է. «Կարելի է, ըստ Պասկալի արտահայտության, չմտածել այդ մասին (մարդու անձնական կյանքի), առջեւդ քողեր դնել, որոնք հայացքից կթաքցնեն մահվան այն վիհը, առ որը մենք բոլորս վազում ենք` սակայն արժե մտածել այն մասին, թե ինչ բան է մարդու մենավոր անհատական կյանքը, որպեսզի համոզվես այն բանում, որ ողջ այս կյանքը, եթե այն լոկ անձնական կյանքն է, յուրաքանչյուր առանձին մարդու համար ոչ միայն ոչ մի իմաստ չունի, այլ, որ այն չար ծաղր է մարդու սրտի, բանականության եւ այն ամենի հանդեպ, ինչը լավ է մարդու մեջ»: Հենց այդ մասին է գրում Կոբո Աբեն, ով խոստովանում էր իր ակնածանքը Տոլստոյի հանդեպ, չնայած այն բանին, որ աշխարհայացքով հեռու էր նրանից ու մշտապես խոսում էր Գոգոլի եւ Դոստոեւսկու իր պաշտամունքի մասին, իսկ Գոգոլին համարում էր իր ուսուցիչը: