Նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչով դիմել էր կալանավայրերում գտնվող եւ հացադուլ հայտարարած իր համախոհներին` հորդորելով դադարեցնել հացադուլը: Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչին երեկ հետեւել են տեւական ժամանակ հացադուլի մեջ գտնվող գրեթե բոլոր անձինք, այդ թվում` ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: Երեկվա դրությամբ հացադուլը դեռ չէր դադարեցրել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը (նա դադարեցրել է միայն ջրադուլը): Նշված գործիչները, սակայն, հացադուլը դադարեցրել են ժամանակավորապես. իրենց պահանջները չկատարելու դեպքում նրանք վերսկսելու են հացադուլը: Հիշեցնենք, որ հացադուլ հայտարարած բոլոր քաղբանտարկյալները պահանջում են ազատ արձակել ընտրություններից հետո քաղաքական հայացքների համար ձերբակալված անձանց եւ դադարեցնել քաղաքական հետապնդումները: