Հասնել Բուրկինա Ֆասոյին

13/04/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Համաշխարհային տնտեսական ֆորում կազմակերպությունը հրապարակել է «2007-2008թթ. Գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների զեկույցը», որի համաձայն՝ աշխարհի 127 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 106-րդ տեղում:

Այս դասակարգումը արվում է` հաշվի առնելով, թե տվյալ երկրում որքանո՞վ են մատչելի, հասանելի եւ կիրառելի ինֆորմացիոն տեխնոլոգիաները` զարգացման ի՞նչ աստիճան ունի ինֆորմացիոն հասարակությունը, բնակչության եւ պետական կառավարման համակարգի ո՞ր մասն է օգտվում ինֆորմացիոն տեխնոլոգիաներից: Նախորդ երկու դասակարգումների Ժամանակ Հայաստանն ավելի առաջատար դիրքերում էր` 86 եւ 96 հորիզոնականներում: Փաստորեն, վերջին 3 տարիներին ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում մեր երկիրը տարեկան 10 հորիզոնականով նահանջել է` իրենից առաջ թողնելով նույնիսկ մեր հարեւաններին: Այս նույն տեմպերով «զարգանալու» դեպքում Հայաստանը հաջորդ տարի հավանաբար կհայտնվի՝ 116, իսկ 2010թ.՝ ամենավերջին`127-րդ «պատվավոր» հորիզոնականներում: Ադրբեջանն այս տարի գտնվում է անհամեմատ լավ վիճակում` 67-րդ հորիզոնականում, իսկ Վրաստանը` 91-րդ տեղում է: Ցանկում նախկին ԽՍՀՄ հանրապետություններից միայն Ղրղզստանն է մեր երկրից ավելի վատ վիճակում: Իսկ Մերձբալթյան հանրապետությունները նույնիսկ եվրոպական զարգացած շատ երկրներից այս ոլորտի ցուցանիշներով ավելի բարվոք վիճակում են: Էստոնիան գտնվում է՝ 20-րդ, Լիտվան` 33-րդ, Լատվիան` 44-րդ տեղերում, Ռուսաստանը զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը: Ցուցակում Հայաստանից ավելի բարձր դիրքերում են գտնվում, այսպես կոչված, «երրորդ աշխարհի» բազմաթիվ պետություններ` օրինակ՝ Բուրկինա Ֆասոն, Մալին, Տանզանիան, եւ այլն: Հիշեցնենք, որ Հայաստանը 2000թ. ինֆորմացիոն տեխնոլոգիաները հայտարարել է որպես տնտեսության գերակա ճյուղ ու փաստորեն սկսել է մեծ թափով «ետ զարգանալ»: Նշենք նաեւ, որ վերջին մի քանի տարիներին մեր գրեթե բոլոր բարձրաստիճան ղեկավարների ելույթները միշտ համեմված են եղել «Հայաստանը ինՖորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջատար» դարձնելու մասին վերամբարձ խոսքերով։

«Ամեն ինչ ասված է, այսինքն` no comment: Սա հերթական ահազանգն է, որ, եթե մենք այսպես շարունակենք, ապա մյուս տարի կհայտնվենք ցանկի վերջում: Պետք է հասկանալ, որ վաղուց արդեն ժամանակն է վերջ տալ զուտ ձեւական հայտարարություններին եւ լրջորեն մտածել այս ոլորտի զարգացման մասին: Մի քանի տարի առաջ մենք գտնվում էինք զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների շարքում, իսկ այսօր հայտնվել ենք թերզարգացած երկրների կողքին: Սա շատ լուրջ մարտահրավեր է, եւ ժամանակն է, որ մեր իշխանությունները կոնկրետ քայլեր անեն: Այս ոլորտն այսօր գտնվում է մի քանի նախարարությունների համակարգման ոլորտում, մինչդեռ անհրաժեշտ է ստեղծել մի կոնկրետ մարմին, որը պատասխանատու կլինի ինֆորմացիոն հասարակության զարգացման համար»,- մեկնաբանելով հրապարակված ցուցակում Հայաստանի զբաղեցրած դիրքը՝ մեզ հետ զրույցում նման գնահատական տվեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ավելացնենք, որ, զեկույցի համաձայն, տեղեկատվական տեխնոլոգիաների ամենազարգացած տնտեսությունն ունի Դանիան: Այդ երկիրը նախորդ տարի էլ առաջին տեղում էր: Երկրորդ եւ երրորդ տեղերում են Շվեդիան եւ Շվեյցարիան: Առաջին տասնյակում են ԱՄՆ-ը, Սինգապուրը, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Իսլանդիան, Հարավային Կորեան եւ Նորվեգիան: Նշենք նաեւ, որ Համաշխարհային տնտեսական ֆորումը երկրներին գնահատել է հաշվի առնելով մոտ 70 չափորոշիչներ: Ֆորումը կարեւոր է համարել տվյալ երկրի ֆինանսավարկային շուկան, հարկային օրենսդրությունը, խոսքի ազատությունը, օրենքի գերակայությունը, հեռախոսային ցանցի առկայությունը, կրթության ու գիտության մակարդակը, տեղեկատվության փոխանակման սակագները, գիտություն-արտադրություն կապը, տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները եւ շատ այլ չափորոշիչներ: