«Ավտարիտետ» չէ, բայց պրոֆեսիոնալ է

13/04/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՀՀ նորանշանակ վարչապետ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանն ԱԺ անխտիր բոլոր խումբ-խմբակցությունների ներկայացուցիչների գնահատմամբ` պրոֆեսիոնալ է: Բնականաբար, այդ «միասնական» գնահատականին բոլորը հանգել են նրա` վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո:

Տ.Սարգսյանին պրոֆեսիոնալ է համարում նաեւ ԱԺ միակ ընդդիմադիր՝ «Ժառանգություն» խմբակցությունը, սակայն մեկ վերապահումով. Տ. Սարգսյանն «ավտարիտետ չէ»: Ի տարբերություն նախագահ Սերժ Սարգսյանի, որը, ըստ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի` չնայած չի վայելում հասարակության մեծամասնության բացարձակ համակրանքը, սակայն «ավտարիտետ է»: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի կարծիքով էլ` Տիգրան Սարգսյանը պրոֆեսիոնալ է, խորհրդարանում քննարկված բոլոր հարցերի շուրջ միշտ պատրաստակամ եւ մանրամասն պարզաբանումներ է տվել, հարաբերություններում միշտ բաց ու կառուցողական է եղել, լավն են նաեւ նրա մարդկային որակները: Բայց, ըստ նրա, «հայաստանյան իմաստով ուժեղներից չէ, որ կարողանա համատեղել պատասխանատվությունը, քանի որ նախկին կոալիցիայի փորձը ցույց է տվել, որ կոալիցիոն ուժերը լավագույն դեպքում պատասխանատվություն են ստանձնել սեփական նախարարությունների, այլ ոչ` ամբողջի համար»: Իսկ հարցին, թե ի՞նչ է նշանակում «հայաստանյան իմաստով ուժեղ», նույն խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը պարզաբանեց. «Դե, նա ավտարիտետ չի, ումից վախենում են»: «Այսօր, երբ կուսակցությունները ոչ թե գաղափարական, այլ պայմանավորվածությունների եւ շահերի շուրջ համախմբումներ են, անկուսակցական լինելը որոշիչ հանգամանք չի կարող լինել»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` հաստատելով այն խոսակցությունները, թե` ՀՀԿ-ում հակասություններ են եղել ոչ ՀՀԿ-ական վարչապետի նշանակման հետ կապված, հայտարարեց, որ ՀՀԿ-ն միաձայն կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածուին` հաշվի առնելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների կարծիքը: «ՀՀԿ-ն Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելու Սերժ Սարգսյանի առաջարկին հավանություն է տվել` հաշվի առնելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների կարծիքը: Մենք պրոֆեսիոնալիզմի կողմնակից ենք»,- հայտարարեց Ռաֆիկ Պետրոսյանը: Նա վստահ է, որ Տ. Սարգսյանի վարչապետ դառնալով` Հայաստանը շատ է «շահելու», որովհետեւ միջազգային կազմակերպությունները, որոնցից «մի բյուջեի չափ» ֆինանսական օգնություն ենք ստանում, հավանություն են տվել հենց Տիգրան Սարգսյանի թեկնածությանը: Նա նաեւ վստահ է, որ Տ. Սարգսյանը կկարողանա ղեկավարել կառավարությունը, քանի որ նա «հաջողությամբ» ղեկավարել է բանկային ոլորտը: «Նրա ղեկավարման տարիներին է այն կայացել: Նա պատկերացնում է, թե հանրապետությունում ինչ կարեւոր խնդիրներ կան, եւ ինչ հարցերով պետք է զբաղվի կառավարությունը»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Պարզվում է` Տ. Սարգսյանի հետ լուրջ հույսեր են կապում նաեւ կոալիցիայի մյուս անդամները` ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն: Նաեւ՝ ԲՀԿ-ն, բայց դարձյալ վերապահումով: Նախընտրական շրջանում դոլարի արժեզրկման միջոցով «ժողովրդին թալանելու» մասին խոսող ՕԵԿ-ին, օրինակ, Տ. Սարգսյանի միայն պրոֆեսիոնալ լինելն էլ է բավականացնում, քանի որ նա, ըստ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի` իրականացնելու է կառավարության այն ծրագիրը, որը պետք է մշակվի ոչ միայն նախագահի ծրագրերի, այլեւ կոալիցիոն հուշագիր ստորագրած նախագահի մյուս թեկնածուների ծրագրերի համադրմամբ: Ի տարբերություն «Օրինաց երկրի», կոալիցիոն մյուս գործընկեր «Բարգավաճ Հայաստանը» դեռեւս չի շտապում գնահատականներ տալ։ «Կաշխատենք՝ կտեսնենք»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` նկատելով, որ, ըստ Սահմանադրության` վարչապետ նշանակում է ԱԺ մեծամասնությունը, այսինքն` ՀՀԿ-ն, եւ Տ. Սարգսյանին վարչապետ նշանակելը հենց նրանց որոշման խնդիրն էր, որի հետ ԲՀԿ-ն որեւէ կապ, բացի «աշխատանքայինից», չունի: «Եթե խորհրդարանական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն գտնում է, որ Տ. Սարգսյանը համապատասխանում է վարչապետի պաշտոնին, ապա մենք կաշխատենք այն վարչապետի հետ, որին ներկայացրել է ՀՀԿ-ն: Իսկապես բարդ է լինելու: Կոալիցիան քառակողմ է, եւ այստեղ, բացի պրոֆեսիոնալ որակներից, կարծում եմ, նաեւ մարդկային որակներ են պետք՝ աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար: Կաշխատենք` կտեսնենք»,- ասաց նա:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն էլ նկատեց, որ թեեւ նորանշանակ վարչապետն անկուսակցական է, սակայն խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուն է: «Կարծում եմ, այդ կուսակցության անդամները, երբ միաձայն որոշում են կայացրել, վստահաբար նկատի են ունեցել նրա այլ որակներ: Դա խոսում է Տ. Սարգսյանի օգտին: Մեծ կարծիք ունեմ նրա մասին` թե՛ որպես գործչի, թե՛ որպես տնտեսագետի»,- ասաց նա:

Կոալիցիոն քաղաքական ուժերի ներկայացուցիչները` անդրադառնալով պորտֆելների վերաբաժանման մասին հարցին, երեկ միաձայն պնդեցին, թե այդ մասին դեռեւս որեւէ քննարկում չի եղել: Հարցին, թե ՀՅԴ-ն շարունակո՞ւմ է պնդել ուժային կառույցներից որեւէ մեկի ղեկավարի պորտֆելը ստանալու իր ցանկությունը, Հրայր Կարապետյանը պատասխանեց. «Բնական եմ համարում, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, հատկապես ՀՅԴ-ի նման քաղաքական ուժը, կարող է եւ՛ հավակնել, եւ՛ ստանձնել կարեւորագույն, նաեւ` ուժային լծակներ: ՀՅԴ-ն, բացի ուժային պորտֆելներից, ցանկություն է հայտնել ստանձնել նաեւ ֆինանսական ու տնտեսական ոլորտների պատասխանատվությունը»: Հ. Կարապետյանի ասելով, իրենք դեմ չեն, որ իրենց հասանելիք որոշ պաշտոններ զբաղեցնեն ոչ դաշնակցականներ, հատկապես, որ «ուժայինների դեպքում կա նաեւ օրենքի պահանջ, որ նրանք չեն կարող լինել կուսակցական»: Իսկ «Բարգավաճ Հայաստանը», ինչպես հայտարարեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, կպահպանի իր ունեցած պորտֆելները: Ինչ վերաբերում է հնարավոր նոր պորտֆելներ ստանձնելուն, ապա, ըստ նրա` դրա մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ կլինեն կոնկրետ առաջարկներ: «Այնքան կարեւոր չէ, թե ինչպես կբաժանվի իշխանական տորթը, որքան այն, որ այդ տորթը համով լինի»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավոր Ավետ Ադոնցը: