Բյուրեղավանը հիմնադրվել է 1945 թվականին: Այս ավանի հիմնադրման
պատմությունը կապվում է երբեմնի արդյունաբերական հսկայի համբավ ունեցող
«Հայբյուրեղապակի» գործարանի հետ: Մինչեւ 1994 թվականն այս բնակավայրն
ունեցել է ավանի կարգավիճակ: 1994 թվականի հունիսից Բյուրեղավանը քաղաքի
կարգավիճակով է հանդես գալիս:
Քաղաքապետ Շավարշ Սեդրակյանը բնակավայրում 10.000 մարդ է հաշվել,
բյուրեղավանցիները կասկածում են՝ «Շենքի ամեն մի «պադեզդում» 10-12
բնակարան կա, որից միայն 3-4-ում է մարդ ապրում, մնացածը արտագաղթել են»:
Խորհրդային տարիներին Բյուրեղավանում 27 խոշոր եւ մանր գործարաններ ու
արտադրամասեր են գործել: «Նախկինում այդ գործարանները շուրջ 7000
աշխատատեղ են ապահովել»,- հիշում է քաղաքապետը: Գործարանները
սեփականաշնորհումից հետո անգործության են մատնվել: Այսօր մասնակիորեն
գործող «Հայմարմարգրանիտ», «Հայբյուրեղապակի», Երկաթբետոնե
կառուցվածքների, «Արզնի» հանքային ջրի, «Նուռնուս» քարերի մշակման
գործարաններն ապահովում են ոչ ավել, քան 1000 աշխատատեղ:
Բյուրեղավանցիներն այս թվի հետ կապված էլ կասկածներ ունեն:
Այնուամենայնիվ, քաղաքի բնակչության կենսակերպի վրա այդ աշխատատեղերն
առանձնապես ազդեցություն չունեն: «Այսօր այդ գործարաններում աշխատելն էլ
ձեռնտու չի,- պատմում են բյուրեղավանցիները,- որովհետեւ գործարանատերերը
հիմնականում խաբում են ժողովրդին. հերիք չէ՝ աշխատավարձերը ցածր են, դա էլ
չեն տալիս, սովորաբար գործարանի արտադրանքն են տալիս աշխատավարձի փոխարեն,
ասում են՝ էս ա, իրացրեք, փող սարքեք, բայց եթե իրենք չեն կարողանում էդ
ապրանքը վաճառել, հասարակ բանվորը ո՞նց պիտի կարողանա»: Բյուրեղավանցիների
հույսը արտերկիր մեկնած հարազատներն են. «Մի երկու կոպեկ փող են
ուղարկում, բայց դրանից էլ արդեն բան չենք հասկանում՝ էդ էլ Կենտրոնական
բանկի Տիգրան Սարգսյանն ա մտնում մեր աղքատ գրպաններից հանում»: Արդեն
երկու ամիս կենսաթոշակառուներին չեն վճարել: «Ասում են՝ էդ Արագածի շուրջը
պարելու համար փողեր են պետք, դրա համար են ուշացնում»,- ասում են
թոշակառուները: Բյուրեղավանցի Ալբերտ Հարությունյանը դարդից
բանաստեղծություններ է գրում՝
«Հազար տարի սպասեցինք այս օրվան,
Աստված գթաց, արժան արեց մեզ նրան,
Նրանք եկան ու երկիրս դարձավ ազատ,
Այնքան ազատ՝ անհարազատ…
Ազատեցեք ինձ ձեր ազատ Հայաստանից,
Նա ինձ զրկեց իմ սիրասուն զավակներից՝
թափառում են վտարանդի աշխարհով մեկ նվաստացած.
Ո՞ւմ համար ենք ազատել այս քարաստանը բռնադատված:
…Օրը կգա, չի ուշանա՝
Այս աշխարհը ո՞ւմ մնաց, որ մեզ մնա,
Ո՞վ կմնա ձիու թամբին, եւ ո՞վ՝ այդ նույն ձիու տակին։
Սրանք ինչքան դեռ կմնան մեր ուսերին, ո՞վ իմանա,
բայց որ երկար չեն դիմանա՝ ափսոսելու ոչինչ չկա,
Որովհետեւ եթե անգամ ուսերիս կան,
սրտերումս՝ ոչ մի վայրկյան…»:
Ալբերտի բանաստեղծությունը «ԱԼՄ» հեռուստաընկերության նախագահ Տիգրան
Կարապետյանը խոստացել է հնչեցնել իր եթերում: «Ասացի՝ պրոբլեմներ
կունենաք,- պատմում է հեղինակը,- ասաց՝ չենք ունենա, բայց վերջին պահին
հրաժարվեցին, ասին՝ շատ սուր ա, հիմա դուք կարա՞ք սա տպեք, որ ես հավատամ`
դուք էլ նրանց նման չեք»: Բյուրեղավանցի պոետը ժողովրդից էլ է շատ
վիրավորված. «Մեր պետական իշխանավորները անամոթ են, իսկ ժողովուրդը հիմար
է, որ հանդուրժում է սրանց, մենք ժողովուրդ չենք, մենք թափթփուկ ենք,
վերջացած մարդիկ ենք, որ սրանց ձայն ենք տալիս»: Ալբերտը դեռ խորհրդային
տարիներից տնամերձ հողամաս է ունեցել. «Բայց չեմ իմացել որ սեփականացնելու
մոմենտ կա,- պատմում է Ալբերտը,- հիմա եկել ասում են՝ պիտի փող տաս՝
սեփականացնես, կոմունիստների վախտով արվածը հաշիվ չի, ու էնքան էլ փող են
ուզում՝ էդ հողից թանկ»: Ընդհանրապես Բյուրեղավանում շատերն էին բողոքում,
որ ապօրինի շինությունների օրինականացման անվան տակ թալան է գնում: Ալբերտ
Հարությունյանն ապակեգործ է: Բյուրեղապակու գործարանում է աշխատել: Արդեն
երկու ամիս է՝ գործազուրկ է. «Էդ մաֆիոզների հետ հնարավոր չէ աշխատել»:
«Մաֆիոզներին» ոչ տեսել են, ոչ ճանաչում են, նույնիսկ անունները չգիտեն,
լավագույն դեպքում ասում են՝ «Բրիգադիրիս անունը ասե՞մ»: Շատերն էին
բողոքում, որ «էդ մաֆիոզները ոնց ուզում աշխատացնում ու չեն վճարում,
ասում են՝ չես ուզում՝ մի աշխատի, իսկ բողոքելու տեղ չկա, ո՞ւմ բողոքես,
ոնց որ էն կինոյի մեջ են ասում՝ բրիգադիրից՝ մինչեւ նախագահ Սիսակ՝ սաղ
նույնն են»:
Քաղաքն ընդհանրապես հաճելի տպավորություն էր թողնում այն առումով, որ շատ
մաքուր էր: Բնակիչներն ասում են՝ «Քաղաքապետը քաղաքը մաքուր ա պահում, բա
էդ էլ չանի՞»: Ընդհանրապես քաղաքապետի մասին ասում էին՝ «Վատ տղա չի, ոչ
մեկին չի նեղացնում, եթե անգամ մի հարցով դիմում ես ու չի անում,
միեւնույն է, «չէ» չի ասում, ասում է՝ կաշխատեմ օգնել, քաղցր լեզու
ունի…»: Բայց, վերջին հաշվով, «սաղ նույնն են՝ բրիգադիրից՝ մինչեւ
նախագահ Սիսակ»: