Հեռահաղորդակցման ձեւերից մեկը՝ հեռագիրը, էլեկտրոնային տեխնոլոգիաների
զարգացման դարում կարծես ետին պլան է մղվել: Թանկ է եւ գլխացավանք է
պահանջում: «Մարդիկ փոխվել են,- ասաց «Հայփոստի» հեռագրերի բաժնի
աշխատակիցը, – բնականաբար, հեռագիր ուղարկողների թիվը կրճատվել է»:
Հիմնականում մարդիկ հեռագրեր են ուղարկում Ռուսաստան: Հեռագրեր ուղարկել
ցանկացողները պետք է իմանան, որ Ռուսաստանը բաժանված է եվրոպական ու
ասիական մասերի: Եվրոպական մաս ուղարկած սովորական հեռագրի ամեն մի բառն
արժե 80 դրամ, ասիական մաս ուղարկածինը՝ 100 դրամ: Շտապ հեռագրի դեպքում
գումարը եռապատկվում է: Եթե հեռագիրը պետք է օվկիանոս կտրի, բառը արժենում
է 280 դրամ: Հայաստանի սահմաններում հեռագրի մեկ բառը գնահատվել է 20
դրամ: «Եթե բառը երկար է, պետք է վճարել երկու բառի համար»,- ասացին
հեռագրավարները: Բառի երկարությունը որոշում են իրենք: Հասցեի բառերն ու
թվերը նույնպես գնահատվում են, սակայն ետադարձ հասցե նշել կամ չնշելը
թողնված է հաճախորդի հայեցողությանը: Մոսկվա շտապ հեռագիր ուղարկող մարդը
վեց բառից բաղկացած մեկ նախադասության համար պետք է մոտավորապես 5000 դրամ
վճարի: Դա մի քանի անգամ ավելի թանկ է, քան հեռախոսազրույցը:
Բովանդակությունը չի հսկվում, քաղաքացիներն ազատ կարող են ցանկացածը գրել,
սակայն աշխատակիցներն ուշադրություն են դարձնում, որպեսզի հայհոյանք եւ
հակապետական բառեր չլինեն: Բառի անպատշաճ երանգը, հակապետական
հնչողությունը դասակարգում է «Հայփոստի» աշխատակիցը: Խորհրդային տարիներին
տեքստերը ոչ միայն վերահսկվում էին, այլեւ՝ գրաքննվում: Կար «անհեթեթ
տեքստ» արտահայտությունը, եւ եթե հեռագիրը հեռագրավարի կարծիքով անմիտ է,
նա չէր ուղարկում: Եվ համոզելու ոչ մի միջոց չէր գործում, նույնիսկ, եթե
վստահեցնեիր, որ հասցեատիրոջ համար տեքստը անհեթեթ չէ: