Սիրում է ազատությունն ու տատիկին

13/04/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեք տարեկան Արմենն անհավատալի ճկուն մտածելակերպ ունի: Աչքերը կկոցած, լուռ լսում է հարցերս ու առանց վարանելու պատասխաններ է հորինում, որոնք հատուկ չեն երեք տարեկան երեխային:

Ասում եմ` «Ուզում եմ քեզ նկարեմ, գլուխդ բարձրացրու, որ աչքերդ տեսնեմ»: Անտարբեր հայացքով պատասխանում է` «Ես ազատություն եմ սիրում ու չեմ սիրում, որ ինձ ասում են՝ էսպես նայի, էնպես նայի: Նայում եմ նենց, ոնց որ ուզում եմ»: Արմենն իր ծնողների անչափահաս չորս երեխաներից ամենափոքրն ու ամենայուրօրինակն է: Ասում է, որ կարող է դերասանություն անել` ուրախ, տխուր, հուզված, խեղկատակություններ անող մարդկանց պես խաղալ: Հոնքերին տրամադրություններ արտահայտող երանգ տալով` սկսում է ներկայացնել արտիստական իր ունակությունները: Այս փոքրիկ տղայի լուրջ դեմքով արտահայտած դերերից քույրերն ու եղբայրը սկսում են քրքջալ: Հարցնում եմ` «Կարո՞ղ է հանկարծ դերասան դառնաս»: Գլուխն օրորելով պատասխանում է` «Չէ՛, ես դերասան չեմ դառնա: Ես Կարմիր խաչի աշխատող եմ դառնալու»: Հարցնում եմ` «Ո՞ր Կարմիր խաչի»: Ասում է` «Էն, որ ավտոների վրա կարմիր խաչեր են, ու էդ ավտոների մեջի մարդիկ ուրիշներին հասնում են օգնության: Ես էլ կդառնամ Կարմիր խաչի աշխատող ու բոլորին կհասնեմ օգնության»: Բնության եւ կյանքի օրենքները դեռեւս չյուրացրած այս փոքրիկը որոշել է ամուսնանալ տատիկի հետ, որովհետեւ` «Դե՛, ես տատիկիս առաջարկություն եմ արել, ասել եմ` մեծանամ, քո հետ եմ ամուսնանալու: Ինձ ասում են, որ մարդիկ ամուսնանում են իրանց ամենասիրած մարդու հետ, իսկ ես ամենաշատը սիրում եմ տատիկիս: Հետո ամենաշատը պեչենի եմ սիրում, մեկ էլ կենդանիներ: Ես ուզում եմ մեծանամ ու լիքը կենդանիներ բերեմ պահեմ: Սիրում եմ կենդանի»: Արմենի տատիկը` տիկին Աղավնին, ասում է, որ չորս անչափահաս երեխայի խնամքը հաճախ իրենց կյանքը մղձավանջի են վերածում: Երեք դպրոցական երեխաները դպրոց հաճախելիս հագնում են ինչ պատահի, իսկ ինը տարեկան Աշոտն առողջական խնդիրների պատճառով հաճախ դասերից բացակայում է: Ապրում են Աէրացիայի թիվ 7 4-րդ կարգի վթարային հանրակացարանում: Սենյակի անտանելի խոնավությունից Աշոտի մոտ բրոնխիալ ասթմա հիվանդություն է առաջացել: Տիկին Աղավնին ասում է` «Թոռնիկներս շատ լավ երեխեք են: Ճիշտն ասած` տղաս ու հարսս շատ երեխա սիրող են: Եթե պայմաններն էսքան ծայրահեղ չլինեին` հավատացե՛ք, որ նորից երեխա կունենային ու սիրով կպահեինք, բայց…»: Բայց երեխաների հայրը գործազուրկ է, որովհետեւ աշխատում է միայն այն ժամանակ, երբ մի բարեգութ գործատու համաձայնում է հիվանդ մարդուն ընդունել բանվորություն անելու: «Սրտի հիվանդ ա տղաս: Գնաց իբր ստուգվելու, բայց էնքան փող ուզեցին, որ նորմալ չհետազոտվեց: Անընդհատ սպազմաներ ա ունենում, վատանում ա: Բանվորություն անելն էլ ստաբիլ աշխատանք չի, էսօր կա, վաղը` չկա»,- ասում է տիկին Աղավնին` ավելացնելով, որ տանը հիմնական աշխատող չունեն: Պետությունն այս ընտանիքին տրամադրում է 30.000 դրամ ընտանեկան նպաստ, բացի այդ, տիկին Աղավնին ստանում է 8000 դրամ կենսաթոշակ: Երկար տարիներ «Հայէլեկտրո» գործարանում աշխատած տարեց կինը շատերի պես կարծում է, որ աշխատասեր մարդն այսօր դատապարտված է անգործության, քանի որ անգամ բանվորություն անելը հիմնական աշխատանք չի համարվում: «Շինարարության վրա մի օր աշխատես` կարող է ասեն` վաղն էլ գործ չկա, մի արի: Մեր հսկայական գործարանները, որտեղ հազարավոր մարդիկ իրանց իսկապես մարդ էին զգում, գիտեին, որ վաղը գնալու են աշխատանքի, որ վաղն իրանց չեն ասելու՝ գործի մի արի, ո՞նց չեզոքացան: Ախր էս ի՞նչ բարքեր են, որ մարդն իր վաղվա օրը չգիտի…»,- ասում է տիկին Աղավնին` հավելելով, որ նախկինում հայկական գերդաստանը համարվում էր իսկական արժեք, իսկ մեր օրերում բազմանդամ ընտանիքները սոված են մնում: Չորս տղաների մայր այս կինը ներկայումս չորս թոռնիկներին կերակրելու համար հաճախ ստիպված է լինում խանութներից պարտքով սննդամթերք վերցնել: «Ներկա դրությամբ հացի փող չունենք, որ հաց առնենք: «Փարոսի» տված ալյուրով օրական հաց եմ թխում, որ սովամահ չլինեն: Երեխա պահելը հիմա ռիսկի բան ա, որովհետեւ մարդն ունենալուց առաջ գցում-բռնում ա` տակից դուրս կգա՞, թե՞ չէ: Բայց տենց մտածելով էլ մեր ազգն ինչի՞ կհասնի: Ստեղից-էնտեղից հայթայթելով երեխա չես պահի: Էս սենյակների պատերը լրիվ ջուր են, ո՞նց պաշտպանես երեխեքին, ի՞նչ գարանտիա ունես, որ երեխեքի առողջությունը կպահպանվի: Հեն ա, Աշոտիս բրոնխները շարքից դուրս եկան: Խեղդվում էր»,- ասում է տիկին Աղավնին` նշելով, որ ժամանակ առ ժամանակ արյան ճնշումը բարձրանում է, բայց վախենում է գնալ բժշկի: Ասում եմ` «Բայց հիմա պոլիկլինիկաներում անվճար ծառայություն է, ինչի՞ց եք վախենում»: Պատասխանում է` «Անունն ա անվճար, բայց բոլորս էլ գիտենք՝ բժշկի մոտ գնալը փողով ա: Էլ չեմ ասում, որ դեղեր են նշանակում, որի գինը թոշակից բարձր ա: Չէ՛, ես վախենում եմ էդ բժշկի գնալուց»:

Տասը տարեկան Աղավնին եւ Լուսինեն երկվորյակներ են: Աղավնին ասում է` «Լուսինեն ինձնից 5 րոպեով մեծ ա»: Ամենափոքրը` Արմենը, իսկական բարեբախտություն է համարում այն հանգամանքը, որ վերջերս սկսել է քույրերին իրարից զատել: Արմենն ինձ հրաժեշտ տալուց ասում է` «Կտեսնե՛ս, դու իմ ասածի վրա ծիծաղում ես, բայց ես Կարմիր խաչում գործ կունենամ ու մարդկանց կօգնեմ»: