Կանխատեսում էին

13/04/2008

«Մենք կանխատեսում ենք, որ մնացած բոլոր նիստերն էլ նույնատիպ են ընթանալու, քանի որ այն դատավորները, որոնք նշանակվել են հատկապես վերջին շրջանում, բացարձակապես իրենց կամքի դրսեւորումներն են արտահայտելու: Նրանք ընդամենը ձեւական ֆուտլյարի կարգավիճակում են դատարանի դահլիճում»,- «Ա1+»-ի հետ զրույցում երեկ հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի` թիվ 22/18 ընտրատարածքի վստահված անձ Սիմոն Ամիրխանյանի, թիվ 22/21 ընտրատարածքի վստահված անձ Սամվել Կարապետյանի դատապաշտպան Սեդա Սաֆարյանը` ավելացնելով, թե դատավճռի մեջ բացարձակապես որեւէ հիմնավոր «ապացույց չկար», եւ դատարանի հետեւությունները չէին բխում քրեական գործի նյութերից: «Դա նախապես պատրաստում են ու հետո գալիս դատարանի դահլիճ: Ամբողջ այս ընթացքում այդ սցենարը գործել է՝ դատախազն իջնում է դատավորի մոտ, բանակցում են, հետո անցնում են դատարանի նախագահի մոտ եւ վերեւ բարձրանում, որից հետո միայն նիստն ընթանում է: Պաշտոնապես, հաստատապես ասում եմ, որ դա այդպես է»,- հայտարարել է դատապաշտպանը: Ս. Կարապետյանը դատավճռի ընթերցումից հետո հայտարարել է, որ «եթե այստեղ լինեին Գեւորգ Չաուշն ու մնացած մեր մյուս հերոսները, ապա նույն դատավորը նույն ձեւով էլի կվարվեր նրանց հետ»: