Պահանջները չեն փոխվել

13/04/2008

Նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն արտակարգ դրության վերացումից հետո առաջին անգամ հանդես էր եկել հայտարարությամբ, որով կալանավայրերում հացադուլ հայտարարած իր կողմնակիցներին կոչ էր արել դադարեցնել հացադուլը: Հայտարարության մեջ նաեւ ասվում էր. «Ապրիլի 9-ը ոչ թե վերջը, այլ սկիզբն է պայքարի, որի դրսեւորման քաղաքական եղանակներն առաջիկայում հասանելի կլինեն մեր հասարակությանը»: «Պայքարի դրսեւորման քաղաքական եղանակների» վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանի գրասենյակի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը երեկ ասել է. «Առաջին նախագահն ունի հետագա գործողությունների ծրագիր, որի մասին ինքն էլ կտեղեկացնի հանրությանը»: Իսկ որո՞նք են լինելու հետագա քայլերը: Այդ հարցին ի պատասխան, Ա. Մուսինյանն ասել է, որ իրենք կրկին պահանջելու են նոր նախագահական ընտրությունների անցկացում, իսկ պահանջը չբավարարելու դեպքում` «նախագահի հրաժարականին հասնելու ենք քաղաքական ճանապարհով»: Անդրադառնալով «Panorama»-ի` երկխոսության մասին արված կոչերն անպատասխան թողնելու մասին հարցին, Ա. Մուսինյանն ասել է. «Ինչի՞ շուրջ երկխոսել, բոլորը դատարկ, կեղծ ու սուտ խոսքեր են: Եթե կազմակերպվի միջազգային հետաքննություն, եթե քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, մենք պատրաստ ենք երկխոսության»: Մուսինյանը երեկ եւս մեկ անգամ հայտարարել է. «Պատահածի համար մենք մեղավոր չենք, մենք երբեք ժողովրդին արյան չենք մղել»: