Նախագահական վերջին ընտրությունների արդյունքները դեռ լիովին «չմարսած» Երեւանի չորս համայնքների բնակիչները արդեն ապրիլի վերջից ընտրական նոր գործընթացների ականատեսը եւ մասնակիցն են լինելու: Մայիսի 18-ին Երեւանի Ավան, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա եւ Դավիթաշեն համայնքներում համայնքի ղեկավարների ընտրություններ են անցկացվելու: Չնայած համայնքի ղեկավարի պաշտոնի հավակնորդների պաշտոնական առաջադրումը դեռեւս չի սկսվել, սակայն այս պահի դրությամբ արդեն իսկ հավաստի տեղեկություններ կան որոշ համայնքներում հնարավոր թեկնածուների վերաբերյալ:
Մեր տեղեկություններով՝ Ավան եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքներում կրկին առաջադրվելու են գործող թաղապետներ Տարոն Մարգարյանը եւ Աղվան Գրիգորյանը: Իսկ Դավիթաշեն համայնքում, որտեղ ամենայն հավանականությամբ այս անգամ ընտրություններին չի մասնակցելու գործող համայնքապետ Սուրեն Ղուկասյանը, առաջադրվելու է նրա ներկայիս տեղակալ Արթուր Գեւորգյանը: