Սթափեցնում են եւ զգուշացնում

13/04/2008

Երեկ Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիկներ հանդես են եկել հայտարարությամբ, որով իրենց բողոքն են արտահայտում հետընտրական շրջանում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների ձերբակալության կապակցությամբ: Շիրակի մարզից այժմ անազատության մեջ են գտնվում ազատամարտի հրամանատարներ Աշոտ Զաքարյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ ազատամարտիկներ Հարություն Ուռուտյանն ու Գեւորգ Ղազարյանը: «Այս բողոքի հայտարարությամբ մենք արտահայտում ենք մեր խորը հիասթափությունն ու ափսոսանքը, որ ազատամարտիկները իրենց իսկ արյան գնով ստեղծած եւ պահպանած հայրենիքում ենթարկվում են բազմաբնույթ ճնշումների, ապա հայտնվում բանտերում` քաղաքական բանտարկյալների կարգավիճակով: … Սույն հայտարարությամբ սթափվելու եւ խոհեմության կոչ ենք անում ՀՀ իշխանություններին` փոխել ազատամարտիկների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը եւ ազատ արձակել մեր մարտական ընկերներին: Բոլոր օրինական ճանապարհներով պայքարելու ենք ՀՀ-ում իրենց քաղաքական հայացքների համար բանտարկված ազատամարտիկների ազատության համար: Վստահ ենք, որ հազարավոր ազատամարտիկներ կիսում են մեր մտահոգությունը եւ աներեր պայքարելու են արդարության հաղթանակի համար: Միաժամանակ պարտավոր ենք զգուշացնել, որ ազատամարտիկների քաղաքական հալածանքների շարունակականությունը, մեր եւ հանրության հորդորների նկատմամբ արհամարհանքը առավել են սրում երկրում ստեղծված իրադրությունը: Քաղաքական հայացքների համար ազատամարտիկների նկատմամբ տարվող աննահանջ հալածանքի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա»,- ասված է հայտարարության մեջ: