Գյուղապետի թեկնածուները

13/04/2008

Մարտի 24-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղի գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը հրաժարական էր տվել: Շատերն այդ հրաժարականի մեջ քաղաքական ենթատեքստ են փնտրում` այն կապելով գեներալ Մանվել Գրիգորյանին պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու հետ: Արշալույսը Մ. Գրիգորյանի հայրենի գյուղն է, եւ նրա աջակցությամբ էր, որ Գրիգոր Գրիգորյանը մի քանի անգամ գյուղապետ է ընտրվել: Պաշտոնաթող գյուղապետը, սակայն, հերքել էր իր հրաժարականի քաղաքական դրդապատճառները` պարզաբանելով. «Ես ժամանակ առաջ սրտի բարդ վիրահատություն եմ տարել, չեմ կարողանում ծանրաբեռնված գրաֆիկով աշխատել»: Նա նաեւ վստահեցրել էր, որ շատ լավ հարաբերությունների մեջ է գեներալ Մանվելի հետ, սակայն որեւէ ազգակցական կապ չունի նրա հետ: Գ. Գրիգորյանի հրաժարականից հետո լուրեր տարածվեցին, թե Արշալույսի հաջորդ գյուղապետի պաշտոնում առաջադրվելու է Մ. Գրիգորյանի եղբորորդին` Զարզանդ Գրիգորյանը: Օրերս համառ լուրեր են տարածվում այն մասին, որ Արշալույսում իր թեկնածությունն է առաջադրելու նաեւ գեներալ Մանվելի կինը` Նազիկ Գրիգորյանը: