Նկատված վրիպակներ

13/04/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

ՀՀ երրորդ նախագահի երդման արարողության սցենարը, ամենայն հավանականությամբ, գրել էին այն նույն մարդիկ, ովքեր կազմակերպել էին Սերժ Սարգսյանի` Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ոչ անհայտ հանրահավաքը: Երկու դեպքում էլ սցենարը մտածված էր այնպես, որ միջոցառումը հնարավորինս շատ անհարմարություններ պատճառի ու նյարդայնացնի ՀՀ քաղաքացիներին:

Հանրահավաքի ժամանակ աշխատավորական կոլեկտիվներին պարտադրված էր զանգվածաբար թողնել աշխատանքը եւ առանց այլեւայլությունների ներկա լինել Հանրապետության հրապարակում: Իսկ պաշտոնամուտի օրն աշխատավորական նույն կոլեկտիվներին հրահանգված էր արդեն փողոցներում առհասարակ չերեւալ. մարդկանց բարկացած, ծանր հայացքները եւ նախագահի երդման արարողության զվարթությունը կազմակերպիչները, թերեւս, անհամատեղելի էին համարել:

Որպես կանոն, նման կարգի միջոցառումները կազմակերպվում են վայրկյանի ճշտությամբ: Սակայն ՀՀ նախագահի երդման արարողությանն ուղիղ եթերով հետեւած թերեւս յուրաքանչյուր հեռուստադիտող զգաց այն վակուումը, այն մեծ պաուզաները, որոնք հաջորդում էին յուրաքանչյուր գործողությանը:

Գուցե մարտի մեկի իրադարձություններն էին պատճառը կամ ջղայնացնող խտությամբ մայրաքաղաքի կենտրոնը շրջափակած զինվորները, սակայն Սերժ Սարգսյանի երդման արարողության ամեն նյուանս շարքային հեռուստադիտողն ընկալում էր ընդգծված սրությամբ: Այլ դեպքում գուցեեւ չնկատվեր այնպիսի մանրուք, որպիսին էր ԱԺ նախագահի`օրվան ոչ այնքան ադեկվատ խանդավառությունը: Այլ առիթով գուցե կարեւորություն չտրվեր ցելոֆանե այն տոպրակին, որը քամու տակ, Սերժ Սարգսյանին հավասար, անցնում էր զգաստ կանգնած զինվորների շարքով, չնկատվեր զինվորական շքերթի ընթացքում կադրում երեւացող փաթաթված ուղեգորգը, որը կազմակերպիչների տնավարության ու փնթիության մասին էր վկայում: Չէր նկատվի նաեւ դիպլոմատ տիպի պայուսակով Օպերայի բակում մոլորված տղամարդը, որի վրա էր հիմնականում իր տեսախցիկը պահում օպերատորը, քանի որ այլ, ավելի հետաքրքիր կադր գտնելն այդ պահին դժվար էր: Այս մանր դետալները հնարավոր էր նկատել միայն մի դեպքում. երբ արարողությանը վերաբերվում ես կանխակալ, նախապես արդեն դժգոհ տրամադրությամբ, կարելի է նույնիսկ ասել` չհասկացվածության պատի միջով:

Թեեւ ապրիլի 9-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակն ու դրան հարող փողոցները մեծ շառավղով փակված էին, փոխարենը բաց էին Բաղրամյան պողոտայի հետիոտնի համար նախատեսված մայթեզրերը: ՀՀ նախագահի նստավայրի բակում մի քանի արարողություն էր նախատեսված` մեքենաների մեջ պետք է տեղադրվեին Վեհամոր ավետարանը, ՀՀ պետական դրոշը, Սահմանադրության մայր օրինակը: Դրանք հատուկ պատիվներով պետք է տեղափոխվեին «դեպքի վայր»: Ավելի ուշ Սերժ Սարգսյանն` իր տիկնոջ հետ պետք է գար նախագահի նստավայր, ուր հետաքրքրասեր քաղաքացին կարող էր սեփական աչքով տեսնել նաեւ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններին, ավելի՛ն, Ռոբերտ Քոչարյանի հեռանալը նստավայրից: Սակայն Բաղրամյան պողոտայում մարդիկ չկային: Այսինքն` հատուկ այդ արարողության ականատեսը լինելու ցանկություն ցուցաբերած քաղաքացիներ չէին գնացել անգամ այն վայրը, որտեղից առանց խոչընդոտի կարելի կլիներ հետեւել թույլատրված տեսարաններին: Դժվար է ասել` գուցե ուղիղ եթերին անհրաժեշտ կադրերը վստահված էին «Հայլուրի» օպերատորի՞ն, որը մոռացել էր, որ նկարահանում է ոչ թե ընդդիմության հանրահավաքը, ուր պետք է ցուցադրել արեւածաղկի սերմ չրթող մի քանի չսափրվածների, այլ մի արարողություն, որը պահանջում է բազմամարդություն: Որ այս դեպքում պետք է ցուցադրել հազարավոր երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի, որոնք միմյանց հրելով շտապում էին ականատեսը լինելու պատմական իրադարձություններին: Ո՛չ: Տեղի էր ունեցել դառը եզրակացությունների հանգեցնող իրադարձություն` մայրաքաղաքի բնակիչները բոյկոտել էին պաշտոնամուտի միջոցառումը: Կադրում երեւում էին պատահական անցորդներ, այսինքն` մարդիկ, ովքեր այդ պահին, երթուղային տաքսիների չաշխատելու պատճառով, ստիպված էին քաղաքի կենտրոն հասնել ոտքով: Եվ պատահաբար, անցնելով նախագահի նստավայրի մոտով, հայտնվել էին կադրում:

ՀՀ նախագահի այն աննախադեպ մեկուսացումը, որ տեղի ունեցավ ապրիլի 9-ին, դժվար է համատեղել Սերժ Սարգսյանի վերջին անկեղծությունների հետ, երբ նա, հետեւելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրինակին, հեռուստատեսությամբ պատասխանում էր ՀՀ քաղաքացիների` ինտերնետով իրեն ուղղված հարցերին: Հայաստանցի ղեկավարի համար տարօրինակ եւ կասկածելի անկեղծությամբ նա նախապես տեղեկացրեց, որ իր համար առավել հաճելի կլինի պատասխանել իր ականջը չշոյող հարցերին: Հնչեցին նման հարցեր: Թեեւ պատասխաններն այնքան էլ անկեղծ չէին, սակայն այս դեպքում առավել հետաքրքիր էր հարցի բարձրաձայնումն` ի լուր ամենքի: Թվում էր, որ նման հեռուստատեսային նախագծից հետո Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին պատրաստ կլիներ լսել նաեւ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված հազարավոր իրեն չընտրած սգացող մարդկանց հարցերը: Ամեն դեպքում, իր պաշտոնական առաջին ելույթում նա ի՛նքը խոստացավ եւ պարտավորվեց լինել նաեւ իրեն չընտրող քաղաքացիների նախագահը: Եվ այդ խոստումը թույլ էր տալիս լավատեսական ենթադրություն անել, որ արարողությունից անմիջապես հետո նա, մի կողմ դրած չհասկացվածության ամեն մի պատ, կշտապի Մյասնիկյանի արձանի մոտ` ծաղիկներ դնելու մարտի մեկին զոհված 8 քաղաքացիների հիշատակին, որոնց նախագահը լինել ինքը, ամեն դեպքում, չկարողացավ, սակայն որոնց մահվան մեղքի իր բաժինն ընդունեց: Անկախ իր հասցեին հնչող լուտանքներից, որոնք անպայման կլինեին, Ս. Սարգսյանը կկարողանար քանդել չհասկացվածության պատի գոնե մի քարը եւ որոշ չափով լիցքաթափել անվստահության մթնոլորտը: Սակայն նա գերադասեց այցելել Եռաբլուր, ծաղիկներ դնել Անդրանիկ Օզանյանի եւ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: Եռաբլուրում ծաղիկներ դնելը եւ գլուխ խոնարհելը մեծ արիություն չպահանջող գործողություն էր. դժվար չէ գնալ մի վայր, ուր համատարած հանգուցյալներ են, եւ որոնք ականջ չշոյող խոսքեր ասելու եւ հարցեր տալու հնարավորություն վաղուց արդեն չունեն:

Թե ինչ քայլեր է նախատեսում Սերժ Սարգսյանը` շահելու հայաստանցիների վստահությունը, առայժմ դժվար է պատկերացնել: Կարելի է արձանագրել մի բան` իր պաշտոնամուտի արարողությամբ սահմանափակելով ժողովրդի ազատ տեղաշարժվելու եւ անգամ սգալու իրավունքը, նա մի քար ավելացրեց իր իսկ բացահայտած չհասկացվածության պատին: